Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուխներս տեղն է, վարչապետ ջան, բայց էսպես չի լինի»

Մարտ 23,2017 17:30

Մեծ Մանթաշի բնակչուհին՝ վարչապետին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ շրջագայեց Շիրակի մարզի մի շարք գյուղերով. նա սկզբում եղավ Արթիկի տարածաշրջանի Մեծ Մանթաշ գյուղում, այնուհետ Փոքր Մանթաշում, Սարալանջում, Նահապետավանում, Հռոմում, Առատանում, Արեւիկում, իսկ քիչ ուշ եղավ Գյումրիում «Կումայրի» արգելոցում գնած իր երկհարկանի շենքի տարածքում՝ ծանոթանալով այնտեղ ընթացող շինարարությանը։ Թեեւ ի սկզբանե հայտարարում էին, որ Կարեն Կարապետյանը Շիրակի մարզի գյուղեր այցելում է ի պաշտոնե, սակայն կարելի է ասել, որ վարչապետը քարոզչություն էր իրականացնում։

Վարչապետին ուղեկցում էին արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանը, տարբեր գյուղերում նրան էին միանում Շիրակի մարզի ՀՀԿ վարկանիշային թեկնածուները։ Վարչապետի առաջին կանգառը Մեծ Մանթաշ գյուղն էր. այստեղ գյուղացիների հետ հանդիպումը դրսում էր։ Նշենք, որ գյուղում սառնամանիք էր, ու զգալի էր, թե Շիրակի մարզ ոտք դրած վարչապետը ինչպես էր մրսում։ Կարեն Կարապետյանը սկզբում հանդես եկավ վեցամսյա կառավարման հաշվետվությամբ։ Նա ասաց, որ սեփական եկամուտները աճել են 10,9 տոկոսով, արդյունաբերության մեջ 16 տոկոսի աճ կա, արտահանման աճ եւս ունենք, թեեւ դրանք, ըստ նրա, կյանքի որակի վրա դեռ չեն ազդում։

«Չոր հողը ինչքան պիտի ջրես, պարարտանյութ տաս, որ բերք տա»,- համեմատություն անցկացրեց Կարեն Կարապետյանը։ Այնուհետ նա լսեց գյուղացիներին, որոնք դժգոհեցին տարբեր խնդիրներից, բանջարեղենի համար սպառման շուկա չունենալուց, խմելու ջրի խնդրից, որտեղ գորտեր կան։ «Վարչապետ ջան, ապրանք ունինք, գազար ունինք, Սովետի ժամանակ տանում էինք Թիֆլիս, ծախում էինք, հիմի ի՞նչ անենք, ինչո՞վ ապրենք»,- բարձրաձայնեց մի ծերունի։ Գյուղապետը եւս նշեց, որ իրենց գյուղում արտադրվում են գազար, կարտոֆիլ, ճակնդեղ, սակայն ունեն իրացման խնդիր։ «Մեր գյուղում կա 5000-6000 տոննա կարտոֆիլ, 4000-ից ավելի տոննա գազար, բայց այսօր դրսից ներկրված անորակ ապրանքն ավելի շուտ է սպառվում, քան մեր գյուղացիների ունեցածը։ Խնդրում ենք կառավարությունում այս հարցը նույնպես բարձրացրեք՝ ի շահ հողի հետ չարչարվող մարդու»,- ասաց գյուղապետը։ Վարչապետը ի պատասխան նշեց, որ պետք է ամեն ինչով պաշտպանեն սեփական արտադրողին, ներկայացրեց իրենց ծրագիրը։

Նա նաեւ ասաց, որ համայնքի զարգացման ամենալավ գաղափարը կարող են տալ հենց գյուղացիները։ Ըստ Կարեն Կարապետյանի՝ շատ բան ունենք փոխելու գյուղատնտեսության մեջ։ Նա մեջբերեց Իսրայելի օրինակը, որտեղ մեր պատկերացմամբ գյուղատնտեսական հողեր գոյություն չունեն, անապատ է, բայց այդ երկիրը առաջինն է գյուղատնտեսության զարգացմամբ։ Այնտեղ, ըստ վարչապետի, 4-րդ հարկում ջերմոց են աճեցնում։ Կարեն Կարապետյանի ասելով՝ բոլորը գնում են Իսրայել սովորելու, մենք եւս անհրաժեշտություն ունենք սովորելու, մտածելակերպ փոխելու։

Նա տեղեկացրեց, որ Գերմանիայի կառավարության հետ ծրագիր են պատրաստում. 250 համայնքապետեր գնալու են, ստանան համապատասխան կրթություն, մարզպետներն էլ Ամերիկյան համալսարանում են ստանալու համապատասխան կրթություն։ Ըստ նրա՝ յուրաքանչյուր ղեկավար իր վրա պիտի ամեն օր աշխատի։ «Հայաստանում վարչապետ աշխատելն այսօր ամենաանշնորհակալ գործն է, ում մոտ ինչ չի ստացվում, մեղավորը ես եմ։ Եթե դուք ձեր վստահության քվեն տաք մեզ, մենք առնվազն հինգ տարի անքուն գիշերներ ենք ունենալու, մարդավարի կյանք չենք ունենալու եւ զրկված ենք լինելու բոլոր նորմալ, մարդավարի կյանքից, հաճույքներից, հանգստանալու հնարավորությունից, մի քիչ ավելի քնելուց եւ այլն։ Մենք շատ անհանգիստ ենք մեր վաղվա օրվա համար, մեր թոռների վաղվա օրվա համար»,- ասաց Կարեն Կարապետյանը։ «Դուխներդ տեղը»,- գյուղացիներին ասաց վարչապետը, ինչին ի պատասխան՝ մի կին, որին հավաքվածներն ամբողջ ընթացքում սաստում էին ու հետ հրում, որ չբողոքի, եկավ առաջ ու արձագանքեց. «Վարչապետ ջան, դուխներս տեղն է, բայց էսպես չի լինի… Ընտրություններից ընտրություն եք մեզ հիշում»։ Վարչապետը հորդորեց գյուղացիներին իրենց առաջարկները ներկայացնել համայնքի զարգացման հնգամյա ծրագրում ու հետեւողական լինել այդ ծրագրին, քանի որ դրանից է կախված հետագա զարգացումը։

 

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ»

22,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031