Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատում վարչապետից իր ծոցագրպանի գրիչն են խնդրում. Վարչապետը ծոցագրպանը ցուցադրեց՝ գրիչ չուներ

Մարտ 22,2017 18:08

Այսօր ՀՀԿ-ն քարոզարշավ է իրականացնում Արարատի մարզում: Վարչապետ Կարեն Կարապետյանը դահլիճային հանդիպում ունեցավ համակիրների հետ եւ պատասխանեց նրանց հարցերին: Համակիրներից մեկը՝ մշակույթի ոլորտը ներկայացնող մի կին ասաց, որ հաշվի առնելով տնտեսության ոլորտում, բիզնեսի բնագավառում կառավարության հաջողությունները, ինքը, լինելով մշակույթի մարդ, շատ է ուզում, որ նույն տեմպերը գրանցվեն նաեւ մշակույթի եւ գրական մշակույթի բնագավառում. «Դուք, լինելով մշակութասեր մարդ, հուսով եմ, որ անպայման այդ հարցին լուծում կտաք»: Խոսքի վերջում կինը տարօրինակ խնդրանքով դիմեց վարչապետին. «Մի խնդրանք ունեմ, կուզենայի խնդրանքս կատարեիք: Եթե կարելի է, որպես Գրողների միության անդամ, կուզենայի, որ ձեր ծոցագրպանի գրիչը նվիրեիք ինձ՝ հետագա ստեղծագործության համար»: Կարեն Կարապետյանը, ի պատասխան բացեց կոստյումը եւ ցուցադրեց գրպանները՝ ծոցագրպանում գրիչ չկար: Վարչապետը կնոջը խոստացավ. «Ես ձեզ գրիչ կնվիրեմ»:

Ինչ վերաբերում է մշակութային խնդիրներին, վարչապետը համաձայնեց, որ շատ խնդիրներ կան. «Մենք՝ հայերս, ունիկալ ազգ ենք: Մենք այնքան համոզված ենք, որ մեր մշակույթը եւ մեր մասին բոլորը գիտեն: Երբ որ հանդիպում ենք մեկին, որը չգիտի, մենք նեղանում ենք նրանից՝ ոնց, դու չգիտե՞ս ես ով եմ: Ու մենք չենք անում որեւիցե քայլ, որպեսզի այդ մարդկանց մեր մշակույթը ճանաչելի դարձնենք»:

Վարչապետն ասաց, որ պետք է այնպես անենք, որ ուրիշները մեր մշակույթը նախ իմանան. «Մենք ինքներս մեր մասին լավ չգիտենք: Մենք գիտենք հռոմեացին ոնց է ապրել, եգիպտացին ոնց է ապրել, չինացին ոնց է ապրել, բայց մենք պատմական ֆիլմեր չունենք: Մենք չգիտենք, թե Տիգրան Մեծի ժամանակ ոնց ենք նախաճաշել, ոնց ենք երեխային պսակել, ոնց ենք մարդուն թաղել, ոնց ենք կռիվ արել: Որ վերցնես՝ պատմական ֆիլմեր մեկ-երկու հատ են՝ Մխիթար Սպարապետ, Դավիթ Բեկ»:

Կարեն Կարապետյանն ասաց, որ երկրորդ խնդիրն այն է, որ մեր երիտասարդների համար պետք է մատչելի դարձնեն աշխարհի մշակույթը, որ մերոնք ինքնամփոփ չմնան. «Դա չի նշանակում, որ մենք մեր ավանդույթներից պետք է հրաժարվենք, բայց մի քիչ էլ մեր հայացքը պիտի փոխենք, որ մեր քաղաքացին լինի ժամանակակից աշխարհի քաղաքացի»: Վարչապետն ասաց, որ մեր պապական ավանդույթները չպետք է ոտնահարենք, բայց մի քիչ էլ առաջ պետք է նայենք:

Կարեն Կարապետյանը նշեց, որ չնայած կապիտալ բառը հակակրանք է առաջացնում, բայց պետք է մեր մշակույթը կապիտալիզացնեն. «Էրեբունի-Երեւան տուն-թանգարանը այսօր որեւիցե զբոսաշրջիկ, փող չի բերում: 50 տարի Հռոմից մեծ քաղաք է, չգիտեմ՝ աշխարհում 7 հատ այդպիսի բան կա, թե չէ: Բայց մենք չենք կարողացել իրեն սանրենք, թրաշենք, բանտիկ կապենք, որ մատչելի լինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031