Աջակցություն Հայաստանի Հանրապետական կուսակցությանը 2017թ. ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում
ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի տեսաուղերձը
Հարգելի Նախագահ Սարգսյան,
Հայաստանի Հանրապետական կուսակցության հարգելի ընկերներ,
Կարդացեք նաև
Հաճույքով ձեզ եմ ուղղում հաջողության իմ բարեմաղթանքները ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ:
Այս ընտրությունները կլինեն առաջինը այն պահից ի վեր, ինչ Հայաստանը 2015թ. Սահմանադրական հանրաքվեի արդյունքում դարձել է խորհրդարանական երկիր: Դրանք նաև կլինեն առաջինը, որոնք տեղի կունենան նոր Ընտրական օրենսգրքի շրջանակներում, որի նախաձեռնողը Հանրապետական կուսակցությունն էր:
Ընդսմին ընտրությունները ձեր ժողովրդավարությունը փորձարկելու կարևոր հնարավորություն են ընձեռում: Էական է, որ դրանք անցնեն ամենայն ազատությամբ և թափանցիկությամբ, խաղաղ պայմաններում, միջազգային չափանիշներին համապատասխան: Վստահ եմ, որ ձեր ղեկավարությունը կանի անհրաժեշտ ամենբան՝ հենց այդպիսի ընտրություններ կազմակերպելու համար:
Եվ դա կարվի ոչ թե ձեր միջազգային գործընկերներին բավարարելու նպատակով, այլ ի շահ ձեր երկրի և ձեր քաղաքացիների:
Կասկած չկա, որ ազատ և արդար ընտրությունները նախապայման են Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների հետագա խորացման, ինչին վերջերս նախաստորագրված համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը նոր թափ կհաղորդի:
Առաջին հերթին դրանից կօգտվեն Հայաստանի քաղաքացիները:
Քանզի կայացած ժողովրդավարությունը կարող է դարձնել Հայաստանը ավելի ուժեղ: Ամրապնդել իրավունքի գերակայությունը, պայքարել կոռուպցիայի դեմ, ապահովել դատական համակարգի անկախությունը և երաշխավորել երկրի քաղաքական կայունությունը. Այս ամենը ուղղակի ազնիվ նպատակներ չեն: Դրանք նաև միջոց են, որն օգտագործելով՝Հայաստանը կարող է դառնալ ավելի գրավիչ միջազգային ներդրողների և արտասահմանյան ձեռնարկությունների համար, ինչը ձեր երկրում կապահովի տնտեսական աճ և նոր աշխատատեղեր:
Հայաստանի Հանրապետական կուսակցության հարգելի ընկերներ,
Իհարկե, գործընթացը, որի մասին ես խոսում եմ, հաջողությամբ պսակելու համար պահանջվում է բոլոր քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության բոլոր հատվածների մասնակցություն և ներգրավվածություն:
Բայց, ինչպես ես սիրում եմ հիշեցնել իշխանություն կազմած մեր անդամ կուսակցություններին, մեծ իշխանությունը ենթադրում է մեծ պատասխանատվություն:
Որպես իշխող կուսակցություն՝ այդ պատասխանատվությունը առաջին հերթին ընկնում է ձեր վրա, քանի որ հայաստանցիները առաջին հերթին ձեզ կհամարեն պատասխանատու, եթե դուք ընդունակ չլինեք արդարացնել ժողովրդավարության, կայունության, տնտեսական և կառուցվածքային անհրաժեշտ բարեփոխումների իրականացմամբ, նաև բարգավաճման հետ կապված նրանց սպասելիքները: Դա մի դժվարին պատասխանատվություն է, բայց իմանալով ձեր ներգրավվածությունը և ակտիվ աշխատանքը ԵԺԿ-ի շրջանակներում, վատթարություն եմ հայտնում, որ դուք կհաջողեք:
Եվ իմ վերջին մաղթանքը, ընկերներ, որը ես կցանկանայի ձևակերպել այս ընտրությունների առնչությամբ: Վերջին տարիները Եվրոպայում նշանավորվել են պոպուլիստական և ծայրահեղական կուսակցությունների առաջխաղացմամբ: Բարեբախտաբար, պոպուլիստները չկարողացան ցանկալի արդյունքի հասնել Նիդեռլանդներում, բայց մեզ դեռ սպասում են բազմաթիվ կարևոր ընտրական գործընթացներ, այդ թվում նաև՝ իմ երկրում, և ես նույնիսկ չեմ ցանկանում պատկերացնել, թե ինչ աղետներ կառաջացնի Մարին Լը Պենի հաղթանակը Ֆրանսիայի և Եվրոպայի համար:
Ես ձեզ մաղթում եմ, որ ձեր ընտրողները շարունակեն վստահել պատասխանատու ուժերին, ինչպիսին է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, և խուսափեն բոլոր պոպուլիստական շեղումներից: Բայց դրա համար դուք պետք է կարողանաք լսել նրանց և արձագանքել նրանց մտավախություններին և սպասելիքներին:
Հարգելի ընկերներ, հաջողություն եմ ցանկանում ձեր բոլոր թեկնածուներին, որպեսզի Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կարողանա շարունակել առաջնորդել ձեր երկիրը ճիշտ ճանապարհով:
Մամլո հաղորդագրություն