Ի տարբերություն Շիրակի մարզի Ազատան, Ախուրյան գյուղերի, որտեղ ակտիվ հարց ու պատասխան է եղել «Ելք» դաշինքի թեկնածուների՝ մասնավորապես Նիկոլ Փաշինյանի, Արամ Սարգսյանի ու բնակիչների միջև, Գյումրու ամենամեծ թաղամասերից մեկում՝ Անիում, ընդդիմադիր այս ուժի քարոզարշավը սահմանափակվեց շենք առ շենք այցելելով ու բարձրախոսով իրենց նպատակը հայտարարելով, ինչպես նաև ծրագրերը բնակիչներին բաժանելով։ Քաղաքացիների հետ շփումներ գրեթե չեղան։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Ելք» դաշինքը միավորված ընդդիմությունն է, ստեղծվել է բնակչության պահանջով ու հորդորով Սերժ Սարգսյանի ու «Հանրապետական» կուսակցության ձևավորված հուսահատության փոսից հանելու համար։
«Մենք ձեզ կոչ ենք անում գլուխներդ բարձր, գլուխներդ տեղը ապրիլի 2-ին գնացեք ընտրական տեղամասեր և քվեարկեք «Ելք» դաշինքի օգտին, և չհուսահատվեք, ժողովուրդ ջան, որովհետև «Ելք» կա։ Այս ընտրություններով պատասխանեք մի շատ կոնկրետ հարցի՝ մենք հայաստանցիներս, ողորմությա՞ն արժանի ժողովուրդ ենք, թե՞ պետականության արժանի ժողովուրդ ենք, բարեկեցությա՞ն արժանի ժողովուրդ ենք, թե՞ ողորմության արժանի ժողովուրդ ենք»,- բացականչում էր Նիկոլ Փաշինյանը։
Կարդացեք նաև
Բնակիչները նրանց հետևում էին պատշգամբներից, Նիկոլ Փաշինյանն էլ բարևներ էր փոխանցում նրանց ընտանիքներին։ Ի դեպ, եղան շենքեր, որտեղ ոչ մեկը պատշգամբից դուրս չեկավ լսելու թեկնածուներին։ Տեղի լրագրողներից մեկը այս դաշինքի ներկայացուցիչներին ասաց. «Մարդիկ այստեղ չեն, խոպան են, զարմանալ պետք չէ»։
Նկատենք, որ թեկնածուները իրենց քարոզարշավն անցկացնելու, շենք առ շենք այցելելու համար ստիպված էին ցատկոտել Գյումրու փողոցների ցեխերի միջով:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ