Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ շուրջ է պտտվում Իլոնայի աստղը

Մարտ 23,2017 14:00

Ջազային երգչուհին հանդես եկավ նաեւ ցուցահանդեսով

Ժամանակին մեզ հետ զրույցներում ջազային երգչուհիներ Լոլա Խոմյանցը, Զառա Տոնիկյանը, Էլվինա Մակարյանը, Տաթեւիկ Հովհաննիսյանը, Իրինա Մալխասյանը, Զառա Երզնկյանը հարցին՝ ի վերջո ինչո՞ւ է մարդկությունը այդքան սիրում ջազը՝ ԱՄՆ սեւամորթների ստեղծած ժողովրդական երաժշտությունը, ճանաչված արվեստագետները պատասխանել էին, թե այդ արվեստում յուրաքանչյուր ոք կարող է զգալ այն թարմությունը, լիառատ կենսական ուժը, որոնք իսկապես ժամանակակից մեկ այլ երաժշտության մեջ այդպես վառ արտահայտված չեն:

Հայ երգարվեստի աստղերն առանց մանրամասնելու նշել էին նաեւ, որ ջազն ունի իր հատուկ օրենքները եւ ոչ ոք իրավունք չունի ջազ անվանել մի երաժշտություն, որն այդ օրենքներից շեղվում է: Վերջերս էլ Բելգիայից Հայաստան ժամանած Զառա Տոնիկյանը «Առավոտի» հետ զրույցում խոսելով ոչ միայն հայաստանցի, այլեւ աշխարհասփյուռ հայ ջազմենների մասին, առանձնացրեց երգչուհի Իլոնային, նշելով, որ նրա մասին տեղեկացել է ոչ միայն իր կոլեգաներից, այլեւ հիացական խոսքեր է լսել Փարիզում, որտեղ շուրջ 3 տարի առաջ Իլոնան հանդես է եկել մենահամերգով: «Ափսոսում եմ, որ չլսեցի երգչուհուն, սակայն լսեցի հատուկ փարիզյան շրջագայության համար նրա պատրաստած CD-ն, որտեղ տեղ էին գտել Կոմիտասի եւ Էլվինա Մակարյանի երգերը, չասեմ՝ զուտ ջազային, բայց ջազին հատուկ շնչով, ելեւէջներով եւ հիանալի գործիքավորմամբ:

Ստեղծագործությունների մեկնաբանման մեջ ինձ գրավեց նախ երգչուհու տեմբրը, որը ժամանակ առ ժամանակ հիշեցնում էր ինձ համար թանկ մարդկանցից Էլվինա Մակարյանի ձայնը, հետո էլ ի՜նչ վարպետությամբ էր նա խռպոտ ձայնի երանգը ճիշտ տեղում կարողանում մատուցել զուլալ, մեղմ պիանո…», – Իլոնայի մասին ասաց Զառա Տոնիկյանը:

Իլոնան՝ Առաջին տիկնոջ եւ արվեստագետների հետ:

Նշենք, որ Իլոնային առաջին անգամ հանդիպել ենք 1990-ականներին, Երեւանի երգի պետական թատրոնում (գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Գրիգորյան), այնուհետեւ Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Երվանդ Երզնկյան) հետ համերգներում, իսկ վերջին տարիներին արվեստագետը հիմնականում հանդես է գալիս տարբեր ակումբներում, այդ թվում՝ «Մալխաս ջազ-ակումբում», «Առագաստում» եւ այլուր: Իլոնան ելույթ է ունեցել նաեւ արտասահմանում, կառանձնացնենք հատկապես Մոսկվայի Ալեքսեյ Կոզլովի ջազ ակումբում նրա բեմելը, ինչի մասին «Առավոտին» ժամանակին հայտնել էին մեր ջազմենները:

Օրերս «Նարեկացի» արվեստի միությունում Իլոնա Սագիեւան հրավիրել էր համերգ-ցուցահանդեսի՝ «Բարի գալուստ իմ աշխարհ» խորագրով: Նրա արվեստի երկրպագուների թվում էին ջազմեն Լեւոն Մալխասյանը, կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, երգիչներ Ռաիսա Մկրտչյանը, Ֆորշը եւ ուրիշներ: Իբրեւ հանդիսատես ներկա էր ՀՀ նախագահի տիկինը՝ Ռիտա Սարգսյանը: Կամերային այս սրահում «կամերային» կազմով հանդիսատեսը ջերմ ընդունեց Իլոնայի կատարումները: Երգչուհին ներկայացրեց Էլվինա Մակարյանի, Միշել Լեգրանի, Անտոնիո Կառլոս Ջոբինի հայտնի երգերից: Հատկապես նշենք նրա ջազ եռյակի՝ Խաչիկ Սահակյան (դաշնամուր), Դավիթ Մելքոնյան (սաքսոֆոն), Էդուարդ Հարությունյան (հարվածային գործիքներ), իսկապես բարձրարվեստ աշխատանքը երգչուհու հետ:

Արվեստագետը շնորհալի է այլ ոլորտներում նույնպես. «Կոլաժ, կավ, կտավ, նոտա, թատրոն (երգչուհին ժամանակին բեմ էր բարձրանում Երեւանի երաժշտական կամերային թատրոնում-Ս.Դ.)…սրանց շուրջ է պտտվում իմ աստղը:

Ծայրահեղ պատահականության մեջ կար նախախնամություն. փնտրել ու լույս աշխարհ բերել մարդուն՝ ինձ, քեզ, նրան: Ծնվեց ցուցահանդեսս: Ստացվեց այնպես, որ աշխատանքներս առատորեն շատացան եւ գամվելով արվեստանոցիս պատերին՝ սկսեցին «աղաղակել»: Ու մի օր էլ, երբ բացեցի դուռը, տեսա, որ կտավներս լեզու առած պահանջում են իրենց ճակատագրի դատը…Եվ եթե աշխատանքներս գրավեցին հանդիսատեսին, ուրեմն՝ երջանիկ եմ…»:

Առաջիկա ծրագրերի մասին խոսելիս երգչուհին կարեւորեց համերգները Բելգիայում եւ CD-ի թողարկումը:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

22,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031