Ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւի կարծիքով, այս պահին, եթե հայկական կողմը գնա կտրուկ զիջումների, սա նախ կունենա Բաքվի համար քարոզչական արդյունք ապրիլյան պատերազմական գործողություններից հետո։ «Մյուս կողմից, Ռուսաստանն, իհարկե, կցանկանար խնդիրը տեսնել կարգավորված, իսկ տարածաշրջանը՝ կայուն, սակայն այս պահին դա գրեթե անհնար է։ Ստիպել կողմերին՝ լուծել խնդիրը, դա կարող է ուղղել նրանց նոր արկածախնդրության ռազմաճակատում։ Կողմերն ավելի շատ խոսում են պատերազմից, քան խաղաղությունից։ Երբ կողմերին միջազգային միջնորդներն ասում են, որ պատրաստեք ձեր հասարակություններին խաղաղության, նրանք պատասխանում են՝ այո, սակայն վերադառնում են Բաքու եւ Երեւան ու պատրաստվում պատերազմի։ Սա է իրողությունը»,- ասաց նա։ «Ուստի, այս պահին զիջումները եւ կողմերում առկա տրամադրությունները ոչ մի կերպ չեն համընկնում եւ չեն խոսում խնդրի կարգավորման օգտին»,- ասաց նա:
Ռուսաստանցի փորձագետ, Կովկասի հարցերով հայտնի մասնագետ Սերգեյ Մարկեդոնովի կարծիքով էլ պետք չէ սպասել, որ Ռուսաստանը կողմերից մեկի վրա հուժկու ճնշում կգործադրի խնդրի վերջնական կարգավորմանը հասնելու համար։ «Ճնշումներով չի էլ ստորագրվի, ստորագրվեց էլ, այն շատ
խարխուլ խաղաղություն է լինելու, քանի որ ներքին դիմադրողականությունը մեծ է լինելու դրան։ Միակ տարբերակը զորքը մտցնել եւ իրավիճակը զենքի ուժով վերահսկողության տակ պահելն է, բայց դա ՌԴ-ն չի անի, քանի որ նախ մի կողմից Իլհամ Ալիեւն Ասադը չէ, որին ուզում են վերացնել ու ՌԴ-ի ազդեցությունը չեզոքացնել։ Մյուս կողմից Ալիեւը Սահակաշվիլի չէ, որը պատրաստ է Արեւմուտքին տրվել ու պատերազմ սկսել ՌԴ-ի դեմ»,- նշեց Մարկեդոնովը։
Արշալույս ՄՂԴԵՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում