Մարտի 23-ին Կոմիտասի անվան պանթեոնում կայացավ օպերային երգիչ, ՀՀ և ԼՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի հիշատակի արարողությունը: Մեկ տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ աշխարհահռչակ տենորը: Իր մահից մեկ տարի հետո էլ նրա հարազատներն ու արվեստը բարձր գնահատողները մաեստրոյին ողջ են հիշում:
Գեղամ Գրիգորյանի մասին խոսելիս, հարազատները հիշում էին նրա մշակութային գործունեությունը և այն ժառանգությունը, որը նա թողել է եկող սերունդներին: Իր գործունեությամբ նա աշխարհում ճանաչելի է դարձրել հայկական մշակույթն ու հայ ժողովրդին: Հիշեցին նաև նրա խոսքերը, թե դասական երաժշտություն սիրող երեխան չի կարող խաբել, չի կարող սուտ խոսել, չի կարող սպանել, ու նման երեխան հետագայում կլինի հայրենիքին նվիրված քաղաքացի:
«Մենք կարող ենք պատկերացնել Գեղամ Գրիգորյանին երգող, կյանքով ուրախացող, բայց ոչ այստեղ: Իհարկե, բոլորս նրան հիշում ենք, որպես հանճարեղ արտիստ և հանճարեղ մարդ»,-ասաց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:
Կարդացեք նաև
Այսօր երեկոյան էլ Ազգային օպերային թատրոնում տեղի կունենա համերգ՝ նվիրված Գեղամ Գրիգորյանի հիշատակին:
Ռոզա ԾԱՂԻԿՅԱՆ