Մարտի 22-ին Լոնդոնի կենտրոնում խորհրդարանի մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 40-ը: Զոհերի թվում է նաև հարձակում գործած անձը:
Իրադարձությունների խրոնիկա
Մարտի 22-ի առավոտյան տեղի ժամանակով ժամը 14.40-ին ավտոմեքենայի ղեկին գտնվող տղամարդը միտումնավոր վրաերթի է ենթարկել մարդկանց Վեսթմինսթերի կամուրջի վրա: Պատահարի հետևանքով զոհվել է առնվազն 3 մարդ:
Այնուհետև ավտոմեքենան շարժվել է դեպի բրիտանական խորհրդարանի շենքի ուղղությամբ և բախվել է Վեսթմինսթերի պալատի պարսպին: Դանակով զինված տղամարդը դուրս է եկել ավտոմեքենայից՝ վազելով դեպի խորհրդարանի շենք, սակայն ոստիկանները փակել են նրա ճանապարհը: Տղամարդը դանակով հարձակվել է անզեն ոստիկանի վրա, ինչի հետևանքով վերջինս զոհվել է: Դեպքի վայր ժամանած ոստիկանական զինված ջոկատը կրակել է հարձակում գործած անձի վրա. վերջինս զոհվել է:
Կարդացեք նաև
Ինչ է հայտնի հարձակում գործած անձի մասին
Ուշ երեկոյան Սքոթլենդ-յարդի հակաահաբեկչական ստորաբաժանման ղեկավար Մարկ Ռոուլին հաղորդել է, որ չարագործի անձը պարզվել է, բայց այլ մանրամասներ չի ներկայացրել: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը տեղի ունեցածը որակել է որպես հրեշավոր և սարսափելի հարձակում: Նրա խոսքով՝ ահաբեկչության սպառնալիքի վտանգը երկրում «զգալի է», ինչը նշանակում է, որ նոր ահաբեկչությունների հավանականությունը ծայրահեղ բարձր է:
Սքոթլենդ-յարդի տվյալներով՝ հարձակումը գործած անձը միայնակ է գործել: Միևնույն ժամանակ ոստիկանությունը ստուգում է՝ արդյոք նա սեփական նախաձեռնությամբ է գործել, թե համախոհներ է ունեցել:
Առայժմ ոչ մի ծայրահեղական կազմակերպություն չի ստանձնել լոնդոնյան հարձակման պատասխանատվությունը: Նշենք, որ Եվրոպայում նախկինում տեղի ունեցած հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը:
Միջազգային արձագանք
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ահաբեկչությունից հետո հեռախոսազրույց է ունեցել Մեյի հետ ու աջակցություն խոստացել Մեծ Բրիտանիայի կառավարությանը՝ ահաբեկչությանը համարժեք պատասխան տալու հարցում:
Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի և մի շարք այլ պետությունների ղեկավարներն իրենց ցավակցությունն ու համերաշխությունն են հայտնել Մեծ Բրիտանիային:
https://youtu.be/H26c1zORgBw