Լրահոս
Օրվա լրահոսը

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը պնդում է, թե Արթուր Սարգսյանը խղճի հալածյալ էր եւ հետապնդվել էր քաղաքական դրդապատճառներով

Մարտ 23,2017 14:39

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը խորը ցավով արձանագրում է Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների հերթական կոպիտ խախտումը, որի հետեւանքով 2017 թվականի մարտի 16-ին մահացել է «Սասնա Ծռեր» զինված խմբին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը (Հաց Բերողը)։

Վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը, առողջական ծանր խնդիրներ ունենալու հանգամանքի անտեսումն ու կալանավորումը, այնուհետեւ, կարճատեւ ազատ արձակումից հետո, խեղաթյուրված առողջական եզրակացության հիման վրա կրկին կալանավորումը հիմք են տալիս մեզ պնդելու, որ Արթուր Սարգսյանը խղճի հալածյալ է եւ հետապնդվել է քաղաքական դրդապատճառներով:

Նման դեպքերը ավելի են խորացնում երկրի ապագայի հանդեպ ժողովրդի հուսահատ տրամադրությունները, հատկապես նախընտրական քարոզչության այս շրջանում, երբ ամենուր հնչում են ժողովրդավարական պետություն կառուցելու եւ մարդու իրավունքները պաշտպանելու մասին բարձրագոչ հայտարարություններ:

Հայաստանի Հանրապետությունում արդարադատության ճգնաժամի հաղթահարման համար ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը պահանջում է՝

• ՀՀ արդարադատության նախարարի, ՀՀ գլխավոր դատախազի, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի հրաժարականը,

• աշխատանքից ազատել կալանքը որպես խափանման միջոց կիրառած դատավորներին՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարինե Ղազարյանին, ինչպես նաեւ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու որոշումը կայացրած քննիչին եւ վերահսկող դատախազին,

• անհապաղ քննություն սկսել Արթուր Սարգսյանի կրկնակի դատաբժշկական փորձաքննության մասնակից եւ եզրակացություն կազմած դատաբժիշկների նկատմամբ՝ չսահմանափակվելով միայն «Արմենիա» ԲԿ-ի բժիշկներով,

• քննության ամբողջ ընթացքի եւ արդյունքների առնչությամբ ապահովել հանրային վերահսկողություն:

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը վերահաստատում է 2016 թվականի նոյեմբերի 29-ին Բրյուսելում կայացած Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի 8-րդ տարեկան համաժողովի կողմից ընդունված բանաձեւի պահանջը. «Անհապաղ եւ առանց որեւէ պայմանականության ազատ արձակել Հայաստանի Հանրապետությունում իրենց արտահայտվելու ազատության, խաղաղ հավաքի իրավունքի իրացման համար ազատազրկված բոլոր բանտարկյալներին»։

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031