Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի դիտարկմամբ` քարոզչության ընթացքում մրցակից ուժերը շեշտը դնում են կոնկրետ անձանց վրա, կամ փորձում մարդկանց մեկ-երկու կետերով գրավել, օրինակ` այդ կետերից մեկը կարող է լինել կարմիր գծերը, ինչը աբսուրդ է:
«Մեդիա կենտրոն»-ում հրավիրված քննարկմանն այս իրավիճակը պարոն Մարտիրոսյանը համեմատեց ամուսնանալուց առաջ պայման կնքելու հետ. «Ոնց որ ընտանիք կազմելուց առաջ պայմանավորվեն, թե ով է հագուստի կոճակները կարելու, ամուսի՞նը, թե` կինը»:
Ըստ Սամվել Մարտիրոսյանի`այս ընտրարշավն աննախադեպ է նեգատիվի կտրուկ անկմամբ. «Նախորդ տարիներին ահռելի քանակի նախօրոք պատրաստված նյութեր էին մտցվում ցանց, որպեսզի վարկաբեկեին հակառակորդին: Այս անգամ ավելի շատ աշխատում են սեփական պոզիտիվ կերպարը ստեղծելու համար: Սրա արդյունքն է այն, որ 2013-2014-ի համեմատ այժմ ֆեյքերն ավելի քիչ են կիրառվում»:
Ըստ մեդիափորձագետի` ՀՀԿ-ն անխնա օգտագործում է ցանցը` համեմատած մյուս ուժերի հետ. «Վայբերով սպամ են տարածում, անդրոիդի ափլիքեշընի մեջ են մտնում, մարդ ուզում է հեռախոսը բացի, այնտեղից ՀՀԿ-ի լոգոն է դուրս գալիս դեռ հեռախոսը չբացած: Այդ ամենը նախօրոք են պլանավորել: Բայց մյուս ուժերն էլ են կամաց-կամաց սովորում: Օրինակ` «Ծառուկյան» դաշինքից էլ է սկսել վայբերով սպամ գալ»:
Կարդացեք նաև
Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը փաստեց, թե ներկուսակցական բռնությունների այսպիսի բարձր մակարդակ ոչ մի ընտրարշավի ժամանակ չի եղել. «Արդեն հինգ անգամ կուսակցության ներսում բռնություններ են: Այդ վարքագծի գլխավոր պատճառը ներդրված նոր ընտրական համակարգն է»:
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն անդրադարձավ ՀՀԿ-ի կիրառած տեխնոլոգիաներին, մասնավորապես այն, որ ողջ քարոզաշավն անում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյսնը, որն անգամ ցուցակում չկա: Նրա տված խոստումների վերաբերյալ ասաց. «Կարեն Կարապետյանն ինքը, երբ ժողովրդի հետ խոսում է, ասում է կոնկրետ ներկայացրեք ծրագիր ու նշեք, թե ինչ ծախսերի հետ է այն կապված, բայց ինքը նույն կերպ չի վարվում: Ասում է՝ 840 միլիոն դոլարի ներդրում կբերեմ, բայց որտեղի՞ց է բերում, ումո՞վ»:
Իսկ այն, որ ՀՀԿ-ականները խուսափում են բանավեճերից, Արմեն Բաղդասարյանը մեկնաբանում է, թե նրանց հրահանգվել է չխոսել, քանի որ նրանց խոսքը միայն բացասական ազդեցություն կունենա. «ՀՀԿ-ն իր ցուցակը կազմել է այնպես, ինչպես առևտրականներն են անում, երբ լավ ապրանքը դնում են ցուցափեղկում ու վաճառում են անորակը: Բայց այս նոր համակարգն այնպիսին է, որ ցուցակի 30-րդ համարը չի հայտնվում ԱԺ-ում, իսկ 150-րդը հայտնվում է»:
Ամփոփելով Արմեն Գրիգորյանն ասաց, որ հիմնական միտումն այն է, որ քարոզարշավը հեռուստատեսությունից տեղափոխվել է օնլայն մեդիայի տիրույթ, քանի որ հեռուստատեսությունը միակողմանի է:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի