Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ն քաղաքական դաշտում հանդես է գալիս իր քաշային կատեգորիայում, որտեղ մրցակիցներ գրեթե չկան». Կարեն Ավագյան

Մարտ 23,2017 17:18

Քարոզարշավի ընթացքի, բախումների, ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների միջև գրանցված միջադեպերի վերաբերյալ Aravot.am-ը զրուցեց ՀՀԿ համամասնական ցուցակի 10-րդ հորիզոնականը զբաղեցնող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի հետ:

-Խորհրդարանական ընտրություններին մնացել է 10 օր։ Ի՞նչ քաղաքական, տնտեսական, վստահության կապիտալով է ընտրություններին մասնակցում Հանրապետական կուսակցությունը։

-Հանրապետական կուսակցությունը տարիներ շարունակ հանրությանն է ներկայացել և՜ իր կատարած աշխատանքներով, և՜ այն խնդիրներով, որոնք կան։ Հանրապետականը հանրությանն է ներկայացել կուռ կուսակցությամբ և ոչ թե անհատներով։ Եվ այս ընտրություններն էլ բացառություն չեն։ ՀՀԿ-ն ներկայանում է իրատեսական ծրագրերով։ Հանրապետական կուսակցությունը տարիների ընթացքում ապացուցել է հետևողականությունն իր ծրագրային դրույթներին, երբեք չի շեղվել։ Այս ընթացքում շատ բան է փոխվել, բայց սկզբունքը չի փոխվել. Հանրապետականի խոսքը իրատեսական է, ծրագրերը՝ իրականանալի, մոտ ժամանակներում՝ շոշափելի։

Մեր հանրությունը կարողանում է տարանջատել թացը չորից, իսկականը՝ արհեստականից, չինականը՝ բրենդից։ Հանրապետականն իրականում բրենդ է, կուսակցական բրենդ մեր նորանկախ երկրում։ ՀՀԿ-ն իր 25-ամյա պատմության ընթացքում ապացուցել է, որ կարևորը ոչ թե կուսակցության, այլ երկրի շահն է։ Եվ ամենամեծ կապիտալն այն է, որ հանրությունն իր անվտանգությունը կապում է բացառապես մեր քաղաքական ուժի հետ։ Ի դեպ, սրանք իմ խոսքերը չեն, այլ մասնագիտական հարցումների արդյունքների արձանագրում։ Սա խոսուն փաստ է։ Եվ սա ամենամեծ կապիտալն է, որ քաղաքական ուժը կարող է ձեռք բերել իր գործունեության ընթացքում։

-Քարոզարշավի` Ձեր գնահատականները։ Կարծես թե այնքան էլ հարթ չի անցնում։ Կարծես թե բախումներ կան մրցակից քաղաքական ուժերի միջև։

-Ընտրարշավի ընթացքը մեզ համար որևէ անակնկալով աչքի չի ընկել։ Ի սկզբանե պարզ էր, որ Հանրապետականը թիրախ է դառնալու։ Յուրաքանչյուրը փորձում է ինքնահաստատվել Հանրապետականի հաշվին, մեր դեմ ինչ-որ բան ասելով՝ իր կշիռը բարձրացնել։ Սա մեզ համար սովորական բան է, նման դրսևորումների նկատմամբ արդեն իմունիտետ ունենք, մենք դրան պատրաստ ենք մեր ծրագրերով, արված գործերով։

Հայաստանի հանրապետական կուսակցությունը քաղաքական դաշտում հանդես է գալիս իր քաշային կատեգորիայում, որտեղ մրցակիցներ գրեթե չկան։ Սահմանադրական փոփոխությունների նպատակներից էր մեծացնել կուսակցությունների դերը, նրանց համար վերապահել գործունեության լայն դաշտ։

Թե որքանով են այլ քաղաքական ուժերը կարողանում իրենց հաստատուն տեղը գրավել այդ հարթակում, թողնում եմ ձեր ենթադրությանը։ Միայն նկատեմ, որ մեր այսօրվա ամբողջ քաղաքական ներկապնակը իր ձայները փորձում է հավաքել ոչ թե սեփական ծրագրերով, գաղափարախոսությամբ, առաջարկներով, այլ բացառապես խոստումներով և ՀՀԿ-ին դեմ գնահատականներ հնչեցնելով։

Ի դեպ, ընտրարշավում բախումներ ամենաքիչը Հանրապետական կուսակցությանն են պետք։ Այս ընթացքում բազմիցս հայտարարել ենք, որ ցանկացած բռնություն, բախում պետք է պատժվի օրենքի խստությամբ։ Եվ մենք հետևողական ենք լինելու այդ հարցում։ Բախումները ձեռնտու են այն ուժերին, որոնք արհեստական լարվածություն են ցանկանում։ Դրանք հիմնականում այն քաղաքական ուժերն են, որոնք մեծ երազանքներով են մտել քաղաքական գործընթացների մեջ, սակայն ընթացքում փորձում են իրենց ձախողումները սրբագրել լարվածություն ներմուծելով, ինչը անթույլատրելի է։ Ընտրական գործընթացներում պետք է լինի առողջ բանավեճ, առողջ մրցակցություն։ Քաղաքական դաշտի կայունությունը երկրի զարգացման ամենակարևոր նախադրյալներից է։

-Լարված պայքար է ընթանում նաև ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների միջև։

-Նման պատմությունները շատ դեպքերում մտացածին են։ Մենք խնդիր չունենք ռեյտինգային թեկնածուների հետ կապված։ Ընտրական ամբողջ գործընթացները համամասնական ընտրակարգով են։ Եվ ռեյտինգային թեկնածուները պայքարում են կուսակցությանն ավելի ձայն բերելու համար։

-Դուք՝ ՀՀԿ-ականներդ, ընտրողներին կոչ եք անում ձայնը տալ ՀՀԿ-ին։ Կարո՞ղ եք ինձ համոզել՝ ինչո՞ւ ես մի ձայնը պետք է տամ ձեր կուսակցությանը։

-Ընտրողները կարող են իրենց ձայնը տալ ցանկացած ուժի, բայց եթե մի պահ լուրջ մտածեն, որ իրականում իրենք ընտրում են, թե ովքեր պետք է իրենց անվտանգությունը ապահովեն գալիք 5 տարիների ընթացքում և անվտանգ երկրում առաջընթաց ապահովեն, ապա լուրջ մտորելուց, լրջության աստիճանը ընկալելուց երևի թե այլընտրանք չի էլ մնում Հանրապետականին։ Ով պատկերացնում է, թե ինչ երկար ժամանակահատված է 5 տարին, թե ինչեր կարող են լինել մեր շրջապատում, նա դժվար թե երկմտի։ Ով հասկանում է ռեալ վտանգը, սթափ է գնահատում ողջ իրականությունը, նա չի կասկածելու ընտրություն կատարելուց։ Վստահ եմ։

Մարիամ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur says:

    Դե բավական է էլի… Ինչքան կարելի է ճոռոմ-ճոռոմ խոսել: Բոլորն էլ լավ ճանաչում են ձեր ՀՀԿ-ին: Ով էք դուք, ինչ էք արել բացի երկիրը թալանելուց: Հիմա էլ . «մենք մրցակից չունենք»: Յուրաքանչուր ազնիվ հայ ձեր մրցակիցն է ու ձեր ապագա դատավորը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031