«Նախ ես կարծում եմ, որ վարչապետը դժգոհություն չի հայտնել, դա ոչ թե դժգոհություն էր, այլ` անհանգստություն պետական ծրագրի իրականացման վերաբերյալ: Երկրորդ, ես հայտարարում եմ, որ ես լավագույն թեկնածուն եմ այդ ծրագրերի իրականացման համար, որովհետեւ դրանց անմիջական հեղինակը եւ գաղափարը ստեղծողը ես եմ»,-պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե ինչումն եք թերացել, որ վարչապետն այսօր կառավարության նիստում դժգոհություն է հայտնել ձեր աշխատանքից, ասաց «Սեւան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլոյանը:
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադառնալով Սեւանա լճի եւ հարակից տարածքների խնդիրների լուծմանը, խոսել է նաեւ «Սեւան» ազգային պարկից` տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին հանձնարարելով ներկայացնել «Սեւան» ազգային պարկում տնտեսական գործունեության վերաբերյալ հատուկ առաջարկություններ, «Սեւան» ազգային պարկի տարածքում զբոսաշրջային զարգացման հատուկ ծրագիր:
Ապա պարոն Կարապետյանն անդրադառնալով «Սեւան» ազգային պարկի ղեկավարի աշխատանքին, դիմելով բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, ասել է. «Ես չգիտեմ էդ մարդը ով ա, մի հատ գնահատում եք` ինքը էդ բեռը քաշո՞ւմ ա, թե՞ չէ, եթե՝ չէ, ուրեմն նորմալ առաջարկություն եք տալիս նոր նորմալ տնօրենի վերաբերյալ»:
Վահե Գուլոյանն ասաց, որ ծրագիրն իր ներկայացրածն է եւ այն 30 տարվա զարգացման ծրագիր է եւ վարչապետի կողմից հայտարարված բոլոր կետերը կետերը կետ առ կետ ներառված են այդ ծրագրում. «Ծրագրի կազմման գործընթացի ղեկավարը անմիջապես եղել եմ ես: Եվ ծրագրի կազմմանը մասնակցել են ե’ւ Հայաստանից ե’ւ դրսից` Ռուսաստանի Դաշնությունից, Եվրոպայից, ԱՄՆ-ից: Վստահեցնում եմ, որ այսօրվա դրությամբ հորիզոնում երեւացող բոլոր լուրջ դեմքերն ինչ-որ ձեւով առնչություն են ունեցել այս գործում: Դրսի մասնագետների, գիտնականների եւ ընդհանարապես այն կազմակերպությունների, որոնք զբաղվում են գիտական հետազոտություններով եւ առաջադեմ ծրագրերի մշակմամբ, իմ կապը, համագործակցությունը նրանց հետ շատ սերտ է»:
Կարդացեք նաև
Մեր այն հարցին, այսինքն` համոզված եք, որ ամեն ինչի տակից կարող եք դուրս գալ եւ կարիք չի՞ լինի տնօրենի պաշտոնի համար այլ թեկնածու փնտրելու, ինչպես որ վարչապետն է ասում, պարոն Գուլոյանն ասաց, որ այդ ծրագրերը անհապաղ պիտի իրականացվեն, եւ այդ կարգավիճակը պետք է անհապաղ տրվի «Սեւան» ազգային պարկին. «Ես հավաստիացնում եմ, որ դրանք պսակվելու են հաջողությամբ, քանի որ ես բավականին երկար եւ մանրակրկիտ եմ ուսումնասիրել այդ ոլորտը եւ ինչպես այն սպասելիքները, ժամանակը, որը որ ակնկալում է ղեկավարությունը, դրանից շուտ կստացվի դա ինձ մոտ»:
Մեր այն հարցին, թե այդ ամենի համար ներդրումներ են պետք, կա՞ն այդ գումարները, կառավարությունը պատրաստակա՞մ է տրամադրել, պարոն Գուլոյանը պատասխանեց. «Ես կառավարությունից գումար չեմ ուզում, կառավարությունից խնդրել եմ թույլտվություններ, որպեսզի այդ գաղափարները մտցվեն պետական քաղաքականության մեջ: Գումարները բերելու, հայթայթելու, այդ գումարները ներդնելու եւ այդ գումարների աղբյուրները վկայակոչելու խնդիրը դա իմ խնդիրն է»:
Մեր զրուցակիցը նաեւ ասաց, որ իրենք «բաց եւ թափանցիկ» են լրատվամիջոցների, հասարակության համար, բացի այդ անձամբ է զբաղվում այդ ծրագրերի բոլոր դետալներով. «Նույնիսկ տեքստի շարահյուսությամբ, ոճաբանությամբ, դա իմ ստեղծածն է եւ մանրամասն նշված են բոլոր այն աղբյուրները որտեղից գոյանալու են այդ գումարները: Կառավարությունից ընդհանրապես գումար չենք ուզում»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ