Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանոթանալ սկզբնաղբյուրին

Մարտ 23,2017 10:30

Տեր-Պետրոսյանի հարցազրույցը Հանրային հեռուստատեսությանը շարունակում է մնալ համացանցում ամենաքննարկվող թեման: Երկու դրական պահ կցանկանայի շեշտել: Նախ՝ այն, որ Հանրային հեռուստատեսությունը հարցազրույցի է հրավիրել առաջին նախագահին, եւ դրանով, հուսամ, կամաց-կամաց հեռանում է քոչարյանական «Հայլուրի» ագրեսիվ, անհանդուրժող ոճից:

Երբ Ֆեյսբուքում այլ լրագրողներ սկսում են քննադատել ոչ թե հարցազրույց տվողի մտքերը, այլ հարցազրույց վերցնող լրագրողին («բա ինչո՞ւ էս հարցը չտվեցիր»), դա, ինձ թվում է, մասնագիտական խանդի շրջանակներում «հայկական չուզողության» դրսեւորում է: Ի դեպ, ամբողջ քաղաքակիրթ աշխարհում նախկին նախագահներին դիմում են «պարոն նախագահ»:

Երկրորդ հաճելի պահն այն է, որ Առաջին նախագահը առողջ, առույգ տեսք ունի եւ շարունակում է նույն հետեւողականությամբ առաջ քաշել իր գաղափարները:
Ես չեմ պատրաստվում քննարկել այդ գաղափարներն ըստ էության, որովհետեւ վստահ եմ՝ դա փորձագետների, հարցի մեջ խորացած մարդկանց գործն է: Փոխարենն ուզում եմ անդրադառնալ մեկ այլ՝ զուտ ֆեյսբուքյան ֆենոմենի. օգտատերերի մեծ մասը «2-3 շերտով» հեռու է քննարկման թեմայի սկզբնաղբյուրից: Ինչը նկատի ունեմ: Ենթադրենք, մեկը լսել է Տեր-Պետրոսյանի հարցազրույցը եւ սոցցանցում գրում է իր եզրակացությունը՝ «Լեւոնն ուզում է մեր հողերը հանձնել Ադրբեջանին» («շնորհակալություն, ձեր գրառումը տեղ է գտել մեր կայքում»): Այդ «լրատվությունը» հիմք ընդունելով՝ 10 հոգի, արդեն չծանոթանալով հարցազրույցին, տալիս է իր մեկնաբանությունը՝ «հող հանձնելը դավաճանություն է», «արյամբ ձեռք բերվածը թշնամուն չեն վերադարձնում» եւ այլն` այդպես է ձեւավորվում «երկրորդ շերտը»: Դրանից հետո 100 հոգի, չծանոթանալով առաջին մեկնաբանության հեղինակի գրառմանը եւ կարդալով միայն հիշյալ 10 հոգու մեկնաբանությունները, գրում են իրենց եզրակացությունները՝ «դե, ես միշտ էլ գիտեի, որ նա սիոնիստ է», «էս սաղ իշխանության խաղերն են» եւ այլն՝ դա արդեն «երրորդ շերտն է»: Եվ այսպես շարունակ: «Շերտերի» եւ դրանց «մասնակիցների» քանակը կարող է լինել անսահմանափակ, թվերը պայմանական են՝ նպատակս մեխանիզմը ցույց տալն էր: Իհարկե, ֆեյսբուքում կարող է լինել նաեւ «գովաբանական» շերտերի շարան՝ «Լեւոնն աստված է, նա երբեք չի սխալվում»-«ով նրան բան է ասում, անգրագետ է»-«այդ դաշնակցականներն են կործանել առաջին հանրապետությունը»: Բայց համաձայնեք՝ Ֆեյսբուքում բացասականն ավելի «կայֆով» է կարդացվում:

Ցավոք, դա վերաբերում է ոչ միայն քաղաքականությանը: Ենթադրենք, Ֆոլքների «Շառաչ եւ ցասում» վեպը կարդացել է 100 հոգի, դրա հակիրճ համացանցային սեղմնագիրը (որը, բնականաբար, որեւէ աղերս չունի բուն ստեղծագործության հետ)՝ 500 հոգի, այդ սեղմագիրը կարդացողների դատողությունների հիման վրա մեկնաբանություններ անողները կարող են մի քանի հազարի հասնել: Որեւէ զուգահեռ չեմ տանում: Պարզապես գնահատում եմ բնօրինակը կարդացողներին:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ruben says:

    Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (Հատուկ մաս) հիման վրա կարելի է դատապարտել հանրապետության (գրեթե) բոլոր քաղաքացիներին:
    Պետության անվտանգությունն ու զարգացում ապահովվող ծառայությունները, ժողովրդի ծառաները՝ այդպես էլ «չծնվեցին» (ի շնորհ ԼՏՊ-ի, նրա տերերի ու հետեվվորդերի):
    Ղարաբաղ (№2) կոմիտեի հնարած սուտը երկար տեւեց:

  2. Լավատես says:

    Չկան միանշանակ միջազգային Գործող օրենքներ, որովհետեւ չկա Գործող միջազգային պետություն՝ իր բոլոր բաղկացուցիչ երեք իշխանություններով, բայց կան սեփական պետության միանշանակ Գործող շահեր, դրա համար եթե մենք մեր շահերը զոհաբերենք միջազգային ոչ միանշանակ ու ոչ արդյունավետ միջազգային որոշումներին, դա պարզապես կամ դավաճանություն է, կամ էլ լավագույն դեպքում՝ էշություն: Մենք պետք է հասկանանք, որ Պետություն լինել նշանակում է անդադար գոյության պայքար եւ դա շատ լավ է, իսկ անգյալները թող խաղաղությունից խոսեն:
    Հետգիր՝ եթե խաղաղություն է կնքվում երկու երկրների միջեւ, դա արվում է միայն մի նպատակով՝ միավորել ուժերը երրորդ ուժի դեմ, դե հիմա ասեք, էդ ո՞րն է մեր ընդհանուր թշնամին, բացի այլմոլորակայիններից:

  3. Վարազ Սյունի says:

    Լ.Տեր-Պ.-ի ասածը վերաբերում է անցյալի՛ն: Թրամփի օրոք ՆՈՐ իրավիճակ է: Ուկրաինան էլ իր միջուկային զենքերը հետ տվեց՝ միջազգային հանրության գրավոր «երաշխավորության» դիմաց. որ երկրի տարածքային ամբողջականությունը կապահովեն (երաշխավորներից մեկը հենց Ռուսաստանն էր): Եթե Ռուսաստանն իրականու՛մ Արցախի խնդրի լուծում ցանկանար, ԱՅԴՔԱՆ հարձակողակա՛ն զենք չէր վաճառի Ադրբեջանին: Մինսկի խմբի համանախագահ միակ երկիրը, որ հակամարտող կողմերին հարձակողական զենքեր է տալիս: Պարոն Տեր-Պետրոսյան,ես գիտեմ խնդրի լուծման ուղին. ԵՏՄ մտնելիս ՀՀ իշխանությունները պաշտոնապե՛ս հայտարարեցին, որ ԼՂՀ-ն «դե յուրե ՀՀ մաս չէ»: Ուրեմն՝ թողեք,որ (ձեր գնահատմամբ՝ միջազգային հանրության կողմից հակամարտության կողմ ճանաչված) Արցախն ի՛ր հարցերը լուծի Ադրբեջանի հետ,իսկ Հայաստանը թող աջակցի Արցախին, բայց ոչ Արցա՛խի անունից գործի: ՀԳ. 99%-ը «ոչինչ չի հասկանում»,միայն Լ.Տեր-Պետրոսյանն ու մնացած 1%-ն է «ամեն ինչ հասկանում»:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031