Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պետք չէ ձայնը վաճառել 20.000 դրամով. այն հինգ տարվա կտրվածքով դառնում է օրը մեկ լուցկի». Անժելա Խաչատրյան

Մարտ 23,2017 17:04

Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Մարիամ Շահինյանը «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե Սամվել Բաբայանի ձերբակալությունն անսպասելի էր. «Սակայն պատասխանը պետք է տան մեր իրավապահ մարմինները: Եթե չունենք պատշաճ պատասխան, մեկնաբանել չենք կարող, քանի որ երևույթը պետք է օրենքի սահմաններում բացատրություն ունենա»:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Անժելա Խաչատրյանն էլ ասաց. «Հստակ ինֆորմացիա չունենք, ուստի մեկնաբանել չենք կարող: Բայց պետք է հասկանալ, թե ինչի հետևանք է դա եղել»:

Անդրադառնալով քարոզարշավի ընթացքին`Մարիամ Շահինյանն այն ակտիվ գնահատեց ու տեղեկացրեց, թե Կոմկուսին հասարակությունը բարյացակամ է դիմավորում. «Ոմանք կոչեր են անում, որ լավ կլիներ` խորհրդային կարգերը վերադառնային: Բայց հատկապես երիտասարդները չեն պատկերացնում, չգիտեն, ուստի նկարագրում ենք, թե 70 տարի առաջ ինչպիսի կյանք է եղել, երբ անվճար կրթություն, բուժում կար, երիտասարդ ընտանիքներին անվճար տրամադրվում էին բնակարաններ»:

Անժելա Խաչատրյանը տեղեկացրեց, որ իրենք քարոզարշավի ընթացքում գերադասում են անձամբ ներկայանալ ընտրողին:

Դառնալով գրանցված բախումներին` Անժելա Խաչատրյանն ասաց. «Դրանք դատապարտելի են, և ես ինքս կարծում եմ, որ նման երևույթները ստվերում են ամբողջ քաղաքական գործընթացը: Իշխանությունների պարտավորությունն է վերահսկել, որ նման դեպքեր չլինեն, քանի որ բացի ներքին խնդիրներից ու լսարանից՝ մենք ունենք նաև արտաքին դիտարկում, քանի որ այս ընտրությունները կարևոր են նաև Հայաստանի` միջազգային ասպարեզում վարկի հետ կապված»:

ՀՅԴ պատգամավորի թեկնածու Անահիտ Հարությունյանը Սամվել Բաբայանի ձերբակալության մասին ասաց. «Ով էլ որ անօրինական ճանապարհով և որ ժամանակ էլ զենք փորձի բերել Հայաստան, նույն արձագանքը պիտի լինի և նույն պատասխանը ստանա»:

Դառնալով քարոզարշավի`իր գնահատականին, ասաց, թե հիմնականում փորձում է ավելի երիտասարդ լսարանի հետ շփվել, որ երիտասարդների մեջ հավատն ավելանա իրենց իսկ վաղվա օրվա հանդեպ:

Տիկին Հարությունյանը հարց ուղղեց այն անձանց, ովքեր ընտրակաշառք են վերցրել, կամ պատրաստվում են դա անել. «Դուք ձեր սրտի խորքում չե՞ք մտածում, թե որտեղից այդ մարդկանց այդ գումարները: Միլիոնների ավելորդ գումարը որտեղի՞ց են գոյացել: Այդ մարդն ունա՞կ է հանրային շահ պաշտպանել»:

Անժելա Խաչատրյանը փաստեց, որ այս հարցում կա օրենսդրական բաց. «Մեր կուսակցությունն այս բացը բազմիցս բարձրացրել է: Երբ Ընտրական օրենսգիրքն ընդունվում էր, Վարչական իրավախախտումների մասին և Քրեական օրենսգրքում եղան փոփոխություններ: Այնտեղ սուտ մատնության մասին դրույթ մտցվեց: Սա նշանակում է, որ երբ տեսնում ես, որ օրինակ, քո հարազատը ցուցակում է, բայց նա երկրում չէ ու երբ դու չունես մեկը, որ կարող է գալ հաստատել, դա կարող է սուտ մատնություն դիտարկվել: Բացի այն, որ թաղային հեղինակության ինստիտուտը մտցրին, այստեղ նաև վստահված անձանց մոտ վախ կառաջանա ու կմտածեն` արդյոք արժե՞ բարձրաձայնել ու ոստիկանության դուռն ընկնել»:

Անժելա Խաչատրյանը զգուշացրեց իրենց ձայնը վաճառողներին. «Պետք չէ ձայնը` ձեր կարևորագույն իրավունքը, վաճառել 20.000 դրամով, որը եթե հինգ տարիների ենք բաժանում, օրը մեկ լուցկի է դառնում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031