Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանը չի բացառում, որ Սեյրան Օհանյանին էլ ձերբակալեն. «Պատից կախված ցախավելը կրակեց»

Մարտ 22,2017 20:41

Ինչպես տեղեկացրել ենք, ԱԱԾ-ն հաստատեց, որ Սամվել Բաբայանը ձերբակալվել է «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր ապօրինի ներկրելու մեղադրանքով:

Aravot.am-ի հետ զրույցում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ նրա ձերբակալությունն ուղղված է իրենց դաշինքի դեմ: Իշխանությունները տեսել են, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում հատկապես մարդկանց համակրանքը մեծանում է իրենց դաշինքի նկատմամբ, դրա համար էլ փորձում են կանխարգելիչ քայլեր իրականացնել:

Մեր հարցին՝ ինչո՞վ էր Սամվել Բաբայանը ձեր դաշինքին աջակցում, որ նրան մեկուսացնելը կապում եք ձեր դաշինքին հարված հասցնելու հետ: Նա պատասխանեց՝ ինչի քի՞չ է, որ ասել է աջակցության մասին. «Նա հեղինակություն ունեցող անձնավորություն է, Արցախյան ազատագրական պայքարի ամենաակտիվ անձանցից մեկն է, բանակի հրամանատար, դրա համար իր խոսքն իսկապես շատ հեղինակավոր էր, եւ միայն իր խոսքը բավարար էր աջակցության համար»:

Արմեն Մարտիրոսյանը բացառում է, որ Սամվել Բաբայանը ինչ-որ ահաբեկչություն էր ուզում կազմակերպել, նա նույնիսկ հեգնեց. «Մի քանի օր է արդեն` կազմակերպում էր: Քարոզչական հենքը ստեղծեցին, որ հետո անեն, հիմա էլ պատից կախված ցախավելը կրակեց»:

Արմեն Մարտիրոսյանը շատ հավանական է նաեւ համարում, որ Արցախի հետ կապված լինի նրան մեկուսացնելը. «Ինքը կոշտ գծի կողմնակից է, դրա մասին հրապարակային ասել է, իսկ այս պահին կարծես թե իշխանությունը քանի որ պատրաստ է տարածքներ զիջել, հնարավոր է դրա հետ կապված լինի: Դա անթույլատրելի է: Մենք անվտանգության հետ կապված խնդիր ունենք, տեսնում ենք ամեն օր ինչքան կրակոց է լինում, զենքի տեսակը խոշոր տրամաչափի է դառնում, ուստի սա անթույլատրելի է նաեւ այդ պահով»:

Մեր հարցին՝ Սամվել Բաբայանի ձերբակալությունն ինչպե՞ս կանդրադառնա ձեր դաշինքի քարոզարշավի վրա՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ իրենք ավելի ակտիվ են աշխատելու:

Մեր հարցին՝ «Ծառուկյան» դաշինքը բոլոր հարցումներով առաջատար դիրքեր ունի, ինչո՞ւ իշխանությունները «Ծառուկյան» դաշինքը չեն թիրախավորում, հենց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն են դարձնում թիրախ եւ հետապնդում՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Իրենց նկատմամբ եւս կա հետապնդում, ընդամենը երկու օր առաջ Լյովա Խաչատրյանի շտաբի պետին էին դանակահարել, մինչեւ այդ Վահան Կարապետյանի նկատմամբ շատ բիրտ ուժ էին կիրառել: Իշխանությունը ընդհանրապես քանի որ բոլորից վախենում է, գիտի, որ հասարակության մոտ ձայն չունի, փորձում է այսպես տարատեսակ մեթոդներով ահաբեկության մթնոլորտ ստեղծել, որպեսզի այդ մթնոլորտում քաղաքացիներին ստիպի գումարով կամ ադմինիստրատիվ ճնշման ներքո իրենց ձայն տալ»:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ Սամվել Բաբայանի ձերբակալությունը շղթայական ռեակցիա առաջացնի, եւ ձերբակալվեն նաեւ Սեյրան Օհանյանը եւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի այլ անդամներ՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Չեմ կարող բացառել, որովհետեւ իշխանությունների ապօրինություն կատարելու համար որեւէ պատճառ պետք չի: Ես ինքս կալանավորվել եմ՝ առանց որեւէ հիմքի եւ այս պահին էլ քրգործի շրջանակում մեղադրյալ եմ, դրա համար ոչինչ բացառել պետք չի»:

Մենք հետաքրքրվեցինք՝ ձեր դաշինքից ովքե՞ր էին Սամվել Բաբայանի հետ այսպես ասած «տալիս-առնում», ովքե՞ր էին մտերիմ նրա հետ՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ իրենց դաշինքի բոլոր ազատամարտիկներն էլ նրա հետ մտերմիկ հարաբերությունների մեջ են եղել. «Ազատամարտիկների ընկերությունը մի փոքր այլ որակի ընկերություն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031