Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ՀԺԿ-ն խոստանում է զրոյացնել գյուղացիների վարկերը

Մարտ 23,2017 16:30

Խորհրդարանում տեղ ունենալու հավակնորդ քաղաքական ուժերից ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի նախընտրական ծրագրի արդյունաբերության զարգացման տեսլականը Հայ ազգային կոնգրեսի՝ դեռեւս 2012 թվականի ԱԺ ընտրությունների նախաշեմին պատրաստած ծրագիրն է, որն, ըստ էության, երկարաժամկետ ռազմավարություն է, այն գրված է 2012-2022 թվականների համար: Ընդ որում, ծրագիրը ստորագրված է որպես ՀԱԿ, ՀԺԿ-ն կարծես թե ներդրում չունի այս ծրագրում:

Նշենք, որ բոլոր քաղաքական ուժերի ծրագրերում բազմաթիվ համընկնումներ կան: Եթե ծրագրերն ուսումնասիրելիս այդ կուսակցությունների կամ դաշինքների անունները գրված չլինեին, ապա տպավորություն կլիներ, թե դրանց հեղինակը նույն անձն է կամ նույն քաղաքական ուժի ծրագիրն է:

ՀԱԿ-ՀԺԿ դաշինքն իր ծրագրում խոստանում է կիրառել կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի 20-րդ հոդվածը հետադարձ ուժով` սկսած 1991 թվականից, եւ պետբյուջե վերադարձնել ապօրինի հարստացմամբ ձեռք բերված միջոցները:
Դաշինքը նաեւ խոստանում է ազատ եւ հավասար մրցակցություն հաստատելու, մենաշնորհների եւ օլիգոպոլիաների դեմ արդյունավետորեն պայքարելու նպատակով ընկերությունների համար սահմանել շուկայում ունեցած մասնաբաժնի առավելագույնը 33%-ի շեմ։ Սահմանափակումը պարտադիր կգործի լայն սպառման ապրանքների շուկաների համար, իսկ այլ շուկաների վրա կտարածվի օրենքով: Օլիգոպոլիաների ու մենաշնորհների դեմ պայքարի պատրաստակամության մասին իրենց նախընտրական ծրագրերում բոլոր ուժերն են հայտարարում:

Դաշինքն առաջարկում է հարկային եւ մաքսային քաղաքականության հիմքում դնել ներդրումների գրավչության բարձրացման, գործարարության խրախուսման եւ հարկային բազայի ընդլայնման գաղափարախոսությունը: Ծրագրում գրված է. «Լիովին պարզեցնել հարկային եւ մաքսային համակարգը, հարկատեսակների թիվը 15-ից իջեցնել 6 (շահութահարկ, եկամտահարկ, ակցիզային հարկ, ավելացված արժեքի հարկ, տեղական հարկ, ինչպես նաեւ մաքսատուրք): Շրջանառության հարկը կարող է կիրառվել միայն որպես փոխարինող հարկ: Շահութահարկի, եկամտահարկի եւ ավելացված արժեքի հարկերի դրույքաչափերը սահմանել 15%: Վերացնել ավելացված արժեքի հարկի գանձումը սահմանում»:

Ըստ դաշինքի ծրագրի՝ ներմուծվող ապրանքների մաքսատուրքը հաշվարկել բացառապես հաշիվ-ապրանքագրում (ինվոյսում) նշված գնի հիման վրա, ինվոյսի կեղծ լինելու ապացույցը բացառապես պետության բեռն է: Այսպիսի խոստում՝ մաքսատուրքը հաշվարկել բացառապես հաշիվ-ապրանքագրով, ԱԺ-ում տեղ զբաղեցնելու մյուս հավակնորդ թեկնածուներն էլ են առաջարկում: Ընդ որում, վարչապետը պաշտոնը զբաղեցնելուց կարճ ժամանակ անց էլ նման մի հանձնարարություն էր տվել, որն առայժմ դժվար է ասել, որ լիարժեք կատարում են:

 

Ներդրումներ գրավելու համար բոլոր ուժերն են մտահոգ, եւ բոլորն են խոստանում արտոնություններ տրամադրել: ՀԱԿ-ՀԺԿ-ն էլ հետ չի մնում, խոստանում է ներդրումների խրախուսման նպատակով 1-5 միլիոն դոլարի հասնող ներդրում կատարած ընկերություններին՝ 2 տարով, իսկ 5 միլիոնից ավելի ներդրում կատարածներին 5 տարով ազատել շահութահարկից: Վերաներդրվող շահույթը ազատել շահութահարկից: Ինովացիոն բիզնեսը ազատել շահութահարկից առաջին 2 տարիների համար՝ հետագա 5 տարիներին այդ գումարները բյուջե մուծելու պայմանով։

Դաշինքն անդրադարձել է նաեւ հանրության մի ստվար հատվածի համար ցավոտ խնդրի՝ գազի ու էլեկտրաէներգիայի սակագներին, ՀԱԿ-ՀԺԿ-ն խոստանում է նշված էներգակիրների սակագինը նվազեցնել 25%-ով. թե ինչպե՞ս, դաշինքը նաեւ ձեւն է ցույց տալիս՝ սակագնի հաստատման մեթոդաբանության փոփոխության եւ կորուստների ու անարդյունավետ ծախսերի կրճատման միջոցով:

Ինչպես բոլոր թեկնածու ուժերը, այնպես էլ ՀԱԿ-ՀԺԿ-ն գյուղացիներին գոնե իրենց ծրագրերում չեն մոռացել: Ըստ այս դաշինքի ծրագրի՝ ծանր վիճակում հայտնված գյուղացիական տնտեսությունների համար առաջարկում են կիրառել վարկային համաներում, զրոյացնել գյուղացիական վարկերի տույժ-տուգանքները, գյուղացիական տնտեսությունների վարկային պարտքերի դուրսգրում կամ մասնակի մարում:
Հիմա ի՞նչ է անում կառավարությունը գյուղացիների համար. վարկերը, իհարկե, չի մարում, բայց արդեն երկար տարիներ է՝ ձեռք բերվող վառելիքն ու պարարտանյութերն է սուբսիդավորում: Իհարկե, գյուղացիներին սա չի բավարարում, քանի որ նրանք պարբերաբար դժգոհում են վարկերի բարձր տոկոսներից, որոնց տակից չեն կարողանում դուրս գալ:

«Նաիրիտ» գործարանին էլ գրեթե բոլոր ուժերն անդրադառնում են իրենց ծրագրում:
Այս դաշինքը խոստանում է ուսումնասիրել 2006-2012 թվականներին «Նաիրիտի» բաժնեմասերի վաճառքի գործարքների օրինականությունը, վերականգնել դրանց արդյունքում գործարանին եւ պետությանը հասցված վնասը, պատասխանատվության ենթարկել յուրացումների եւ չարաշահումների համար պատասխանատուներին, ինչպես նաեւ մշակել «Նաիրիտի» վերագործարկման նոր ծրագիր:

Այս դաշինքն էլ է խոստանում գազամատակարարման աղբյուրների եւ ընկերությունների դիվերսիֆիկացիա։ «Նկատի ունենալով այն, որ Հայաստանը ներկայումս բնական գազ ստանում է 2 մատակարարներից, նպատակահարմար է «Գազպրոմի» կողքին ձեւավորել բնական գազի մատակարարման երկրորդ ընկերությունը՝ պետական բաժնեմասով»,- գրված է ծրագրում։

ՀԱԿ-ը, ինչպես 2012-2022 թվականների համար նախատեսած ծրագրում է գրել, խոստանում է ստեղծել վենչուրային հիմնադրամներ։ Այս հիմնադրամների միջոցով, ըստ ծրագրի, կֆինանսավորվեն գիտակիրառական մշակումները. «Իմաստն այն է, որ ստեղծվում է վենչուրային ընկերություն բարձրորակ մասնագետների մասնակցությամբ՝ հիմնված փորձարկված կիրառական գաղափարի վրա: Ընկերությունը անվերադարձ ֆինանսավորվում է վենչուրային ֆոնդի միջոցով, հետագայում ներդրողը ձեռք է բերում սեփականության իրավունք գիտահետազոտական ու փորձարարակոնստրուկտորական մշակումների արդյունքի վրա: Իսկ շուկայում արտադրանքի հաջողություն ունենալու դեպքում ֆոնդը հանդիսանում է հիմնադիր կապիտալի շահույթի տեր եւ հիմնական բաժնետեր: Վենչուրային ֆոնդերը կարող են ստեղծվել եւ պետության մասնակցությամբ, եւ առանց դրա»:

Բոլոր քաղաքական ուժերն էլ լավ խոստումներ են տալիս, լավ ծրագրեր գրում, սակայն նկատենք՝ սրանք մնում են թղթի վրա, ընտրողների մեծ մասը ոչ էլ ծանոթանում է ծրագրերին, քարոզարշավին էլ եթե ներկայացվում են, ապա մարդիկ թերահավատորեն են մոտենում:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

22,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031