Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբեք չեմ մտածել ուրիշի դրոշը բարձրացնելու մասին»

Մարտ 23,2017 13:30

Ծանրամարտիկ Աղասի Աղասյանը ֆեդերացիայի հետ ունեցած տարաձայնությունից եւ կարիերան ավարտելուց հետո համաձայնեց վերջին անգամ հարցազրույց տալ «Առավոտին»: Նա պատմեց, թե ինչպես է 1999թ.-ից սկսել լրջորեն զբաղվել ծանրամարտով, 2004 թվականից միջազգային մրցաշարերի մասնակցել։ «2011-ին մասնակցեցի Համաշխարհային ունիվերսիադային ու Հայաստանի պատմության մեջ առաջինը դարձա, որն այդ մրցաշարում ոսկե մեդալ նվաճեց: Ինչ վերաբերում է առաջին լուրջ հաջողությանս, այն մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն դառնալն էր։ Դրանից հետո մի քանի տարի անընդմեջ դարձել եմ Հայաստանի չեմպիոն, մասնակցել Եվրոպայի, աշխարհի առաջնություններին՝ զբաղեցրել 5-րդ, 6-րդ հորիզոնականները»,-ասում է մարզիկը։

Նաեւ հավելում է, որ վերջին տարիների իր նպատակը Ռիոյի օլիմպիական խաղերին մասնակցելն էր ու հիշում է. «Չնայած նրան, որ ահռելի աշխատանք էի կատարել ու լիովին պատրաստ էի օլիմպիական խաղերի, բայց գիտեք հայտնի պատմությունը, թե ինչպես իմ փոխարեն գնաց ուրիշը»։

Հարցին՝ երբեւէ կմտածե՞ր, որ այսքան շուտ կավարտեր մարզական կարիերան եւ դժվար չէ՞ր նման որոշում կայացնելը, Աղասի Աղասյանը պատասխանում է. «Սկզբում եղավ տարաձայնություն ֆեդերացիայի հետ, որոշ ֆինանսական խնդիրներ, հիասթափություն։ Այդ ամենից ելնելով մտածում էի՝ հենց օլիմպիական խաղերից հետո ավարտել մարզական կարիերաս, բայց սպորտում գրանցած հաջողություններս թույլ չտվեցին։ Ցանկացա բոլորին ապացուցել, որ իմ քաշային կարգում ես եմ Հայաստանի ուժեղագուն մարզիկը։ Հենց այդպես էլ եղավ, հաղթեցի Հայաստանի առաջնությունում ու գլուխս բարձր՝ ավարտեցի կարիերաս»։ Հարցրինք, թե իր կարծիքով՝ ո՞րն է ծանրորդի թիվ մեկ խնդիրը Հայաստանում։

«Ֆինանսական ոչ կայուն վիճակ կա ներկայումս, ֆեդերացիայի նախագահը շատ հաճախ է փոփոխվում եւ այդ ամենը մարզիկի վրա միանշանակ բացասական ազդեցություն է թողնում։ Նա կարող է լինել իր երկրի ուժեղագույն մարզիկը, սակայն ամիսներով չվարձատրվել, միայն այն պատճառով, որ չի կարողացել հաղթել աշխարհի մասշտաբով ուժեղագույն որեւէ մարզիկի։ Դրա համար էլ մարզիկները Հայաստանում ոչ շատ լավ վիճակում են գտնվում, պահանջները շատ են, պայմանները՝ շատ քիչ»,-պատասխանեց մարզիկը, որը ներկայումս մարզչական գործունեությամբ է զբաղված, հետագայում այլ ծրագրեր էլ ունի:

Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է մի օր ուրիշ երկրի «դրոշի ներքո» հանդես գա։ «Թեեւ ինձ հետ սխալ վարվեցին, բայց երբեք չեմ մտածել ուրիշի դրոշը բարձրացնելու մասին: Հայրենիքի հանդեպ սերս շատ մեծ է ու կարծում եմ՝ մեր երկրի դրոշի գույներից գեղեցիկ գույներ ոչ մի այլ դրոշ չունի»։

 

ԼՒԴԻԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Առավոտ»

22,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031