Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչու է Ծառուկյանը վտանգավոր իշխանությունների համար

Մարտ 23,2017 18:00

Արարատ Զուրաբյանը վստահ է՝ Սերժ Սարգսյանը որեւէ վտանգ
չի տեսնում մնացած 7 քաղաքական ուժերի մեջ

«Հեղափոխության պրոցեսների ժամանակ դուք տեղյա՞կ եք Գագիկ Ծառուկյանի շրջապատից, քանի՞ մարդ էր կոնկրետ հայտնվել մեկուսարաններում, քննության տակ: Հարյուրավոր: Դուք պատկերացրեք, որ մեր իշխանությունը ճնշումներ իրականացնելիս շատ հստակ տիրապետում է մեթոդաբանությանը, որով կարելի է մարդուն տանել, անկյուն մտցնել… Ինձ համար ողջունելի է, որ Գագիկ Ծառուկյանը վերադարձել է քաղաքականություն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքի անդամ Արարատ Զուրաբյանը:

Մեր հարցին՝ հիմա այդ նույն լծակները չունի՞ իշխանությունը, նույն ռեսուրսներին է տիրապետում եւ նույն քայլերը կարող է անել, Արարատ Զուրաբյանը պատասխանեց. «Հիմա իրավիճակն է այլ: Այն ժամանակ մեկ-մեկ ինձ հարց էին տալիս, ասում էին՝ բա էն ժամանակ ինչո՞ւ դուք մաս չէիք կազմում այդ ամենին: Շատ լավ, ասեմ՝ ոչ ընտրական շրջանում փորձել իշխանություն փոխել Հայաստանի տիպի երկրում հնարավոր է միայն մեկ ճանապարհով, այդ ճանապարհն ինձ համար անընդունելի է: Երկրորդ ճանապարհ ես չեմ տեսնում, որովհետեւ ես չեմ հավատում, որ ՀՀ իշխանությունները մի օր տեսնեն մարդկային զանգված, որը հավաքվել է հրապարակում, ինչքան էլ այդ զանգվածը մեծ լինի, ասեն՝ այ, քանի որ այսքան մարդ չի ուզում մեզ, մենք հեռանում ենք: Ես դա անհնար եմ համարում: Կարծում եմ, որ մեր իշխանությունները բոլոր մեթոդները կօգտագործեն: Այլ բան է ընտրական պրոցեսը, որի արդյունքում շատ հնարավոր է իշխանության փոփոխություն: Եթե մենք իմանանք, որ Հայաստանում երբեք իշխանության փոփոխություն չի լինելու, ավելի ճիշտ կլինի բոլորս մտածենք, որ Հայաստանը ինչքան էլ մեր հայրենիքն է, այստեղ ապրելու, երեխա մեծացնելու, ապագա տեսնելու հնարավորությունը բացառված է ու անիմաստ: Ես կարծում եմ, որ մի օր իշխանությունը փոխվելու է հենց ընտրությունների միջոցով»:

Արարատ Զուրաբյանն ասել էր, որ ընդդիմադիր մյուս ուժերի հետ հանդիպումներին շատ քիչ թվով մարդիկ են հավաքվում, իսկ Ծառուկյանի հավաքը շատ բազմամարդ է լինում: Մեր հարցին՝ արդյո՞ք դա ցուցիչ է, որ եթե հավաքին շատ մարդ է գալիս, ուրեմն հենց այդ ուժին էլ ձայն են տալու, որովհետեւ ընդդիմադիրներն ասում են՝ իրենց հավաքներին չեն գալիս, բայց ձայն տալիս են, իսկ Ծառուկյանը կարող է ավտոբուսներով էլ մարդկանց բերի, եւ հավաքը բազմամարդ լինի, Արարատ Զուրաբյանը պատասխանեց. «Այսօր ամենաընդդիմադիր քաղաքական ուժը «Ծառուկյան» դաշինքն է: Սա ակնհայտ է: Վստահ եղեք, Սերժ Սարգսյանը որեւէ վտանգ չի տեսնում մնացած ցանկացած 7 քաղաքական ուժերից ում ուզում եք թվարկեք: Նրանց մեջ վտանգ չի տեսնում, որ կարող են այնքան ձայն հավաքել, որ փոխեն իշխանությունը: Միակ այդ վտանգը տեսնում է «Ծառուկյան» դաշինքի մեջ: Սա ակնհայտ է: Եթե ՀՀԿ-ն հավաքի, ենթադրենք, 35 տոկոս, իսկ «Ծառուկյան» դաշինքը՝ 36 տոկոս, Ծառուկյանն է իշխանություն ձեւավորելու: Ես էլ գիտեմ, որ ՀՀԿ-ն ամեն ինչ անելու է, որ դա տեղի չունենա: Բոլորիցս է կախված՝ դա իրականություն կդառնա՞, թե՞ չի դառնա: Կարելի է սիրել կամ չսիրել «Ծառուկյան» դաշինքը, բայց մի բան ակնհայտ է՝ այն քաղաքական ուժը այսօրվա հայաստանյան քաղաքական ներկապնակում, որը կարող է փոխել այս իշխանությունը, ձեւավորել նոր իշխանություն, «Ծառուկյան» դաշինքն է: Ինձ համար սա ակնհայտ է»:

Մեր հարցին՝ այդ դեպքում, եթե ամենաընդդիմադիրն է, մարզերից մեկում, երբ Գագիկ Ծառուկյանին մոտեցավ մի քաղաքացի եւ փորձեց Սերժ Սարգսյանից բողոքել, ինչո՞ւ նա թույլ չտվեց, որ նա շարունակի, Արարատ Զուրաբյանը պատասխանեց. «Ես այսօր բազմաթիվ ոչ հաճելի բաներ ասեցի ՀՀ իշխանությանը, եւ ես մաս եմ կազմում «Ծառուկյան» դաշինքին: Կարծում եմ, որ «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող անհատներից շատ շատերը այս ընթացքում շատ բաներ են ասել, որոնք չեն ծառայում ՀՀԿ-ականների իմիջի բարձրացմանը: Ինքը՝ Գագիկ Ծառուկյանը, ասելով, որ մենք պետք է փոխենք, կառուցենք, որ պետք է այս-այս երեւույթները իրականացնենք, հստակ նշում է, որ այն վիճակը, որն այսօր առկա է ՀՀ-ում, վիճակ, որի պատասխանատուն է ՀՀԿ-ն, չի բավարարում մեր հասարակությանը, չի բավարարում անձամբ իրեն եւ իր թիմին, եւ նա պատրաստվում է դա փոխել: Եվ ասել, որ նա թույլ չտվեց Սերժ Սարգսյանին բան ասեն՝ դեռ ոչ մի բան չի նշանակում»:

Հարցին՝ պատրա՞ստ է Ծառուկյանը Սերժ Սարգսյանի դեմ դուրս գալ, նա պատասխանեց. «Ինձ թվում է՝ Ծառուկյանը նրանով, որ արդեն վերադարձել է քաղաքականություն, ամենալուրջ եւ ծանրակշիռ քայլն է կատարել՝ դեմ դուրս գալու Սերժ Սարգսյանին»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

22,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031