Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ, ԼՂՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանն այսօր «Հայք» ակումբում Սամվել Բաբայանի ձերբակալության մասին հայտարարեց. «Այն, ինչ ասել է ԱԱԾ-ն, համապատասխանում է իրականությանը»:
Նա հորդորեց կուսակցություններին ձեռնպահ մնան տարբեր որակումներ տալուց, որովհետեւ ԱԱԾ-ն հայտարարել է՝ անհերքելի փաստեր գոյություն ունեն: Իսագուլյանը նշեց, որ տվյալ տեսակի զենիթա-հրթիռային համակարգը՝ Իգլան հիմնականում նախատեսված է 3-5 կմ բարձրությամբ թռչող օբյեկտների ոչնչացման համար:
Թե ինչպես է նախատեսված եղել այն օգտագործել՝ պարզ չէ, բայց որ ԱԱԾ-ն անհերքելի փաստեր ունի, ըստ Իսագուլյանի, որեւէ հիմք չունենք չվստահելու Կուտոյանին ու ԱԱԾ-ին, այդ տեղեկությունները հավաստի են, թեեւ անմեղության կանխավարկած կա. «Քննությունը ցույց կտա, թե ինչ նպատակ են հետապնդել, արդյոք դա նախատեսված է եղել որոշակի գործողությունների համար, բայց եկեք չքաղաքականացնենք ու ասենք, որ ինչ-որ դաշինքի վարկանիշը աճում էր, ուրեմն իշխանությունները պետք է գնային այդ քայլերին»:
Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ ինֆորմացիան իմանալուց հետո առաջինը Անդրանիկ Թեւանյանին է զանգել, որ ճշտի՝ համապատասխանո՞ւմ է իրականությանը այդ լուրը, որ Բաբայանին ձերբակալել են: Որոշ ճշտումներ անելուց հետո Գառնիկ Իսագուլյանը համոզվել է՝ որեւէ քաղաքական ենթատեքստ չկա:
Կարդացեք նաև
Լրագրողները հարցրեցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ Վրաստանը հերքել է, որ իրենց տարածքով նման համակարգ է տեղափոխվել ՀՀ՝ Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց. «Վրաստանը կարող էր հերքել, որովհետեւ դա բավականին լուրջ համակարգ է, այդ համակարգի միջոցով կարելի է խոյահարել ոչ միայն մարտական ինքնաթիռներ, այլ նաեւ քաղաքացիական, ուղղաթիռներ, բնականաբար, Վրաստանը պետք է հերքի: Կարող է իրենք նաեւ ընդհանրապես տեղյակ չեն»:
Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ գուցե Բաբայանը վաճառելու նպատակով է բերել, գուցե Հայաստանը որպես տարանցիկ երկիր է եղել, հետագայում ուզել են տեղափոխել այլ երկիր, այդ հարցերը դեռ պետք է պարզվի:
Հարցին՝ մինչ այդ Սամվել Բաբայանը զբաղվե՞լ է զենքի վաճառքով, իրեն լավ ճանաչում եք՝ Իսագուլյանն ասաց, որ չգիտի, գուցե շատ էժան կարողացել է հայթայթել եւ նպատակ է ունեցել պաշտպանության բանակին փոխանցել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ