Հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի կանոնները կրկին փոփոխության են ենթարկվելու: Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել, որի համաձայն երկու ոճերում նախատեսվում է ավելացնել երկու քաշային կարգ՝ դրանք թիվը 8-ից հասցնելով 10-ի: Առաջարկվում է նաեւ յուրաքանչյուր քաշային կարգում չեմպիոնին եւ մրցանակակիրներին որոշել երկու օրում (ներկայումս գործող կանոններով մեդալների տերերը հայտնի են դառնում նույն օրում):
Նոր կարգով առաջարկվում է, որպեսզի տվյալ քաշի ըմբիշները կշռվեն մրցման օրը՝ առավոտյան, որից հետո գոտեմարտերը շարունակվեն մինչեւ երեկո: Իսկ եզրափակչի եւ մեդալների համար գոտեմարտերը անցկացվեն հաջորդ օրը: Սակայն մարզիկները այդ ժամանակ մեկ անգամ եւս պետք է կշռվեն, սակայն արդեն իրենց քաշային կարգից երկու կիլոգրամ ավելի կշռելու թույլտվությամբ:
Քաշային կարգերի փոփոխությունը նախատեսվում է հաստատման ներկայացնել մինչեւ այս տարի Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությունը՝ կայանալիք UWW-ի համաժողովում: Հաստատվելու դեպքում մեծահասակների, մինչեւ 23 տարեկանների ու երիտասարդների նոր քաշային կարգերն ուժի մեջ կմտնեն 2018 թվականի հունվարի 1-ից:
Երկօրյա մրցութային ձեւաչափը կկիրառվի նաեւ երիտասարդների Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում, որոնք կկայանան, համապատասխանաբար, հուլիսին՝ Սարաեւոյում եւ սեպտեմբերին՝ Աթենքում: Այս նորամուծությունը UWW-ի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցումներում վերջնականապես ուժի մեջ մտնելու է 2018 թվականի հունվարի 1-ից:
Կարդացեք նաև
Մի նորամուծություն էլ կա: Աշխարհի առաջնության մրցաշարային ցանցում առաջատարների ավելի արդարացի բաշխման նպատակով UWW-ի բյուրոյի անդամները քվեարկել են ըմբիշների ամենամյա վարկանիշային աղյուսակ ստեղծելու օգտին: Այս տարվա Փարիզի աշխարհի առաջնությունում վարկանիշը կորոշվի Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի եւ 2017 թ-ի մայրցամաքային առաջնությունների արդյունքներով: Ակնկալվում է, որ հաջորդ մրցաշրջանից սկսած վարկանիշային աղյուսակը որոշելիս հաշվի կառնվեն նաեւ մի քանի այլ մրցաշարերի արդյունքներ:
«Այս բարեփոխումները մեր մարզաձեւն ավելի դիտարժան կդարձնեն հանդիսատեսի եւ ըմբիշների համար»,- նշել է UWW-ի նախագահ, սերբ Նենադ Լալովիչը: Սակայն Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան դեռ չի շտապում այս առիթով կարծիք արտահայտել, քանի որ նոր կանոնների վերջնական տարբերակը UWW-ն ազգային ֆեդերացիաներին տրամադրելու է ապրիլի սկզբներին:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
23,03.2017