Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայ-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները

Մարտ 23,2017 15:45

Աշոտ Եղիազարյան
Տնտեսագիտության դոկտոր,
ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Հարավային Կովկասի տարածաշրջանը կարևոր դեր է խաղում ամերիկյան գլոբալ ռազմավարությունում, քանի որ աշխարհագրական առումով մոտ է Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային, ինչպես նաև Կենտրոնական Ասիային, որտեղ աստիճանաբար ամրապնդվում և հզորանում է ԱՄՆ-ի գլոբալ մրցակից Չինաստանը:

Տնտեսա-քաղաքական առումով Հարավային Կովկասը նախորդ երկու տասնամյակում ԱՄՆ-ի համար կարևորվել է որպես կասպյան ածխաջրածինների արդյունահանման և արտահանման միջանցք: Կասպյան ածխաջրածնային պաշարների ծավալները, իհարկե, շատ մեծ չեն: Բացի այդ ածխաջրածինների արդյունահանումը և արտահանումը տարածաշրջանից դժվարություններ ունի աշխարհագրական տեսանկյունից: Սակայն ԱՄՆ-ի համար (աշխարհում որպես ամենաազդեցիկ և ապագայում նույնպես դրան հավակնող տերություն) կարևորագույն խնդիր է համաշխարհային էներգետիկ հաշվեկշռի վերահսկումը:

Այդ քաղաքականության շրջանակներում ԱՄՆ-ը կարողացավ վերջ դնել Ռուսաստանի խողովակաշարային մենաշնորհին տարածաշրջանում: ԱՄՆ-ի արտաքին գործերով սենատի կոմիտեի ներկայացուցիչ Ռիչարդ Լուգարի՝ Ղազախստան, Ադրբեջան և Վրաստան կատարած այցելության արդյունքում 2006թ. կազմված զեկույցում նշվում է, որ Մերձավոր Արևելքի և Ռուսաստանի շրջանցմամբ Ղազախստանից էներգառեսուրսների արտահանումն ԱՄՆ-ի «ռազմավարական» գերակայությունն է: «Նույնիսկ, եթե ընթանում է Ռուսաստանի միջոցով արտահանման գոյություն ունեցող ճանապարհների ընդլայնման տարբերակների որոնում, – գրում է Ռ. Լուգարը, – ԱՄՆ-ի համար ռազմավարական գերակայություն է Ղազախստանի կառավարության և մասնավոր ինդուստրիայի հետ աշխատանքը` Կասպից ծովով և Ադրբեջանով, Վրաստանով ու Թուրքիայով, Ռուսաստանի կամ Իրանի վերահսկման տակ գտնվող տարածքների շրջանցմամբ, Արևմուտք գնացող ճանապարհների բացման համար»: Հենց այդ նպատակով կառուցվեցին օրական 1 մլն բարել թողունակությամբ Բաքու-Թբիլիսի-Ջեհյան՝ օրական 115 հազար բարել թողունակությամբ «Արևմտյան» (Բաքու-Սուպսա) նավթամուղերը և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը:

Վերջին տարիներին շնորհիվ թերթաքարային գազի և նավթի արդյունահանման տեխնոլոգիաների զարգացման՝ ԱՄՆ-ը դարձել է բնական գազի աշխարհի խոշորագույն արտադրողը և այլևս հեղուկացված գազի ներմուծման կարիք չունի: ԱՄՆ-ը զգալիորեն նվազեցրել է իր կախվածությունը նավթի ներմուծումից: Այժմ Քատարի, Ալժիրի, Տրինիդադի և այլ երկրների, ինչպես նաև ԱՄՆ-ի գազի ավելցուկային ծավալները կարող են ուղղվել Եվրոպա: Եվրոպայում հեղուկացված գազի ընդունման մի շարք տերմինալների (LNG Receiving) կառուցումը նվազեցրել է հարաբերական կախվածությունը ռուսական գազից: Այս առումով Հարավային միջանցքի նախագիծը (հիմնված ադրբեջանական ծագման գազի վրա) նույնպես մնում է գազի ոլորտում որպես եվրոպական դիվերսիֆիկացման ռազմավարության առաջնահերթություն: Ռուսաստանի էներգետիկ ու տրանսպորտային գերիշխանությունը Հարավային Կովկասում փաստացի կչեզոքացվի Պարսից Ծոց – Սև ծով տրանսպորտային միջանցքի ստեղծմամբ և Եվրոպա իրանական գազի արտահանման համար հավանական նոր գազամուղի կառուցմամբ: Այս համատեքստում փոխվում է Հայաստանի տարածաշրջանային նշանակությունը և դերակատարությունը:

Հայ-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերությունների վիճակը

Դեռևս 1992թ. ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ստորագրվել են առևտրի և ներդրումների խրախուսման վերաբերյալ համաձայնագրեր: 1995թ. ստորագրվեց արտոնյալ վաճառքի մասին համաձայնագիրը, ըստ որի՝ ԱՄՆ-ը վարկային միջոցներ էր տրամադրելու գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտներում արտադրված ապրանքների արտահանման և վաճառքի կազմակերպման համար: 1996թ. ստորագրվեց ներդրումների խրախուսմանն ու պաշտպանությանը վերաբերող պայմանագիր, այսինքն անցում կատարվեց զարգացման ուղղակի օգնության ժամանակաշրջանից ներդրումների միջոցով տնտեսության աշխուժացման ժամանակաշրջանին: Իհարկե, ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնությունը շարունակվում է նաև այսօր (տե՛ս աղյուսակ 1): ԱՄՆ-ի կողմից ընդունված Ազատության աջակցման բանաձևի շրջանակներում Հայաստանը ԱՄՆ-ի կառավարության կողմից միլիոնավոր դոլարներ է ստանում: ԱՄՆ-ը մարդասիրական օգնություն է տրամադրում նաև Լեռնային Ղարաբաղին:

1997թ. Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունների միջև կնքվել է համաձայնագիր գիտության և տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության մասին: Գոյություն ունեն համաձայնագրեր՝ էներգետիկայի (միջուկային) անվտանգության, ավիացիայի անվտանգության, օդային տրանսպորտի վերաբերյալ: 2004թ. ԱՄՆ-ի կողմից Հայաստանին շնորհվել է Մշտական կանոնավոր առևտրային հարաբերությունների` Permanent Normal Trade Relations (PNTR) կարգավիճակ: Հայաստանի համար վերացվել է նաև բարձր տեխնոլոգիաների վաճառքն արգելակող Ջեքսոն-Վենիքի ուղղումը:

1999թ. ձևավորվել է Տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խումբը, որի ձևաչափում քննարկվում են երկկողմ տնտեսական կապերին, շուկայական հարաբերությունների խորացմանը, ԱՄՆ-ի կողմից Հայաստանի հեռանկարային տնտեսական աճին, աշխատատեղերի ստեղծմանը և երկու երկրների միջև առևտրի խթանմանն առնչվող հարցեր։

Հազարամյակի մարտահրավերներ ծրագրի շրջանակներում 2006թ. ԱՄՆ-ը Հայաստանին հատկացրեց 235.65 մլն դոլար, որն ուղղվեց գյուղական ճանապարհների վերականգնման, ոռոգման ենթակառուցվածքներում ռազմավարական ներդրումներ կատարելու, ֆինանսական ու տեխնիկական աջակցություն ցուցաբերելու, ֆերմերներին և ագրոբիզնեսին աջակցելու ծրագրերի իրականացմանը:

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառությունը 2011թ. կազմել է շուրջ 250 մլն դոլար: Հայաստանից ԱՄՆ արտահանվող հիմնական ապրանքատեսակներից են ալկոհոլային խմիչքները, գորգերը, ադամանդյա և ոսկյա իրերը, բջջային հեռախոսները և կապի այլ սարքավորումները, համակարգիչները, հագուստը, միսը և մսամթերքը: Հետագա տարիներին նկատվել է երկկողմ առևտրաշրջանառության ծավալների նվազում (տե՛ս աղյուսակ 2), ինչն իր բացատրությունն ունի Հայաստանի՝ Մոսկվայից կախվածության ուժեղացման համատեքստում: Սակայն հեռանկարում կասկած չկա, որ երկկողմ ապրանքաշրջանառության ծավալները կաճեն: «ԱՄՆ-ը Հայաստանի առևտրային գործընկերների ցանկում 5-րդն է, ինչը լավ է, բայց մենք սիրում ենք ամեն ինչում լինել առաջինը, եթե կարող ենք դա անել, ես ցանկանում եմ, որ մենք դա անենք», – 2015թ. ապրիլին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզը :

Հայաստանում գործում են ամերիկյան կապիտալով ավելի քան 400 ընկերություններ: 2015թ. երկրի կոմերցիոն ուղեցույցում որպես բիզնեսի հնարավորության պոտենցիալ ոլորտներ առանձնացված են էներգետիկայի և հանքարդյունաբերության (հետազոտություններ, շահագործում և օժանդակ ծառայություններ), այլընտրանքային էներգետիկայի, ագրոբիզնեսի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև ծառայությունների (մանրածախ առևտուր, ճամփորդություն և տուրիզմ) ոլորտները: Հայաստանում գործունեություն են ծավալում ամերիկյան բազմաթիվ ընկերություններ՝ «Ֆեդեքս»-ը, «ՆԱՍԴԱՔ»-ը, «Մարիոթ»-ը, «Գրանդ Տորոնտո»-ն, «ԼևոնԹրևլը», «Թուֆենկյան» հիմնադրամի հյուրանոցները, «Յունիքոմփ»-ը և այլք: Հայաստանի տնտեսության նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Ջեներալ Էլեկտրիկը, Հանիվելը, Կատերպիլարը, Դոուն, Օշկոշը, Օփեն Սիսթեմզ Ինթերնեյշնլը և այլ ընկերություններ:

Փոխըմբռնման հուշագրեր են կնքվել տեխնոլոգիական առաջատար այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսին են՝ Microsoft-ը, IBM-ը, Orakle-ը, «Synopsys»-ը և այլն։ Ներկայումս հաջողությամբ գործում են IBM-ի Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը: 2015թ. Մայքրոսոֆթի հետ ստորագրվել են մի շարք համաձայնագրեր, որոնցով նախատեսվում է Հայաստանում կիբերանվտանգության կենտրոնի ստեղծմանն աջակցություն, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հենքով ամպային և մոբայլ լուծումների տարածաշրջանային կենտրոնի հիմնում, կրթության ոլորտում համագործակցություն, մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված համատեղ ծրագրերի և այլ նախաձեռնությունների իրականացում: Ամերիկյան ընկերությունները Հայաստանի ծրագրային ապահովման և ինտերնետ ծառայությունների ոլորտի առաջատարն ու քարշիչ ուժն են: Այդ ոլորտը մեր երկիրը կապում է արևմտյան տեխնոլոգիական տարածությանը և, ըստ էության, ազգային անվտանգության խնդիրներ է լուծում:

Հայաստանը կարողանում է հաջողությամբ ներկայանալ Սիլիկոնյան հովտում: Նախատեսվում է Հայաստանում ունենալ Սիլիկոնյան հովիտ. 3 հա տարածության վրա ստեղծել ինժեներական քաղաք շուրջ 40 կազմակերպությունների մասնակցությամբ (Նեյշնլ ինսթրումենթս, Սինոփսիս, ԱյԲիԷմ և այլն): Այս ոլորտի օտարերկրյա ընկերությունների մեծ մասն ամերիկյան է: Ճյուղի արտահանման առյուծի բաժինը նույնպես բաժին է ընկնում ամերիկյան շուկային:

Ըստ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան գործերում ժամանակավոր հավատարմատար Կլարկ Փրայսի՝ ամերիկյան ընկերությունները հետաքրքրված են Հայաստանում ֆրանչայզինգային բիզնեսի ընդլայնման հարցում և պատրաստ են հայ ձեռնարկատերերին առաջարկել փոխշահավետ առաջարկություններ : Ֆրանչայզերները նախընտրում են շուկաներ, որոնք ունեն մտավոր սեփականության պաշտպանվածության բարձր մակարդակ: Ամերիկյան հայտնի երկու կորպորացիաներ՝ Papa John’s Pizza և Turri-Frutti Frozen Yogurts-ը, տարածաշրջանում գործունեության հաջող փորձ ունեն և մտադիր են ներդրումներ կատարել Հայաստանում ֆրանչայզինգի սխեմայով:

2017թ. փետրվարի 1-ին Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատում ԱՄՆ դեսպան Միլզի ելույթում առանձնացված գերակայություններից էին բիզնեսը և առևտրային կապերի խորացումը երկու երկրների միջև՝ Հայաստանի տնտեսական աճի հեռանկարների խթանման համատեքստում: Ըստ ԱՄՆ դեսպանի՝ այդ ոլորտում ցանած բազմաթիվ սերմերը ոչ հեռու ապագայում արդեն իսկ պտուղներ կտան: Գյուղատնտեսության ոլորտում ԱՄՆ-ը շարունակական օգնություն է տրամադրում Հայաստանին և քայլեր ձեռնարկում գյուղատնտեսական ու անասնաբուժական ծառայությունների կենտրոնների ստեղծման, գյուղատնտեսական ապրանքներով արտադրողներին ուղղակի աջակցության, գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնման և աշխատատեղերի ստեղծման ուղղություններով: Գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտում համագործակցությունը նոր հորիզոններ է դուրս գալիս:

2016թ. «Կոնտուր Գլոբալ» ընկերությունն ավարտին հասցրեց Որոտանի հիդրոկասկադի ակտիվների ձեռքբերման գործընթացը, և այժմ այն ամերիկյան ամենախոշոր, եզակի մասնավոր ներդրումն է Հայաստանի ողջ պատմության ընթացքում և ամերիկյան առաջին ներդրումը՝ Հայաստանի էներգահամակարգում: Բացի այդ «Կոնտուր Գլոբալ» ընկերությունը պլանավորում է առաջիկա մի քանի տարիների ընթացքում ներդնել ավելի քան 70 միլիոն ԱՄՆ դոլար և նաև առաջիկայում ստեղծել մոտ 150 աշխատատեղ: Մինչ այդ ԱՄՆ-ի հետ առնչվող մեկ այլ ընկերություն՝ «Լիդիան Ինթերնեյշնլը», 2016թ. սկսեց Ամուլսարի հանքավայրի շինարարական աշխատանքները: 2018թ. Ամուլսարը, թերևս, կլինի բաժնետիրական կապիտալում կատարված ամենախոշոր ամերիկյան ներդրումը Հայաստանում, իսկ 2016-18թթ. շինարարական աշխատանքներին կուղղվի շուրջ 370 միլիոն ԱՄՆ դոլար: Այդ աշխատանքների եռուն շրջանում մինչև 1.300 աշխատատեղ կլինի, իսկ ուղղակիորեն «Լիդիան Հայաստան» ընկերությունում հանքավայրի շահագործման 10 տարիների ընթացքում կաշխատի 700 հոգի :

Ամերիկյան ռազմավարությունը տարածաշրջանում

Ռուսական էքսպանսիան անհրաժեշտ է դարձնում ԱՄՆ-ի կողմից ուշադրության և ներկայացվածության մեծացումը տարածաշրջանում: Եթե Ռուսաստանը տնտեսական և էներգետիկ գերիշխանություն ունենա տարածաշրջանում, ապա Եվրոպայի կախվածությունը Ռուսաստանի կողմից վերահսկվող ռեսուրսներից ու ճանապարհներից կմեծանա, ինչը կսպառնա նաև ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը: Որքան ԱՄՆ-ը մեծացնում է իր ազդեցությունը տարածաշրջանում, այնքան մեծանում է տարածաշրջանի երկրների անկախությունը Մոսկվայից։ Հարավային Կովկասի՝ որպես տրանսպորտային և էներգետիկ միջանցքի վերահսկումը նշանակում է, որ Կենտրոնական Ասիան Հարավային Կովկասի միջոցով կմիանա եվրաատլանտյան աշխարհին:

Արևմուտքի կողմից Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների չեղարկումը և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումն աշխարհատնտեսական նոր կոնֆիգուրացիա են ստեղծում տարածաշրջանում, ինչը կանդրադառնա նաև Հայաստանի վրա: Ամերիկյան ընկերությունները նախկինում բավականաչափ ներդրումներ են կատարել Վրաստանում և Ադրբեջանում՝ կապված Հարավային Կովկասի էներգետիկ միջանցքի ձևավորման հետ: Հայաստանն այդ տարիներին փաստացի դուրս էր այդ նախագծերից: Էներգետիկ միջանցքն առանց Հայաստանի էլ գործում էր: Տարածաշրջանում կառուցված նավթագազային խողովակաշարերը նվազեցրեցին Ռուսաստանի գերիշխանությունը Վրաստանում և Ադրբեջանում: Բայց Հայաստանը դեռևս մնում է Ռուսաստանի հսկողության տակ:

Միաժամանակ Հայաստանն ամերիկյան քաղաքականությունում այսօր ավելի է կարևորվում: Որոտանի հիդրոկասկադի անցումն ամերիկյան կապիտալի վերահսկողության տակ կարևոր ազդանշան էր այդ ուղղությամբ: Այս առնչությամբ ԱՄՆ նախկին նախագահ Օբաման հայտարարեց, որ Հայաստանում ԱՄՆ-ի ներդրումների պատմական մակարդակի բարձրացումը միայն սկիզբն է մեծածավալ առևտրային ու ներդրումային կապի, որն առանցքային նշանակություն ունի թե՛ Հայաստանի, թե՛ տարածաշրջանի համար : ԱՄՆ-ի հետ առևտրի և ներդրումների ոլորտում պայմանագրա-իրավական բազան ամբողջացնելու դեպքում Հայաստանը որպես երկիր կունենա որոշակի պարտավորություններ, որոնք իրենց հերթին Հայաստանում ներդրումների համար շատ կարևոր ազդակ կհանդիսանան: Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունների միջև 2015թ. մայիսին կնքված Առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագիրը (TIFA) Հայաստանի համար ևս մեկ այլընտրանքի հնարավորություն է: Ըստ էության, Հայաստանը հետխորհրդային երկրներից երրորդն է (Ուկրաինայից և Վրաստանից հետո), ով երկկողմ ձևաչափով նման համաձայնագիր ունի ԱՄՆ-ի հետ: Բազմակողմ ձևաչափով, որը ենթադրում է ավելի թույլ համագործակցություն, ԱՄՆ-ը TIFA համաձայնագիր է կնքել նաև հետխորհրդային 5 երկրների՝ Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի հետ:

TIFA-ն տիպային բնույթի համաձայնագիր է, որը նախադրյալներ է ստեղծում հետագա որոշումների համար: Համաձայնագրի կողմերն ընտրում են համագործակցության ոլորտներ, ձևավորում հանձնաժողով, որը մշակում է հստակ առաջարկություններ և դրանց հիման վրա կայացնում որոշումներ: Շատերն իրավացիորեն այս իրադարձությունը որակում են որպես շրջափուլ հայ-ամերիկյան տնտեսական գործակցության ոլորտում: Այս փուլի առանձնահատկությունը ներդրումային քաղաքականության խթանումն է: TIFA-ն նախատեսում է ամերիկյան պետական երկու կառույցի՝ Արտասահմանյան մասնավոր ներդրումների կորպորացիայի (Overseas Private Investment Corporation – OPIC) և ԱՄՆ-ի Ներդրումների և արտահանման բանկի (Export-Import Bank of the United States) գործառույթների ընդլայնումը Հայաստանում: OPIC-ը Հայաստանում գործում է 1996թ.-ից: Այն երաշխավորում է ամերիկյան մեծ նախագծերի իրականացումը: Ex-Im Bank-ն իր հերթին ֆինանսավորում է ԱՄՆ-ի արտահանման նախագծերը: Այս առումով շատ կարևոր է ԱՄՆ-ից դեպի Հայաստան տեխնոլոգիաների արտահանման ֆինանսավորումը:

TIFA-ից հետո Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դեռևս պետք է կնքվեն մի քանի նոր համաձայնագրեր, այդ թվում՝ կրկնակի հարկման մասին պայմանագիրը: Կրկնակի հարկման մասին պայմանագիրը սկզբնական շրջանում կնքվել է ԱՄՆ-ի և Խորհրդային միության միջև 1974թ., սակայն մինչ այժմ ընկած է հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների հիմքում և լրջորեն խոչընդոտում է գործարար կապերի զարգացմանը և նոր ներդրումների ներգրավմանը: Կարևորվում է նաև Սոցիալական անվտանգության համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը, որով կարգավորվելու են Հայաստանում ամերիկյան ձեռնարկությունների աշխատակիցների հետ կապված խնդիրները:
Հայաստանյան բիզնեսն այսօր օգտվում է ԱՄՆ-ի կողմից շնորհված GSP համակարգից, ինչը ենթադրում է արտոնություններ, այդ թվում՝ ցածր մաքսատուրքեր ամերիկյան շուկա արտահանում իրականացնող հայ գործարարների համար: Համաձայնագրի ստորագրման արդյունքում հայկական կողմն իրավունք կստանա ընդլայնել արտոնյալ պայմաններով արտահանվող ապրանքների ցանկը: Համաձայնագրի արդյունքում Հայաստանում ստեղծվող ամերիկյան IT ձեռնարկությունների արտադրանքն այլևս պաշտպանված կլինի ԱՄՆ-ում գործող մտավոր սեփականության համակարգով:

Ինչու՞ հենց այս փուլում նման համաձայնագիր կնքվեց Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունների միջև: Վաղ թե ուշ Ռուսաստանը չի կարող ազդեցիկ լինել Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանում, որովհետև դրա համար Ռուսաստանին չեն բավարարում ո՛չ իր քաղաքական, ո՛չ տնտեսական ռեսուրսները: Հետևաբար, կարող է ստեղծվել վակուում, որը կարող է լցվել տարածաշրջանային այլ խաղացողների կողմից: Արդեն միտումներ կան, որ մասնավորապես Չինաստանի էքսպանսիան կարող է տեղափոխվել մեր տարածաշրջան՝ Ռուսաստանի նահանջի խորապատկերին: Հայտնի է, որ Չինաստանը Կենտրոնական Ասիայում արդեն ազդեցիկ լծակներ է ձեռք բերել, ըստ էության, նույնիսկ գերազանցել է Ռուսաստանի ազդեցությունն այդ տարածաշրջանում, և խոսակցությունները, թե Ռուսաստանը կարող է հեշտ մարսել Կենտրոնական Ասիան, ինտեգրելով իր Եվրասիական նախագծներին, արդեն իրական չեն թվում: Չինաստանի էքսպանսիան արդեն կարող է տարածվել նաև դեպի Արևմուտք, որտեղ նա կարող է նաև տարածաշրջանային այլ խաղացողների հետ միասին փորձել ազդեցության ոլորտների բաժանում կատարել: Այս իմաստով դա ԱՄՆ-ի համար Հայաստանի՝ կարևոր նշանակություն ունենալու ազդակ է, և այն, որ ԱՄՆ-ը ներդրումների, ֆինանսական ռեսուրսների ու շուկաների առումով Հայաստանի համար գործնականում անսահման հնարավորություններ է բացում: Խնդիրն այն է, թե Հայաստանն ինչպես կօգտվի դրանից: «Մանավանդ, եթե դա դիտարկենք Իրան-ԱՄՆ, Իրան-ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունների շրջանակներում, Հայաստանը լուրջ հնարավորություններ է ստանում: Հայաստանի համար դա անսահման հնարավորություն է:

Հայաստանն այդ համաձայնագրից կարող է ստանալ այնքան, ինչքան կարող է մարսել ու իրականացնել» :

Հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը, դրա դինամիկան պայմանավորված է նաև վրաց-ամերիկյան հարաբերությունների զարգացմամբ: Վրաստանն ուրույն տեղ է զբաղեցնում Հարավային Կովկասի տարանցիկ միջանցքում՝ ապահովելով ելք դեպի ծով: Վրաստանը տարանցիկ է ոչ միայն կասպյան ածխաջրածինների համար, այլև Կենտրոնական Ասիան և Իրանը կապում է Եվրոպայի հետ: ԱՄՆ-ը Վրաստանի ինքնիշխանության երաշխավորն է: 2009թ. հունվարի 9-ին երկու երկրների միջև ստորագրվել է ռազմավարական համագործակցության խարտիա: ԱՄՆ-ի օգնությունը և աջակցությունը Վրաստանին շարունակաբար ավելացել է 2003թ. Վարդերի հեղափոխությունից հետո: Աճ են գրանցում առևտրաշրջանառությունը և ներդրումները, ԱՄՆ-ի կողմից Վրաստանին տրամադրված GSP ռեժիմը տարածվում է լայն անվանացանկի ապրանքների վրա:

Վրաստանը երկու անգամ ամերիկյան աջակցություն է ստացել Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի կողմից, 2005-2010թթ.՝ 395,3 մլն դոլար և 2013-2018թթ. համար՝ 140 մլն դոլար: Ընթացիկ ծրագրի նպատակը մարդկային կապիտալի որակի բարձրացումն է՝ գիտության և տեխնոլոգիական կրթության, ինչպես նաև աշխատուժի զարգացման ոլորտներում ներդրումների ճանապարհով :
Էներգետիկ համագործակցությունն առանցքայիններից է Վրաստան-ԱՄՆ հարաբերություններում: 2010թ. Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված աջակցության համաձայնագրով խոստացված 1 մլրդ դոլարից 122,5 մլն դոլար նախատեսվել է Վրաստանի էներգետիկ սեկտորի և ենթակառուցվածքների զարգացման համար : Ամերիկյան Headwall Pоwer International-ն ուսումնասիրում է արևային էներգիայի՝ Վրաստանի ներուժը: Արևելյան Վրաստանում շուտով կկառուցեն հզոր արևային էլեկտրակայան : Էլեկտրակայանի հզորությունը կկազմի 50 մՎտ: Ներդրումների ծավալը գնահատվում է 120 մլն դոլար: Վառելիքի շուկայում գործում է ամերիկյան «Gulf» ընկերությունը: 2016թ. փետրվարին ամերիկյան Frontera Resources ընկերությունը հայտարարեց, որ Վրաստանում (Հարավային Կախեթիում) հայտնաբերել է 5 տրիլիոն խորանարդ մետր գազի պաշարներ , այսինքն գրեթե այնքան, որքան, օրինակ, Իրաքը կամ Եգիպտոսը: Դրա արդյունահանումը թույլ կտա ոչ միայն ծածկել Վրաստանի պահանջմունքը, այլև արտահանել: Ըստ ընկերության ղեկավարության՝ կպահանջվի հինգ տարի, որպեսզի Վրաստանը սկսի գազ արտահանել: Նախատեսվում է սեղմված գազ արտահանել Ուկրաինա:

Միաժամանակ մեծանում է Իրանի հետաքրքրությունը Վրաստանի էներգետիկ սեկտորի նկատմամբ: Վրացա-իրանական Geopars ընկերությունը պլանավորում է նավթավերամշակման գործարան կառուցել Վրաստանի Լանչխութի շրջանում : Ներդրումների ծավալը գնահատվում է 1,5 մլրդ դոլար: Նախագիծը ներառում է մի քանի օբյեկտներ՝ նավթավերամշակման գործարան, նավթաքիմիական գործարան և լոգիստիկ կենտրոն:

Վրաստանը հանգուցային տեղ է զբաղեցնում Պարսից Ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքում: Վրաստանի սևծովյան Անակլիայում 2016թ. հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ խորջրյա նավահանգստի շինարարությունը սկսելու արարողությունը: Նավահանգստի շինարարության մրցույթը հայտարարվել էր 2014թ.: Դրա շինարարության թույլտվությունը ստացել են ամերիկյան Conti International-ը վրացական TBC Holding-ի հետ կոնսորցիումի կազմում: Նավահանգստի շինարարության նախագծի արժեքը գնահատվում է 3.7 մլրդ դոլար: Դրա կառուցումը պետք է ավարտվի 10 տարում: Թողունակությունը կկազմի 100 մլն տոննա:

Շինարարությունը տեղի կունենա մի քանի փուլերով: Առաջին փուլում կկատարվեն 586 մլն դոլարի ներդրումներ: Առաջին բեռները նավահանգիստը կսկսի սպասարկել 2019թ.-ից սկսած: Թվում է թե Վրաստանում ևս մեկ նավահանգստի կառուցումը նպատակահարմար չէ: Ներկայումս Փոթին ու Բաթումին թերբեռնված են աշխատում: Կարս-Թբիլիսի-Ախալքալաք երկաթգծի շահագործումից հետո այդ նավահանգիստներն ընդհանրապես նոր խնդիրների առաջ կկանգնեն: Առաջին հայացքից թվում է, թե նոր նավահանգստի կառուցումը տնտեսական տեսանկյունից նպատակահարմար չէ: Սակայն ենթադրվում էր, որ նախագիծը ծովային միջանցք կստեղծի Չինաստանի և Եվրոպայի միջև՝ Մետաքսի ճանապարհի շրջանակներում: Վրաստանի վարչապետն այն անվանել է ”դարի նախագիծ”: Ապագա նավահանգիստը նույն կերպ են անվանել նաև ԱՄՆ-ում : Ի վերջո, դեպի Եվրոպա չինական և իրանական բեռնահոսքերը կանցնեն ամերիկյան ընկերության կողմից վերահսկվող նավահանգստով: Ընդ որում, այն կդառնա Ռուսաստանի շրջանցմամբ Ասիա-Եվրոպա երթուղու կարևորագույն հանգույց:

Այսպիսով, ԱՄՆ-ը շարունակում է հետաքրքրված մնալ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներով՝ շահագրգռված լինելով տարածաշրջանի երկրների ինտեգրմամբ եվրոպական քաղաքական, տնտեսական և մշակութային տարածությանը:

 

«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031