Լրահոս
Օրվա լրահոսը

Ամոթի ու վիրավորանքի 6 աստիճաններ

Մարտ 23,2017 14:30

Ինչ է կատարվում մարդու հետ, երբ նա հեռանում է Աստծուց

Մեր Տեր Հիսուս Քրիստոսը մի առակ պատմեց, որ կոչվում է «Անառակ որդու վերադարձը»: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մի մարդ, ով 2 որդի ուներ, նրա կրտսեր որդին մի օր եկավ ու հորն ասաց. «Հա՛յր, տո՛ւր քո ունեցուածքից ինձ ընկնող բաժինը»։ Եվ հայրն ունեցուածքը բաժանեց նրանց։ (Ղկ 15:12): Քիչ օրեր հետո կրտսեր որդին փողի վերածեց ամեն ինչ, գնաց հեռու աշխարհ, եղածը վատնեց պոռնիկների վրա, սով եղավ եւ նա գնաց խոզեր արածեցնելու, ու չէին թողնում, որ նա նույնիսկ խոզերի կերն ուտի: Նա խելքի եկավ, զղջաց ու ետ վերադարձավ:

Հիմա եկեք այստեղ տեսնենք ամոթի ու հորը վիրավորելու այն աստիճանները, որով այս անառակ որդին սկսեց վար գլորվել, հորից հեռու աշխարհում ազատություն ու հաճույք փնտրելով:

1. Նա եկավ ու հորն ասաց, տուր ինձ իմ ժառանգությունը

Ի՞նչ եք կարծում, ե՞րբ են երեխաները ժառանգություն ստանում: Երբ որ ծնողը մահանում է, չէ՞: Դուք պատկերացնո՞ւմ եք, ինչ խորը վիրավորանք է ծնողի համար, երբ երեխան գալիս է ու ասում, դու ինձ համար արդեն չկաս, մեռած ես, տո՛ւր իմ ժառանգությունը: Այսպիսով կրտսեր որդին ոչ միայն խորապես վիրավորեց իր հորը, այլ ահավոր ամոթանք բերեց իր վրա: Եկեք տեսնենք, թե սա ուր է հասցնում:

2. Նա վաճառեց հայրական ժառանգությունը

Տեր Հիսուսն այստեղ պատմում է, որ քիչ օրեր հետո, կրտսեր որդին փողի վերածելով ամեն ինչ, գնաց հեռու աշխարհ: Այսինքն՝ նա վաճառեց հայրական ժառանգությունը, որ նոր ստացել էր: Այսինքն, այդ պահին նրա համար չկար ոչ մի ընտանեկան սրբություն: Նրան միայն փողն էր հետաքրքրում եւ հաճույքները:

3. Նա այն վատնեց պոռնիկների վրա

Այս պատմության մեջ մենք շարունակում ենք տեսնել, թե ինչպես է երիտասարդը ապականության սանդղակով գլորվում ցած: Նա իր ունեցվածքը վատնեց պոռնիկների վրա ու ամեն ինչ սպառեց:

4. Նա մնաց դատարկաձեռն

Այստեղ մենք արդեն սկսում ենք տեսնել, ով որ հեռանա իր Աստծուց, իր Երկնավոր Հորից, իր իսկական բարեկամից՝ կխաբվի ժամանակավոր հաճույքներով, ու արդյունքում կմնա դատարկաձեռն: Աստծուց հեռանալով ու մեղքի մեջ ապրելով՝ մարդը կորցնում է ամեն ինչ:

5. Նա ստիպված գնաց խոզերի մոտ

Գիտե՞ք Հին Կտակարանում խոզը անմաքրության՝ պղծության խորհրդանիշն է: Ուրեմն այս տղան իր ամոթանքի ու մոլորության մեջ դեռ լուծումներ է փնտրում հեռու աշխարհում, գնալով խոզերի մոտ, գնալով պղծության մոտ: Նա գնաց դիմեց այդ երկրի քաղաքացիներից մեկին, եւ սա ուղարկեց նրան իր ագարակը՝ խոզեր արածեցնելու։ Մի՞թե մարդ պղծության մեջ կարող է ազատություն գտնել:

6. Նա ուզեց ուտել խոզի կեր, բայց նույնիսկ դա նրան չէին տալիս

Ահա ամոթանքի ու Աստծուց հեռանալու վերջին աստիճանը: Դու ուզում ես ուտել պղծության կերակուրը, որպեսզի գոնե պահես մարմինդ, բայց քեզ դա էլ չեն տալիս: Տեր Հիսուսն այս առակում պատմում է, որ երիտասարդը ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտղով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք այդ նրան չէր տալիս։ Այսինքն՝ իրեն աշխատեցնում էին, ու չէին կերակրում: Եվ այստեղ արդեն հնարավոր է միայն երկու տարբերակ, կամ նա սովից կմեռնի, կամ կզղջա, կապաշխարի ու հետ կդառնա դեպի հայրը:

Տեր Հիսուսը պատմում է, որ նա այս ամոթի ու անկման մեջ խելքի եկավ: Այս վիճակում, երբ նա արդեն մահվան շեմին էր, հիշեց հորը: Հիշեց, որ հոր տանը ծառաներն ավելի լավ էին ապրում, քան ինքը հիմա: «Վեր կենամ գնամ իմ հօր մօտ եւ նրան ասեմ. հա՜յր, մեղանչեցի երկնքի դէմ ու քո առաջ եւ այլեւս արժանի չեմ քո որդին կոչուելու, ինձ վերցրո՛ւ իբրեւ քո աշխատաւորներից մէկը»։

Սիրելի բարեկամ, զգույշ մնա ինքդ քեզնից, որ քո կյանքն էլ այս երիտասարդի պես չգլորվի ապականության այս 6 սանդղակներով: Աստծուց հեռու տեղ ազատություն չկա:

 

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

https://www.facebook.com/armen.hareyan

 

«Առավոտ»

22,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031