MusicDrive միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկի նախօրեին՝ մարտի 23-ին, կազմակերպիչներն ասուլիս էին հրավիրել Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում։ Ներկա էին նաեւ փառատոնի մասնակից օտարերկրյա խմբերի երաժիշտներ, այդ թվում՝ ֆրանսիական Corpo-Mente և շվեյցարական Authentic Light Orchestra խմբերից:
Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախագահ Արա Խզմալյանը նշեց MusicDrive եռօրյա միջազգային փառատոնը, որի կազմակերպիչներն են մշակույթի նախարարությունը, Ազգային թատերական ստեղծագործական միավորումը եւ Ռոք ասոցիացիան, կրելու է ամենամյա բնույթ:
«Կարեւորում եմ նման միջոցառման իրականացումը, որովհետեւ աշխարհին ներկայանալու մեր դիմագիծը չպետք է միայն պատմամշակութային ժառանգությունը լինի: Մենք ունենք ժամանակակից արվեստի հետաքրքիր դրսեւորումներ, որոնք պետք է դիրքավորել շուկայում»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Ռոք ասոցիացիայի նախագահ Վարդան Գրիգորյանը ներկաներին կոչ արեց անպայման մասնակցել համերգներին, հաճույք ստանալ ու իր խոսքով՝ կարոտել, թե երբ է էլի կրկնվելու: «Երեք օրում 20-ից ավելի խմբեր՝ ժամանակակից երաժշտության տարբեր ժանրերում, բոլորս միասին ապրենք, դա նորամուծություն է»,-ասաց Վարդան Գրիգորյանը:
Նա շեշտեց, որ MusicDrive-ը ոչ թե ռոք փառատոն է, այլ երաժշտական, թեեւ այնտեղ ռոքի բաղադրիչը մեծ է: Նրա ձեւակերպմամբ, քաղաքակիրթ աշխարհի կարեւոր մաս ենք կազմում եւ բավական է պարփակված մնանք, պետք է միշտ կապի մեջ լինել մյուսների հետ ու հետ չմնալ աշխարհում առկա երաժշտական միտումներից:
Արա Խզմալյանը գտնում է, որ հիմնական խնդիրը տեղեկատվական բնույթ ունի, պետք է տարբեր կառույցների հետ աշխատել, մասնավորապես զբոսաշրջային ընկերություններին ուղղորդել, որ նրանք նման փառատոները եւ մշակութային նշանակալի իրադարձությունները մտցնեն իրենց փաթեթների մեջ: «Մեր տուրօպերատորները տեղյակ չեն, թե ինչ է տեղի ունենում մեր մշակույթում: Կա մի գիծ՝ Էջմիածնից Գառնի-Գեղարդ ու Մասիսի փեշեր եւ ուրիշ ոչինչ»,-փաստեց Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախագահը:
Հավելենք, որ համերգները կկայանան Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, հարակից՝ Անգլիական այգում, կան նաեւ ակումբային ելույթներ ու համերգներ: Համերգներին զուգահեռ՝ նախատեսված են հանդիպումներ եւ աշխատարաններ վիրտուոզ երաժիշտների հետ: Փառատոնի մասին հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ www.musicdrive.am պաշտոնական կայքից:
Մանրամասները՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ցավոք, հիասթափվեցի Խզմալյանից։ Դեռևս տասնհինգ տարի առաջ հետաքրքրական էր նրա կերպարը։ Նա սկսել է զբաղվել զբոսաշրջության մեջ կեղծ, արհեստական երևույթներ մտցնելու վտանգավոր գործով։ Չեմ կարող նրան հեղինակություն համարել ինձ համար։