Վերաքննիչ դատարանում այսօր սկսվեց անազատության մեջ գտնվող քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի կայացրած վճռի բողոքի քննությունը:
Դատական նիստի սկզբում Գեւորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը բացարկ հայտնեց գործով դատախազին՝ հիմնավորելով, որ նա վերահսկել էր Սաֆարյանի ու մի շարք այլ քաղաքացիների՝ հանցագործության մասին հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը, որը հետագայում կարճվել էր՝ ոստիկանների գործողությունները իրավաչափ լինելու հիմնավորմամբ:
Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանն ու մի խումբ քաղաքացիները հաղորդում էին ներկայացրել գլխավոր դատախազություն՝պահանջելով պատասխանատվության ենթարկել իրենց Ազատության հրապարակում ծեծի ենթարկած ոստիկաններին:
Դատարանն այսօր մերժեց փաստաբան Հայրապետյանի միջնորդությունը: Դատական նիստի ժամանակ պարզվեց, որ Գեւորգ Սաֆարյանի բողոքը չի ուղարկվել փաստաբան Հայրապետյանին, եւ Հայրապետյանի բողոքը չի ուղարկվել Գեւորգ Սաֆարյանին, վերջինս խնդրեց իր բողոքը պատճենահանել ու մեկ օրինակ փոխանցել փաստաբանին: Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 26-ին:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ