Լրահոս
Օրվա լրահոսը

Շենքից կարտոֆիլ են նետել «Ելքի» թեկնածուի՝ Մանե Թանդիլյանի վրա

Մարտ 23,2017 17:12

Այսօր «Հայացք» ակումբում քննարկվեց, թե ինչքանո՞վ է դատապարտելի Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը, որ Սյունիքի մարզպետի ականջները կկտրեմ: Մենք բանախոսներից՝ ՀՎԿ թեկնածու Մարինե Քոչարյանից եւ «Ելք» դաշինքի անդամ Մանե Թանդիլյանից հետաքրքրվեցինք՝ երբեւէ իրենց մոտ ցանկություն չի՞ առաջացել ականջ կտրել կամ աչք հանել:

Մանե Թանդիլյանը նախ պատմեց, որ երբ քարոզչություն է իրականացրել թիվ 1 ընտրատարածքում, որտեղ ինքը ռեյտինգային թեկնածու է, շենքերից մեկից կարտոֆիլ են նետել իր վրա. «Պատկերացնո՞ւմ եք, երբ որ ես մեգաֆոնով խոսում եմ, իմ վրա կարտոֆիլ են նետում, ինչ ցանկություն կարող է առաջանալ: Բայց քաղաքական գործչի կերպարը, որը ես պատրաստվում եմ բերել, ես համարում եմ, որ քաղաքակիրթ եղանակով կարելի է միայն պատասխանել վայրենի եւ բարբարոս վերաբերմունքին, եւ դա է հենց այն սկզբունքը եւ համոզմունքը, որով ես գալիս եմ քաղաքական դաշտ: Ինձ շատ բաներ են անհանգստացնում մեր երկրում եւ նմանատիպ կեցվածքը, վարքն ու բարքը դրանցից մեկն է»:

Մարինե Քոչարյանն ասաց, որ համաձայն է՝ քաղաքական գործիչը պետք է լինի ավելի զսպված:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Սամվել Բաբայանի ձերբակալության լուրն ինչպես կմեկնաբանեն՝ «Իգլա» հրթիռը ապօրինի ներկրելու մեղադրանքը տեղի՞ն է, թե՞ կազմակերպված է: Մանե Թանդիլյանը պատասխանեց, որ այս պահին վաղաժամ է խոսել, ուստի չպետք է շտապել որեւէ եզրակացություն անել:

Մարինե Քոչարյանն էլ ասաց. «Ես Իգլայի պատմության մասին չունեմ դիրքորոշում: Մեր կուսակցությունը կարտահայտի իր դիրքորոշումը»: Մենք ճշտեցինք՝ համենայնդեպս, դուք նման զենք, զենիթա-հրթիռային համակարգ չե՞ք ներկրել՝ Մարինե Քոչարյանը պատասխանեց. «Չեմ ներկրել, չեմ տեսել, երբեք չեմ էլ լսել, բանակում չեմ ծառայել»:

Ավելի ուշ մենք Մանե Թանդիլյանից ճշտեցինք՝ իր վրա կարտոֆիլ նետելու տեսագրություն կա՞, պատրաստվո՞ւմ է դիմել իրավապահ մարմիններին: Նա նախ ասաց, որ դեպքը եղել է «Մասիվում» եւ նետել են շատ բարձր հարկից. «Հնարավոր չէր հետեւից գնալ, որովհետեւ ժամանակը շատ կարճ էր, եթե դադարեցնեինք քարոզարշավը եւ զբաղվեինք այդ հարցով: Մենք դրանով կզբաղվենք հետո: Նկարահանված կա, մեքենան է նկարահանել: Հետո իրավական քայլերի կդիմեմ, հասկանում եք, կարող է մարդը խնդիր ունի, որ բարձր խոսում ենք, քաղաքացի է, դա էլ կարող է լինի: Դրա համար նման բաները չեմ շահարկում, որովհետեւ կարող եմ նաեւ հասկանալ: Բայց եթե ես խորանամ ու նկատեմ, որ դա գնում է որեւէ մեկի շտաբ, իսկ ես դա կանեմ ընտրություններից հետո՝ համապատասխան պատասխան կստանա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031