Այսօր հրավիրած ասուլիսում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի անդամ Լեւոն Զուրաբյանն անդրադարձավ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Հանրայինի եթերում հարցազրույցից հետո ընդդիմախոսների քննադատություններին: Նա նախ խոսեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի մեկնաբանությունից, որ «անկեղծորեն շոյված է այն մտքից, որ ՀՀԿ իշխանությունը ընտրված իշխանություն է»:
Զուրաբյանի խոսքերով՝ «Եթե նա նկատի ունի Տեր-Պետրոսյանի այն միտքը, որ ժողովուրդն իրավունք ունի ճնշելու իշխանություններին, որ ընդունեն խաղաղության ծրագիրը, ընտրել ես, չէ՞, ապա նա տեսական դրույթը նկատի ունի, որ ժողովուրդը իրավունք ունի ճնշում գործադրել այն իշխանության վրա, որը պաշտոնապես ընդունված է: Դա տեսական մոտեցում է, որ կարող է պարտադրել մի իշխանության վրա, որն իրեն պաշտոնապես ընտրված է համարում: Շարմազանովը շատ սխալվում է, եթե սա ընդունել է որպես Սերժ Սարգսյանի լեգիտիմության գնահատում: Տեր-Պետրոսյանի մոտեցումները այդ ընտրությունների վերաբերյալ ոչ մի սանտիմետր չեն փոխվել: Ես կխնդրեի Շարմազանովին շատ չհրճվել, եթե չի հասկացել նախագահի խոսքի ենթատեքստը եւ չմեկնաբանել այն իր ուզած կոնտեքստում՝ իր ուզած ձեւով…Շարմազանովը նաեւ գովասանքներ է շռայլել Տեր-Պետրոսյանի հասցեին՝ այդ գովասանքները թող իրենց թողնեն: Շատ լավ հասկանում ենք, որ այդ գովասանքների նպատակն է վնաս հասցնել մեր հաջող հեղինակությանը»:
Զուրաբյանն ասաց, որ Շարմազանովը պետք է ներողություն խնդրի, ոչ թե ոգեւորվի, ընդհանրապես այս իշխանությունները պետք է ներողություն խնդրեն 18 տարվա իրենց ապաշնորհ, կոռումպացված ժամանակում հայ ժողովրդին հասցված վնասի համար:
Լեւոն Զուրաբյանն անդրադարձավ իրենց մյուս ընդդիմախոսներին. «Մենք բազմաթիվ տեղերում տեսել ենք, որ այսպես կոչված ընդդիմադիրների կողմից Կոնգրեսի դեմ լուրջ քարոզչություն է տարվում, մարդկանց ասում են, որ չպետք է փոշիացնել ձայները: Իրականում բոլորն անհանգստացած են Կոնգրեսի աճող վարկանիշով եւ այն ձեռքբերումներով, որ մենք ունենք քարոզարշավի ընթացքում: Ձայները չփոշիացնելու խնդիր ՀՀ-ում գոյություն չունի: ՀՀ-ում գոյություն ունի Արցախը, Հայաստանը չփոշիացնելու խնդիր, մարտի դաշտի հաղթանակը չփոշիացնելու խնդիր»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ