Լրահոս
Օրվա լրահոսը

Ադամ Շիֆը և Ֆրենք Փալոնն աջակցում են Հայաստանին և Արցախին ուղղված օգնության տրամադրմանը, երբ ԱՄՆ վարչակազմը հրապարակում է 2018թ. բյուջեի նախագիծը

Մարտ 23,2017 16:53

Կոնգրեսի Հայկական հարցերով հանձախումբն առանցքային առաջնահերթություններ է նշում

Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հաղորդմամբ՝ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենք Փալոն կրտսերը (դեմոկրատ, Նյու Ջերսի) և Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձաժողովի ամենաբարձրաստիճան անդամ և Հայկական հարցերով հանձախմբի փոխնախագահ Ադամ Շիֆը (դեմոկրատ, Կալիֆորնիա) վկայություն են ներկայացրել՝ ի աջակցություն Հայաստանին և Արցախին տրվող օժանդակության, երբ ԱՄՆ վարչակազմը հրապարակեց 2018թ. ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը:

Կոնգրեսական Շիֆը Համագումարին հայտնել է. «Շարունակում եմ խորապես մտահոգվել հրադադարի շարունակական խախտումների, այդ թվում՝ ադրբեջանական զորքերի կողմից քաղաքացիական անձանց դեմ հարձակումների և մարդու իրավունքների ոտնահարումների ծանրակշիռ փաստերի կապակցությամբ: Կշարունակեմ իմ գործընկերների հետ աշխատել՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու նպատակով առանցքային առաջնահերթություններ առաջադրել: Նաև լիահույս եմ առ Հայկական հարցերով հանձնախմբի հզորացմանը և ընդլայնմանը»:

Իր վկայությունում կոնգրեսական Շիֆը Ներկայացուցիչների պալատի Պետության, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի ենթահանձաժողովին ներկայացրել է Հայաստանի և Արցախի ժողովուրդների համար օժանդակության տրամադրման առաջնահերթությունները 2018թ. բյուջեի համար:

§Խորապես անհանգստացած եմ նախորդ տարվա բռնության սաստկացման և Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ուժերի խոշոր ռազմական ագրեսիայի կապակցությամբ… Աճող բռնության և ագրեսիայի պայմաններում ենթահանձնաժողովին կոչ եմ անում աջակցել Ռոյս-Էնգել խաղաղության համատեղ առաջարկներին՝ առաջնահերթություն տալով շփման գծի երկայնքով անկախ դիտորդների և սարքավորումների տեղաբաշխմանն՝ ագրեսիայի սկզբնաղբյուրը հստակեցնելու նպատակով, ԱՄՆ ռազմական օգնություն Ադրբեջանին տրամադրման կասեցմանը, մինչև վերջինիս կառավարությունը չդադարեցնի հարձակումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վրա և համաձայնի տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, [և] Արցախի բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրումը շարունակելուն և ընդլայնելուն, այդ թվում՝ ականազերծման ծրագրերի շարունակությանը, ինչպես նաև զարգացմանն ուղղված աջակցությանը, հաշմանդամություն ունեցող անձանց տրվող օժանդակությանը, և ջրամատակարարման համակարգերին¦, – հայտարարել է Ադամ Շիֆը:

Կոնգրեսական Շիֆը Հատկացումների հանձնաժողովին կոչ է արել աջակցել տնտեսական և ռազմական օգնությանը, որը հնարավոր է դարձնում Հայաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին, ինչպես նաև մասնակցությունը խաղաղապահ գործողություններին: Բացի այդ, նա խնդրել է 2018թ. ֆինանսական տարվա բյուջեում հատուկ ձևակերպում ներառել, որը կհաստատի §Հայաստանի ջանքերը՝ որպես տարածաշրջանային ապահով ապաստան ծառայել Մերձավոր Արևելքի քրիստոնյաների ու վտանգված այլ ժողովուրդների համար, ովքեր փախչում են բռնությունից և աջակցել այդ ջանքերին՝ [ԱՄՆ] օգնության ու միջազգային կազմակերպությունների միջոցով¦:

Կոնգրեսական Փալոնը ներկայացրել է իր վկայությունը, և նմանապես նշել, որ Հայաստանը փախստականների համար կարևոր անվտանգ ապաստան է և Ամերիկայի ռազմավարական դաշնակից՝ հավելելով, որ §ԱՄՆ օգնությունը նաև վճռորոշ աջակցությունն է տրամադրել ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող խաղաղապահ զորքերի բաշխմանը և ՆԱՏՕ-ի փոխգործակցությանը տարածաշրջանում¦:

Ֆրենք Փալոնը 40 միլիոն ԱՄՆ դոլարի տնտեսական և 11 միլիոն ԱՄՆ դոլարի ռազմական օգնություն է խնդրել Հայաստանի համար, այդ թվում՝ ֆինանսական միջոցներ՝ Արտերկրի ռազմական ֆինանսավորման ծրագրի ու Միջազգային ռազմական կրթության և վերապատրաստման ծրագրի համար: Նա նաև առաջարկել է կասեցնել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը, մինչև վերջինիս կառավարությունը չդադարեցնի Հայաստանի ու Արցախի դեմ հարձակումները և համաձայնի տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորմանը:

«Այս քայլերի իրականացմամբ կշարունակվի ԱՄՆ-Հայաստան ռազմավարական հարաբերությունների զարգացումը և դրանց արժևորման դրսևորումը: Կոչ եմ անում այս հանձնաժողովին իրենց ներդրումն ունենալ խաղաղության հաստատման գործում, որպես պետություն՝ ցույց տալ մեր նվիրվածությունը կայուն և ժողովրդավար երկրներին, և աջակցել Հայաստանի շարունակական աճին և զարգացմանը», – եզրափակել է Ֆրենք Փալոնը:

«Երախտապարտ ենք կոնգրեսականներ Ադամ Շիֆին և Ֆրենք Փալոնին Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովին ներկայացրած իրենց վկայությունների համար, որտեղ նշվում էին Հայաստանի և Արցախի վերաբերյալ առանցքային ռազմավարական նպատակներ», – հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: §Ինչպես կոնգրեսական Շիֆն էր հայտարարել՝ §ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները ազատության և ժողովրդավարական արժեքներին ընդհանուր նվիրվածության վրա են հիմնված¦, որի հետ լիովին համաձայն ենք: Համամիտ ենք նաև Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի նախագահ Ռոդնի Ֆրելինգհոյսենի հետ (հանրապետական, Նյու Ջերսի), որ §ԱՄՆ-ը կարևորագույն դերակատարում ունի ժողովրդավարության աջակցման, անմեղների պաշտպանության հարցում, ինչպես նաև՝ դիվանագիտական լուծումների առաջարկման՝ ճգնաժամերի, անկարգությունների, բռնության և տնտեսական մարտահրավերների ժամանակ¦: Մինչ հատկացումների գործընթացը շարունակվում է, Ամերիկայի հայկական համագումարը լիահույս է մեր ընդհանուր նպատակներն առաջադրել»:

Բացի այդ, Հայկական հարցերով հանձախումբը «Հարգելի գործընկեր» նամակ է տարածել՝ կոչ անելով գործընկեր կոնգրեսականներին ստորագրել նամակ` ի աջակցություն ամերիկյան դիվանագիտության զորեղացման և Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդման: Նամակում նշվում է. «Հաշվի առնելով վերջին իրադարձությունները՝ հույժ կարևոր է, որ օգնություն տրամադրենք՝ աջակցելով մեր դաշնակիցներին և սատարենք մեր երկրի հիմնարար ժողովրդավարական սկզբունքները: 2018թ. բյուջեի՝ Պետության, օտարերկրյա գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացման օրինագծի վերաբերյալ մեր պահանջներն առանձնահատուկ կարևորություն ունեն՝ հաշվի առնելով հրատապ մարտահրավերները, որ դիմակայում են Կովկասի և Եվրասիայի երկրները: Ամերիկյան կառավարությունը կարող է և պետք է վճռորոշ դեր խաղա այս ռազմավարական տարածաշրջանում ազատության խթանման հարցում: Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ի կողմից շարունակական օժանդակություն ենք խնդրում Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Մերձավոր Արևելքում վտանգված փոքրամասնությունների, ինչպես նաև այլ արտերկրյա օժանդակությանն առնչվող գերակայությունների համար¦:

Կոնգրեսականների գործողությունները համընկան Վարչակազմի բյուջեի նախագծի հրապարակման հետ, որը 28 տոկոս կրճատում է նախատեսում Պետդեպարտամենտի ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորման համար և որպես նախնական փաստաթուղթ՝ չէր մանրամասնում Հարավային Կովկասի տարածաշրջանին օգնություն տրամադրումը: Շատ կոնգրեսականներ են անդրադարձել վարչակազմի բյուջեին՝ նշելով ԱՄՆ դիվանագիտության և մարդասիրական օգնության հաստատուն ֆինանսավորման պահպանման կարևորությունը: Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ կոնգրեսական Էդ Ռոյսը (հանրապետական, Կալիֆորնիա), ով Համագումարի վերջերս կայացած գալա-հավաքույթի գլխավոր հյուրն էր, նշել է. «Շատ մտահոգված եմ, որ մեր դիվանագիտությանն ուղղված խոր կրճատումները կվնասեն ահաբեկչության դեմ պայքարի ջանքերին, չափազանց կարևոր մարդասիրական օգնության բաշխմանը, և ամերիկացի աշխատողների համար հնարավորությունների առաջադրմանը: Հատկապես, երբ ԱՄՆ-ն պայքարում է ԻԼԻՊ-ի դեմ, և միլիոնավոր մարդիկ սովամահության վտանգի առջև են կանգնած ամբողջ աշխարհում¦, – նշել է հանձնաժողովի նախագահ Ռոյսը: «Մեզ անհրաժեշտ է լուրջ բարեփոխումների բյուջե, որը կարող է արտերկրյա աջակցությունն ավելի արդյունավետ և գործուն դարձնել: Եվ դրան կարող ենք հասնել առանց ԱՄՆ կենսական տնտեսական և ազգային անվտանգության շահերը վնասելու»:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031