Այսօր հրավիրած ասուլիսում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց, որ միայն կոռուպցիայի հարցն էլ որ լուծվի՝ խաղաղության հարցը չի լուծվի: ՕՐՕ դաշինքի անդամ Վարդան Օսկանյաննն ասում է, որ ղարաբաղյան հարցը հնարավոր է իրականում լուծել, իրենք դա կանեն, Հազարամյակի մարտահրավերներից փողեր կբերենք, տնտեսությունը կաշխուժացնենք, ՀՀ-ի միջազգային վարկը կբարձրացնենք: Մենք Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեցինք՝ հնարավոր չէ՞ այդպես տնտեսությունն աշխուժացնելով հզորանալ այնքան, որ Ադրբեջանը ոչ մի ոտնձգություն չկարողանա անել, ոչ թե տարածքներ հանձնենք՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Այո, ասում են ռազմաարդյունաբերական մի մեծ կոմպլեքսի ստեղծման մասին, գիտեք, այդ խոսակցությունները իմաստ ունեին միգուցե 2008-ին: Իհարկե, Տեր-Պետրոսյանը 98-ին էր զգուշացնում այն մասին, որ Ադրբեջանն իր նավթադոլարային պաշարները օգտագործելու է ուժեղանալու համար եւ սպառազինությունների մրցավազքում առաջ է անցնելու ՀՀ-ից, դառնալու է լուրջ վտանգ մեզ համար եւ մեր ձեռք բերած հաղթանակի համար: Դա իրականացավ, Տեր-Պետրոսյանը ճիշտ դուրս եկավ: Բայց Ադրբեջանը սկսեց կանխիկ փող ստանալ եւ 2006-2008-ից սկսեց բազմամիլիարդ գումարներ ուղղել սպառազինությունների ձեռքբերման համար: Դա 2008-ին նույնպես կարելի էր ուշացած համարել, բայց այդ ժամանակ սպառազինությունների մրցավազքում Ադրբեջանը դեռ նոր էր սկսում պոկվել ՀՀ-ից: Իրենք ժամանակ ունեին: Դրա համար այն ժամանակ գլխավոր խնդիրը դրվեց կոռուպցիայի հաղթահարումը, կառավարության արդյունավետությունը, ավգյան ախոռների մաքրումը: Մենք ունեինք այդ ժամանակը ՀՀ-ի մոդեռնիզացիայի համար, բայց դա վերջին շանսն էր:
Հիմա Ծառուկյան դաշինքը խոստանում է 6 տոկոսանոց տնտեսական աճ իր ծրագրում, ենթադրենք, ՀՀ-ում հրաշք է տեղի ունենում, իշխանության է գալիս մի ուժ, որը կարողանում է ապահովել 6 տոկոսանոց աճը՝ 12 տարվա ընթացքում: Հաշվարկները ցույց են տալիս, որ ՀՀ-ի ՀՆԱ-ն կկրկնապատկվի 12 տարի հետո»:
Նա ասաց, որ անգամ այդ պայմաններում մենք զիջում ենք Ադրբեջանին, սպառազինությունների մրցավազքում մենք արդեն պարտվել ենք, ուստի ինչի՞ մասին ենք խոսում:
Հարցին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի քանի անուններ նշեց դիվանագիտական հաղթանակի շրջանակներում, նրանց թվում էր Վարդան Օսկանյանը, բայց հիմա կարծես թե Օսկանյանը չի կիսում ձեր խաղաղության ծրագիրը: Լեւոն Զուրաբյանն ի պատասխան մի դրվագ պատմեց, որի ականատեսն ինքն է եղել. «1998-ի անվտանգության հայտնի խորհրդի նիստի ժամանակ բաժանվեցին կարծիքները: Մի մասը աջակցեցին Տեր-Պետրոսյանի այն տեսակետին, որ փուլային տարբերակի իրականացման պետք է գնալ, մյուս մասը պնդում էր սառեցնելու կամ փաթեթային տարբերակին: Ինչ եք կարծում, Վարդան Օսկանյանը ո՞ր խմբում հայտնվեց: Նա շատ վճռականորեն եւ սկզբունքորեն պաշտպանեց փուլային տարբերակը, կողմ քվեարկեց փուլային տարբերակի իրականացմանը: Ես ինքս դա տեսել եմ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ