Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջազգային մեր գործընկերները վստահ են՝ «Ծառուկյան» դաշինքը կհաղթի»

Մարտ 23,2017 17:00

Ասում է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը

– Տիկին Զոհրաբյան, օրերս «Ծառուկյան» դաշինքին սատարելու էին եկել Եվրոպայի Պահպանողականների դաշինքի ղեկավար կազմը, ինչպես նաեւ աշխարհի տարբեր երկրների խորհրդարանների պատգամավորներ, քաղաքական գործիչներ։ Մամուլը արձանագրեց, որ սա միջազգային ամենաբարձր մակարդակով աջակցությունն էր «Ծառուկյան» դաշինքին եւ անձամբ Գագիկ Ծառուկյանին։

– Երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց քաղաքականության էջը բացելու մասին, Եվրոպայի Պահպանողականների եւ Ռեֆորմիստների դաշինքի ղեկավարները, իսկ «Բարգավաճ Հայաստանը» եվրոպական այդ մեծ ընտանիքի անդամ է, Ամերիկայի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, բազմաթիվ այլ երկրների խորհրդարանականներ եւ քաղաքական գործիչներ ցանկություն հայտնեցին հատկապես ընտրական այս փուլում լինել Հայաստանում եւ իրենց աջակցությունը հայտնել Ծառուկյանին եւ մեր դաշինքին։ Դուք գիտեք, որ Եվրոպայի Պահպանողականների եւ Ռեֆորմիստների դաշինքի անդամ են Եվրոպայի մի քանի տասնյակ լրջագույն կուսակցություններ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի Պահպանողականների կուսակցությունը, եվրոպական բազմաթիվ երկրների իշխող կուսակցություններ։ Ու թե՛ դաշինքի նախագահի, թե՛ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի, ինչպես նաեւ Ամերիկայի, Ավստրալիայի, Իսրայելի ու բազմաթիվ այլ երկրների աջ-կենտրոնամետ ուժերի ներկայացուցիչների ներկայությունն ու աջակցությունը «Ծառուկյան» դաշինքին իրապես կարելի է համարել նշանակալի իրադարձություն։

– Համաժողովից պարզ դարձավ, որ վերջիններս հրաշալի տեղյակ են դաշինքի նախընտրական ծրագրին եւ մասնավորապես 15 առաջնահերթություններին, որոնք համարեցին լրջագույն փոփոխություններ բերող քաղաքական եւ տնտեսական օրակարգ։

– Այո, մեր գործընկերները, որոնց թվում նաեւ լուրջ տնտեսագետներ եւ փորձագետներ, նշեցին, որ «Ծառուկյան» դաշինքի ներկայացրած ծրագիրն ու հատկապես 15 առաջնահերթ քայլերը Հայաստանի տնտեսությունը ոտքի կանգնեցնելու եւ քաղաքացու առաջնային կենսական խնդիրները լուծելու իրատեսական եւ գրագետ օրակարգ է։ Եվ որ ամենակարեւորն է՝ իրենք վստահ են, որ «Ծառուկյան» դաշինքը այն ուժն է, որը ունակ է իրականացնելու ներկայացված օրակարգը։

– Տիկին Զոհրաբյան, ձեր հյուրերը նաեւ Հրազդանում եւ Աբովյանում մասնակցեցին Գագիկ Ծառուկյանի հանրահավաքներին։ Ինչպիսի՞ն էր իրենց տպավորությունը։

– Անկեղծորեն տպավորված էին եւ խոստովանեցին, որ երբեք նման էմոցիոնալ եւ ջերմ հանդիպում՝ քաղաքական գործչի եւ հանրության, չէին տեսել։ Իրենց տպավորել էր ժողովրդի վերաբերմունքը Գագիկ Ծառուկյանի հանդեպ, եւ երբ մեկնում էին Հայաստանից, մեր գործընկերներից մեկը խոստովանեց, որ հիմա հասկանում է, թե ինչու Ծառուկյանը կրկին բացեց քաղաքականության փակված էջը, որովհետեւ ժողովրդի նման վստահությունն ու հավատը ուղղակի պարտավորեցնող են։

– Իրենք այցելեցին նաեւ հայ-թուրքական փակ սահմանային գոտի. ինչ-որ քայլեր կձեռնարկվե՞ն այդ ուղղությամբ։

– Միանշանակ կձեռնարկվեն, եւ ես վստահ եմ, որ միջազգային ամենաբարձր ատյաններում մեր գործընկերների կողմից խոսվելու է Թուրքիայի անհեռատես եւ անտրամաբանական քաղաքականության մասին։ Իսկ հաջորդ այցին մեր գործընկերները կլինեն նաեւ Արցախի Հանրապետությունում։

– Կարո՞ղ ենք ասել, որ Եվրոպայի, Ամերիկայի, Ավստրալիայի, Իսրայելի եւ եվրոպական բազմաթիվ այլ երկրների քաղաքական լրջագույն ուժերի ներկայացուցիչների նման աջակցությունը «Ծառուկյան» դաշինքին եւ Գագիկ Ծառուկյանին նշանակում է, որ իրենք վստահ են ձեր հաղթանակին։

– Թե՛ Եվրոպան, թե՛ Միացյալ Նահանգները վստահաբար ուզում են տեսնել խաղաղ, զարգացող, բարեկեցիկ եւ անվտանգ Հայաստան։ Ուզում են տեսնել ժողովրդի քվեով ընտրված օրինական իշխանություն, որովհետեւ միայն ժողովրդի քվեով ընտրված իշխանությունը կարող է լինել արժանապատիվ գործընկեր։ Եվ այո, իրենք վստահ են եւ տեսնում են, որ «Ծառուկյան» դաշինքն այսօր ունի հանրային ամենամեծ վստահությունը, իրենք վստահ են, որ արդար ընտրության դեպքում առաջատարը լինելու է «Ծառուկյան» դաշինքը, եւ իրենք վստահ են, որ Գագիկ Ծառուկյանն այն գործիչն է, ով իր թիմով ունակ է իրականացնելու «Ծառուկյան» դաշինքի ներկայացրած քաղաքական եւ տնտեսական օրակարգը։

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

22,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031