Այսօր մի խումբ վանաձորցիներ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հուղարկավորության ժամին Վանաձորում կազմակերպել էին լռության երթ: «Հաց եմ բերել, տղե՛րք…» եւ «Ազատություն քաղբանտարկյալներին» պաստառներով երթի մասնակիցները Վանաձորի Թումանյան հրապարակից շարժվեցին դեպի Հայքի հրապարակ:
Վանաձորցի Սամվել Մակարյանը Արթուր Սարգսյանի մահվան մեջ մեղադրում է գործող իշխանությանը. «Էս մարդը մինչեւ վերջ պայքարել է, բայց էս պայքարը բերեց էս արդյունքին: Ինքը վատառողջ էր, եւ էս դեպքը պատահեց: Բայց սա ղեկավարության մեղքն է, որ էս մարդը սենց մահվան արժանացավ»:
Երթի մասնակիցները նաեւ պահանջում էին ազատություն շնորհել քաղբանտարկյալներին: «Այսօրվա դրությամբ Հայաստանում կան շատ քաղբանտարկյալներ, որոնք որ անմեղ բանտարկված են, բայց իրանց ազատ չեն արձակում: Մեր ղեկավարությունն ասում ա, որ մենք քաղբանտարկյալներ չունենք, բայց էդպես չի, շատ ունենք: Ադրբեջանն իրանց մարդասպանին մեդալներ է տալիս, եսիմ ինչեր են անում, իսկ մերոնք էլ հակառակը՝ հերոսներին բանտարկում են»,- ասաց Սամվել Մակարյանը:
Կարդացեք նաև
Հայքի հրապարակում վանաձորցիները եւս մեկ անգամ հիշեցին Արթուր Սարգսյանի հերոսությունն ու մեկ րոպե լռությամբ հարգեցին նրա հիշատակը. «Արթուր Սարգսյանը նահատակվեց բոլորիս համար, առաջին հերթին՝ «Սասնա ծռերին» հաց տանելու համար: Նա նաեւ խղճի բանտարկյալ էր: Կատարեց քայլ, որը հիշվելու է տասնամյակներ ու դարեր: Մեր «Հաց բերողը» մերօրյա հերոսներից է, մենք խոնարհվում ենք նրա հիշատակի առջեւ»,-ասաց երթի մասնակից Ռազմիկ Էվոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
«սա ղեկավարության մեղքն է, որ էս մարդը սենց մահվան արժանացավ»:
………………………………………………………..
այո, շատ ճիշդ է…
ոստիկանատան բռնագրաւման գործողութեան ղեկավարության մեղքն է այս մարդուն մահը
նրա վարքագիծը, ծայրէ-ծայր, համազօր էր ինքնասպանութեան, ուղղակիօրէն ներշնչուած՝ այդ արիւնալի գործողութեան ղեկավարներու արարքով եւ մանաւանդ ճառախօսութեամբ (պայքար-պայքար-մինչեւ-մա՛հ… սակայն նայէ որ, իրենք բոլորը ողջ են… նոյնիսկ կան որ գանգատում են բանտի պայմաններից… )
մեղքը՝ անոնց վզին