«5 քաղաքական ուժ բաժանում է ընտրակաշառք»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի անդամ Լեւոն Զուրաբյանը՝ կաշառք բաժանողների անունները չտալով:
Մեր հարցին՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցից հետո սոցցանցերը ողողված են քննադատություններով, որ Տեր-Պետրոսյանը հենարան է կանգնում Սերժ Սարգսյանին՝ հողերը հանձնելու եւ միակողմանի զիջումների գնալու, ինչպե՞ս կմեկնաբանեք՝ նա պատասխանեց. «Տեր-Պետրոսյանը խոսում է նրա մասին, որ ով էլ լինի Հայաստանի իշխանությունը, խաղաղության ծրագիրը պետք է առաջ գնա, մենք լինենք իշխանություն՝ մենք ենք դա անելու, ցանկացած այլ ուժ լինի՝ նա է դա անելու: Եթե դա անի նա՝ այո, մենք այդ մի հարցում կօգնենք: Ոչ թե կօգնենք՝ մենք կպնդենք, կճնշենք, խաղաղության մեր շարժումով կճնշենք իշխանության վրա, որ Հայաստանը գնա դեպի խաղաղություն: Սա է նախագահի ասածը: Մնացածը հիվանդ ուղեղների կամ երեւակայությունների արդյունք է»:
Հարցին՝ ինչպե՞ս եք օգնելու իշխանությանը, եթե խաղաղության ծրագիրը ձեր իրականացնի՝ նա պատասխանեց, որ եթե իրենց օգնության կարիքն ունենան՝ օգնելու են, եթե դիմադրելու են՝ ճնշելու են. «Տեր-Պետրոսյանը հստակ ասաց, որ մենք կոալիցիայի մեջ երբեք չենք մտնի, բայց եթե իրենք գնան խաղաղության ճանապարհով, մենք, բնականաբար, կօգնենք հանրային մոտեցումներով: Մնացած հարցերում մենք շարունակելու ենք մնալ իրենց անխնա քննադատը, ամեն ինչ անելու ենք, որ ՀՀ-ում հաստատվի մի իշխանություն, որը ազնիվ է, հաշվետու է ժողովրդի առջեւ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ