Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյանը`Տեր-Պետրոսյանին. Ստորագրելով մադրիդյան սկզբունքները՝ կարող ենք տանուլ տալ

Մարտ 23,2017 12:45

Նախօրեին «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի առաջնորդ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը`Հանրային հեռուստաընկերության եթերում բուռն քննարկումների տեղիք տվեց: Նախ` իրադարձություն էր, տասնամյակների, այսպես ասած, խզումից հետո, Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը, ապա, ԼՂՀ խնդրի շուրջ առաջին նախագահի մոտեցումներն ընկալվեցին իբրեւ գործող իշխանությանը եւ ԼՂՀ հարցում նրա վարած քաղաքականությունը լեգիտիմացնելու փորձեր: Սոցցանցերի քննարկումներից նաեւ պարզ դարձավ, որ մարդկանց հիշողությունում դեռ թարմ են ավազակապետությունը հեռացնելու, ավգյան ախոռները մաքրելու եւ համանման այլ հայտարարությունները:

ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն ուշադիր է հետեւել նախագահ Տեր-Պետրոսյանի խոսքին: Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ մի բանում ակնհայտորեն պետք է համաձայնվել Տեր-Պետրոսյանի հետ`հակամարտության կարգավորման խնդրում ամենաշահագրգռվածն օրվա իշխանություններն են լինելու. «Որովհետեւ չկարգավորված ղարաբաղյան կոնֆլիկտը լուրջ տնտեսական խնդիրներ է առաջացնելու`ծախսերի արդյունավետության իմաստով: Այն, ինչ մենք դնում ենք սպառազինության վրա, կարող ենք օգտագործել տնտեսության համար: Նաեւ, ներդրումներ ներգրավելու տեսանկյունից են լուրջ ռիսկեր առաջանում, առավել ևս, եթե այդ կոնֆլիկտը երբեմն-երբեմն թեժանալու հակում ունի: Ուստի, ամենաշահագրգիռը, միշտ լինելու է օրվա իշխանությունը»:

Խոսրով Հարությունյանը նաեւ նկատում է`բանակցային սեղանին առկա փաստաթղթի`մադրիդյան սկզբունքների մեջ, այսօր բոլորն են տեսնում խնդրի կարգավորման ինչ-որ մի հնարավորություն, այդ թվում նաեւ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, մինչդեռ ժամանակին ամենատարբեր մեկնաբանությունների էին դրանք արժանանում:

Այնուհանդերձ, մեր զրուցակիցն ասում է, որ առաջին նախագահի եւ ներկայիս քաղաքական ղեկավարության մոտեցումներում կան նաեւ տարբերություններ: Դրանք, իր դիտարկմամբ, հետեւյալն են. «Ենթադրել, որ ստորագրելով մադրիդյան սկզբունքները, այսինքն, դեպի խաղաղություն մի շատ կարեւոր եւ վճռորոշ քայլ անելով, մենք Ադրբեջանին կդնենք միջազգային սարսափելի ճնշման տակ, այնպիսի, որ Ադրբեջանը ստիպված կլինի ընդառաջ քայլեր կատարել`մի քիչ կասկածում եմ: Նրանց նկատմամբ միջազգային ճնշում կգործադրվի: Բայց ունենալով այնպիսի դաշնակից, ինչպիսին Թուրքիան է, Ադրբեջանի վրա ճնշում գործադրելը հեշտ ի լինելու: Թուրքիան երբեւէ չի թողնի Ադրբեջանին միայնակ`միջազգային հուժկու ճնշման տակ: Թուրքիան այդքան ռեսուրս ունի: Մի պետություն, որն, ըստ էության, ձեռնոց է նետել ամբողջ Արեւմուտքին: Նման դաշնակից ունեցող Ադրբեջանի վրա ճնշում գործադրելը շատ դժվար կլինի»:

Վկայակոչելով նաեւ Ադրբեջանի քաղաքական ղեկավարության ամբարտավան կեցվածքն իր երկրում մարդու իրավունքների պաշտպանության հարցում, քաղաքական ազատությունների ոտնահարման հարցում Արեւմուտքի արդարացի քննադատությունների նկատմամբ, մեր զրուցակիցը նկատում է. «Հետեւաբար, ենթադրել, որ Ադրբեջանը խայտառակ կլինի, ամոթի զգացումից դրդված կգնա ընդառաջ`խիստ կասկածում եմ»:

Ավելին, իր պատկերացմամբ, կարող է այլ բան տեղի ունենալ. «Եթե Ադրբեջանը շարունակի համառել, իսկ նա կհամառի, դրանով, ըստ էության, կկանգնեցնենք բանակցային գործընթացը, իսկ բանակցային գործընթացի ընդհատվելն ուղղակի բխում է Ադրբեջանի ռազմավարական հետաքրքրություններից: Դա մեզ կդնի ավելի ծանր վիճակի մեջ եւ ոչ միայն մեզ»:

Այս տարբերակի դեպքում էլ, եթե անգամ ընդհատված բանակցային գործընթացը վերականգնվի, մեր զրուցակցի համոզմամբ, Ադրբեջանը կպահանջի նոր մեկնարկային դիրքեր`թելադրելով պահանջներ, որոնք կարող են բոլորովին տարբերվել մադրիդյան սկզբունքներից: Ու որպեսզի բանակցային գործընթացը վերսկսվի, միջազգային հանրությունը կարող է ընդառաջել Ադրբեջանին: «Հետեւաբար, նաեւ այս հանգամանքները պետք է հաշվի առնել: Ամեն դեպքում, ես այն կարծիքին եմ, որ պետք է շարունակել ջանքեր գործադրել`Ադրբեջանին բանակցային սեղանի շուրջ պահելու եւ նրանից փոխզիջումներ կորզելու ուղղությամբ: Այստեղ, կարծես, մենք Տեր-Պետրոսյանի հետ միասին, նույն կարծիքին ենք»,- ասաց Խոսրով Հարությունյանը`հավելելով, որ հարցի հանրային քննարկումներում Տեր-Պետրոսյանի թեզը կարող է նոր հոսանք առաջացնել, բայց, միաժամանակ, պետք է շատ զգույշ լինենք, որպեսզի ծայրահեղության մեջ չընկնենք:

Քաղաքական կուլիսներում վաղուց խոսակցություններ են պտտվում, որ Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ համաձայնություն կա եւ ՀԱԿ-ը հաջորդ խորհրդարանում ներկայացված է լինելու, քանի որ այն միակ ուժն է, որը հրապարակային սատարում է ԼՂՀ հարցի կարգավորման`իշխանության մոտեցումը: Նաեւ`խոսակցություններ եղան, որ մարզպետներին հանձնարարվել էր տեղերում մարդկային եւ ֆինանսական ռեսուրսներ ապահովել, վերաբացել ՀԱԿ-ի գրասենյակները: Aravot.am-ի այս դիտարկումներին Խոսրով Հարությունյանն այսպես արձագանքեց. «ՀԱԿ-ն այն քաղաքական ուժերից է, որը ամենուրեք, ամենադաժան եւ ամենակոշտ կերպով քննադատում է իշխանություններին: Ընդ որում` ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման պլատֆորմում էլ մենք ունենք տարաձայնություններ: Ասել, որ այդ տարաձայնությունները մեղմ են`թույլ տվեք չհամաձայնել: ՀԱԿ-ը կամ Տեր-Պետրոսյանը ոչ թե սատարում են իշխանություններին, այլ փաստում են իրողությունները`ասելով բաներ, որոնք բնորոշ են ցանկացած պետական, քաղաքական գործչին, էլ չեմ ասում ցանկացած բանական անձնավորության: ՀԱԿ-ը հանդես է գալիս սեփական պլատֆորմով, որպես իսկական ընդդիմություն: ԵԼՔ-ին հավասար ընդդիմություն են: ԵԼՔ-ը հաճախ շատ կոշտ դիրքերից է հանդես գալիս, բայց կարծում եմ, հաճախ ՀԱԿ-ն էլ չի զիջում ԵԼՔ-ին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գնել says:

    Խոստովահովանուն են, որ ՌԴ-ն վստահելի դաշնակից չէ…..

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031