Լրահոս
Օրվա լրահոսը

Ջուր չկա, 8 անչափահաս երեխաները գիշերում են 15 քմ մակերեսով մեկ սենյակում

Մարտ 23,2017 16:00

«Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի» արագ արձագանքման խումբը՝ կազմակերպության նախագահ Խաչատուր Մարոզյանի գլխավորությամբ, երկու օր առաջ եղավ Արարատի մարզի Վեդի քաղաքում, որտեղից ահազանգ էր ստացվել այն մասին, որ շուտով անօթեւան կմնա 11 երեխա ունեցող Մուրադ Տիվոտյանի բազմանդամ ընտանիքը։ Իրավապաշտպան կազմակերպության հրավերով հանդիպմանը մասնակցեցին Արարատի մարզպետարանի ընտանիքի եւ երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Գագիկ Պողոսյանը եւ Վեդի քաղաքի փոխքաղաքապետ Ալբերտ Սարոյանը։


Իրավապաշտպան Խաչիկ Մարոզյանն «Առավոտին» ասաց, թե տեղում պարզվել է, որ բազմազավակ ընտանիքը տուն չունի, բնակվում է ծանոթին պատկանող կիսակառույց, կիսանկուղային շինության մեջ, որտեղ չկան տարրական սոցիալական պայմաններ: Չկա ջուր, 8 անչափահաս երեխաները գիշերում են 15 քմ մակերեսով մեկ սենյակում, որտեղ տեղադրված է երեք մահճակալ, հատակը բետոնապատված է։ Բազմազավակ մայր Աննա Հակոբյանն առանց հուզմունքը թաքցնելու հայտնել է, որ երեխաները հաճախ հիվանդանում են խոնավության պատճառով, ջուր չկա, ամբողջ ձմեռ ջուր են կրել, հացի փող չեն կարողանում աշխատել, երեխաները հաճախ դպրոց չեն գնում՝ հագուստ չունենալու պատճառով։ «Մարզպետարանը եւ Վեդու քաղաքապետարանը իրենց ընտանիքին ցուցաբերել եւ ցուցաբերում են սոցաջակցություն, որը, սակայն, բավարար չի բազմանդամ ընտանիքի հոգսերը հոգալու համար»,-իրավապաշտպանին ասել է ընտանիքի մայրը:


Իսկ Արարատի մարզպետարանի ընտանիքի եւ երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Գագիկ Պողոսյանն էլ նշել է, որ իրենք տեղյակ են հիմնախնդրի մասին, սակայն մարզպետարանը չունի միջոցներ խնդիրը լուծելու համար։ Մուրադ Տիվոտյանի եւ վերջինիս եղբոր ընտանիքներին առաջարկվել է տրամադրել գումար բնակարանային պայմանների բարելավման համար, սակայն նրանք հրաժարվել են դրանից։
Արագ արձագանքման խմբի հարցին, թե «կառավարության 1069-Ն 2015թ. որոշման համաձայն՝ բազմազավակ ընտանիքները պետք է ապահովված լինեն բնակարանով, ինչո՞ւ է 11 երեխա ունեցող ընտանիքը մնացել անտուն», Գագիկ Պողոսյանը պատասխանել է՝ «նշված հարցով պետք է դիմել կառավարություն»։

Ի դեպ, կիսակառույց շինության սեփականատերը զգուշացրել է բազմազավակ ընտանիքին, որ շուտով պատրաստվում է վաճառել շենքը եւ ժամանակ է տվել ազատել այն:

 

Ռ. Մ.

«Առավոտ»

22,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031