Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին Լոռու մարզն ընդգրկում է թիվ 9 ընտրատարածքը: Այստեղ առաջադրված 9 քաղաքական ուժերի ռեյտինգային թեկնածուների ընդհանուր թիվը կազմում է 102: Իսկ ընտրողների ընդհանուր թիվը 238.975 է:
Մարզում քարոզարշավն ընթանում է համեմատաբար հանգիստ մթնոլորտում: Բացառությամբ այն, որ 2 անգամ փորձել են վնասել «ԵԼՔ» դաշինքի նախընտրական պաստառները: Իսկ խնդրով զբաղվում են իրավապահ մարմինները:
Իր խոսքով, քարոզարշավի խախտում էր արձանագրել նաեւ ՀՅԴ տարածքային ցուցակով հանդես եկող անկուսակցական թեկնածու Արտուշ Հարությունյանը: Նա ցանկացել էր հանդիպել Վանաձորի «Հույսի տուն» ծերերի հանգստավայրի բնակիչների հետ: Սակայն նրա խոսքով՝ ծերատան աշխատակիցները թույլ չեն տվել, որպեսզի ինքն այնտեղ քարոզչություն իրականացնի:
Կարդացեք նաև
Մինչդեռ «Հույսի տուն» ծերերի հանգստավայրի հիմնադիր-տնօրեն Արզուման Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ծերատան դռները բաց են բոլոր կուսակցությունների ներկայացուցիչների համար, եւ դա ուղղակի թյուրիմացություն է եղել:
Մարզում այս օրերին առավել ակտիվ քարոզչություն են իրականացնում «ԵԼՔ» դաշինքը, ՀՀԿ-ականներ՝ Կարեն Կարապետյանը, Արկադի Համբարձումյանն ու Վահրամ Բաղդասարյանը: Ամեն օր հանդիպելով իրենց ընտրողների հետ:
Քարոզարշավի շրջանակներում Վանաձորում եղավ նաեւ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Այստեղ նրան ընդունեցին աղ ու հացով, նույնիսկ օրհնված խաչ նվիրեցին: Մի լոռեցի էլ փորձեց ծնկի գալ իր նախընտրած թեկնածուի առջեւ, սակայն Ծառուկյանը թույլ չտվեց:
«Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքի մուտքը Վանաձոր ուղեկցվեց ոչ միայն աղ ու հացով ու աղավնիներ օդ բաց թողնելով, այլեւ հարսանեկան երաժշտությամբ: Ընտրողների հետ հանդիպումը դաշինքի անդամ, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ավարտեց շոգեքարշի անեկդոտը պատմելով:
Քարոզարշավի մեկնարկի հետ մեկտեղ, Վանաձորում մեծ թվով շենք-շինություններ «զարդարվեցին» խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի ու նրանց թեկնածուների նկարներով: Թեեւ Վանաձորի քաղաքապետի որոշմամբ քարոզչական պաստառներ փակցնելու համար հատկացվել է 54 անվճար տարածք: Սակայն ընտրապայքարին մասնակցող բոլոր ուժերի կողմից գրանցվեց քարոզչության խախտում, պաստառներ փակցրեցին նաեւ չսահմանված վայրերում:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ