Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշնակցականները` թայֆայակցության ու հիասքանչ կանանց մասին

Մարտ 22,2017 22:36

Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում  Հայ հեղափոխական դաշնակցությունը ներկայացրեց Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ համայնքներն ընդգրկող տարածքներում ռեյտինգային ցուցակներով առաջադրված իր թեկնածուներին:

ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը, ելույթ ունենալով ընտրազանգվածի առաջ, ասաց, որ ապրիլի 2-ի ընտրություններին, ըստ էության, հիմնադիր խորհրդարան են ընտրելու:  Նրա ձեւակերպմամբ` ժողովուրդը շատ է տեսել կոճակ սեղմող ազգային ժողովներ, ու այժմ չի ցանկանում բազմաթիվ երեսներ փոխած երեսփոխաների տեսնել խորհրդարանում: Նա փաստեց, որ 131 անդամ ունեցող խորհրդարանի 1/3-ը հինգ տարվա ընթացքում որեւէ հարց չի հնչեցրել, ու այժմ եկել է ժամանակը նոր որակի խորհրդարան ունենալու:

«1990 թվականից մեր երկիրը սխալ հիմքերի վրա է դրված, ու բոլոր խնդիրների ակունքները անարդյունավետ պետական կառավարման համակարգում պետք է փնտրել»,-ասաց Համբարձումյանն ու կոչ արեց ընտրել դաշնակցությանը` այդ ամենին վերջ դնելու համար:

Ռեյտինգայինով առաջադրվող թեկնածուներից Մհեր Սահակյանն ասաց, որ դաշնակցությունը պատրաստվում է սկսել նոր էջից, ապա հավելեց. «Դաշնակցական լինելը միայն քաղաքական կուսակցության մաս կազմել չէ, դաշնակցական լինելն ապրելակերպ է»:

Արսեն Համբարձումյանը ներկայացրեց նաեւ իր խոսքով` դաշնակցության ռեյտինգային ցուցակով առաջադրվող հիասքանչ կանանց:  Բոլորն էլ կոչ էին անում ձայնը տալ ՀՅԴ-ին:

Կոչի տրամաբանական շարունակությունը Արթուր Եղիազարյանի եզրափակիչ ելույթն էր: Նրա խոսքով` Դաշնակցությունը ժողովրդի իմունային համակարգն է, եւ որքան այդ կուսակցության տեսակարար կշիռը շատ լինի խորհրդարանում, այնքան ամուր կլինի երկրի անվտանգությունը: Արթուր Եղիազարյանը հայտարարեց, որ Դաշնակցությունն ամենասկզբունքային ուժն է, ոչ թե մյուսների նման թայֆայակցություն է, այլ կուսակցություն, որի շահը ժողովրդի շահն է:

Միջոցառմանը մասնակցում էր նաեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նա եկել էր հատուկ Արցախի խնդրի մասին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռուստաելույթի վերաբերյալ դաշնակցության տեսակետը հայտնելու:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031