Այսօր «Հայացք» ակումբում «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Մարինե Քոչարյանն ասաց, որ իրենց քարոզարշավներին մարդիկ ասում են՝ «Եկեք մեր շենքի տանիքը սարքեք, եկեք մեր վերելակը վերանորոգեք: Սոցիալական խնդիրներով է սա պայմանավորված: Մարդիկ փորձում էին շենքի անունից հանդես գալ, ասֆալտապատում խնդրել եւ այլն: Սա խոսում է նրա մասին, որ մեր ժողովուրդն այսօր ապահովված չէ եւ իր ձայնը տալու համար չի նայում ծրագրին, առաջարկ է անում»:
Ընտրակաշառքների հետ կապված հարցին ի պատասխան՝ Մարինե Քոչարյանն ասաց, որ շահարկումները շատ են: Նա ասաց, որ ընտրակաշառքի դեպք չգիտի, բոլորն ասում են՝ ասել են:
Մանե Թանդիլյանը չհամաձայնեց. «Իրականում դրանք ասեկոսեներ չեն, կան փաստեր: Մենք ունենք տվյալներ: Ունենք որոշակի ձայնագրություններ, բայց իրականում դրանց հետեւից գնալու ժամանակ չկա, որովհետեւ զբաղվածությունը մեծ է»: Նա ասաց, որ այդ փաստերը հավաքում են դեռ: Մանե Թանդիլյանն ասաց, որ իր հետ հանդիպումներում երբեք իրենցից գումար չեն ուզել, որովհետեւ գիտեն ումից ակնկալել այդ գումարը»:
Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ իրենք բավական լուրջ տոկոսներով անցնելու են ԱԺ եւ դա մեծ զարմանք է առաջացնելու շատերի մոտ:
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին՝ կնոջը հարի՞ր է Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը, թե Սյունիքի մարզպետի ականջները կկտրեմ եւ նման հայտարարություն արել էր նաեւ Հեղինե Բիշարյանը՝ սպառնալով աչք հանել: Մարինե Քոչարյանը արդարացրեց Բիշարյանին. «Հեղինե Բիշարյանի ասածը կոնկրետ մարդկանց էր վերաբերում: Դա սպառնալիք չէր, ասաց՝ կուսակցությունն իմ երեխան է, ինքը մեծ լումա ունի կուսակցության քաղաքական կյանքում, նաեւ ՀՀ քաղաքական գործընթացներում, այդ իսկ պատճառով նա այդ մեկնաբանությունն արեց»: Ականջ կտրելուն տիկին Քոչարյանն ասաց, որ ինքը կողմ չէ:
Մանե Թանդիլյանի համար անընդունելի է հարցի ձեւակերպումը՝ ինչ է նշանակում կնոջը հարի՞ր է. «Տարբեր տղամարդիկ էլ ԱԺ-ում բռնաբարությունից են խոսում: Դա անթույլատրելի է: Տիկին Բիշարյանն ու Զոհրաբյանը հռետորաբանություն են օգտագործել, որն անթույլատրելի է եւ դրանց մեջ տարբերություն չկա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ