Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեւ գվարդիան եւ լռակյաց մարդիկ գնում են դրանց հետեւից, մնում է 10 տոկոս ազնիվ հայերին տանել». Արաբոյի Մանվել

Մարտ 22,2017 17:50

«Ես շատ գովերգում եմ Նոստրադամուսին, որ իր ասածները լինում են, բայց ոչ մի գրամ այդ մարդուց չունեմ»,- «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ, ազատամարտիկ Արաբոյի Մանվելը՝ Մանվել Եղիազարյանն այսպես պատասխանեց մեր հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի ընտրություններից եւ ինչքան ձայն կհաջողվի իրենց դաշինքին: Նա ասաց, որ քարոզարշավներին դժվար է ժողովրդի իրական տրամադրությունները շոշափել. «Դուք գիտեք մյուս քաղաքական ուժերի հավաքներին, որ գնում են, ակտիվ են, մի մասին վախեցնում են, մի մասին շահագրգռում են: Մենք մեր ծանոթների միջոցով ենք հավաքում այս զանգվածին: Մեր համակիրներն են, ազատամարտիկներ, մարդիկ, որ համակրում են «Ժառանգությանը» կամ Օհանյանին ու Օսկանյանին: Մենք պարտադրանք չենք կարող ցույց տալ, ինչ հավաքվում է՝ սրանք իրական մարդիկ են: Ավելի ուշ եթե հարցնեք, կարող եմ ասել, թե ինչքան ձայն կհավաքենք: Իսկ այսօր դեռ քարոզարշավը չի ավարտվել: Էրեբունիում իմ հորեղբոր թոռանը հարց են տալիս, նա չգիտի, որ ես դրել եմ իմ թեկնածությունը, պատկերացնո՞ւմ ես: Ասում է՝ ես ոչ մեկին ձայն չեմ տալու: Չգիտի, պատկերացնո՞ւմ ես»:

ՀՀԿ-ն այս ընտրություններին գնում է առաջընթաց եւ անվտանգություն կարգախոսով: Մանվել Եղիազարյանի խոսքերով՝ «Եթե ժողովուրդը դյուրահավատ է դարձել կամ անհավատ է դարձել, դա էական նշանակություն չունի, պետք է առաջնորդվի ուրիշ լոզունգներով՝ մարդկանց ճանաչել իրենց կատարած գործերով: Եթե ՀՀԿ-ն այնպիսի գործեր է արել, որ մարդիկ կարող են վստահել ու հավատալ, թող գնան նրանց հետեւից: Եթե տեսնում են, որ ոչ մի լավ բան չկա, ուրեմն պարտավոր են ուղղությունը, մտածելակերպը փոխել եւ փորձել պարտադրանքի միջոցով իրենց համար մի նոր արդյունքի հասնել»:

Հարցին՝ երբ ընդդիմությունը իշխանափոխություն էր ուզում իրականացնել, ոտքի էր կանգնել, դուք Ծառուկյանի շուրջ էիք համախմբվել, ինչո՞ւ հիմա ՕՐՕ դաշինքը ընտրեցիք՝ նա պատասխանեց. «Ես Ծառուկյանի շուրջը չէի համախմբվել, ես եռյակի շուրջն էի համախմբել: Ազատամարտիկների դաշինքը հավաքվել էր եռյակի շուրջը եւ ուզում էինք եռյակի միջոցով մի բան անել: Ես «Համախմբում» կուսակցության վարչության անդամ դարձա, որը միացավ եւ դաշինք ստեղծեց Օհանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Բնական է, որոշվում էր դա ձայների մեծամասնությամբ: Ես թեկուզ դեմ էլ լինեի, ոչինչ չէր փոխվի, բայց ամեն դեպքում կուսակցությունը որոշեց դաշինք կազմել՝ մենք էլ դաշինքի մեջ մտանք, այդքան բան: Իսկ Գագիկ Ծառուկյանի մասով, որ ասում եք, այն ժամանակ եռյակն էր գործում: Մենք բազմիցս հայտարարել ենք, ով ուզում է այս երկիրը կարգի բերել, մենք պարտավոր ենք իրենց օգնել: Բայց վերջում ինչ եղավ…դուք գիտեք, որ ամեն դեպքում այնպես չեղավ»:

Մեր հարցին՝ հիասթափությո՞ւն ապրեցիք՝ նա պատասխանեց. «Ամեն դեպքում, երբ դու մի պատ ես շարում, հետո ասում ես՝ պատը փլվելու է կամ պետք է փլցնել պատը, թեւաթափ ես լինում, էլի: Թեկուզ մենք էդ տեսակին չենք պատկանում, որ շուտ թեւաթափ լինենք, բայց ամեն դեպքում մի բան նստվածք մնում է մեջդ»:

Գագիկ Ծառուկյանը շրջում է մարզերում, նրան մոտենում եւ դիմում են հազար ու մի խնդրով՝ գազի հարցով, մթերման հարցերով, իսկ ՕՐՕ-ն նման խոստումներ չի տալիս, ինչքանո՞վ է արդյունավետ դա ձայն հավաքելու համար՝ նա պատասխանեց. «Ամեն մարդ ունի իր մարտավարությունը: Այստեղ պետք է հասկանալ ժողովրդի ներքին իրավիճակը: Ես չեմ թաքցնում՝ երբ նյութապես ժողովրդին շահագրգռում ես, ժողովրդի մի մասը գնում է նրա հետեւից, մի մտածեք, որ ժողովրդի 100 տոկոսը մտածում է իր ուղեղով, վաղվա օրվա համար: Ժողովրդի մի մասը դարձել է նյութապաշտ: Այդ 20 տոկոսը կարող են եւ իրենց ձայնը ծախել՝ առանց խղճմտանքի, որովհետեւ նա չի գիտակցում, որ իր երեխայի ճակատագիրն է վաճառում:

Մանվել Եղիազարյանն ասաց, որ աշխարհում ժողովրդին երեք մասի են բաժանում՝ 10 տոկոսը սեւ գվարդիան է, որն իր ստամոքսի համար կարող է ավերել ամեն մի սրբություն, 10-15 տոկոսը ազգային կորիզն է, որն իր հայրենիքի համար կարող է եւ հնոցում այրվել, մնացածը լռակյաց եւ բարեհոգի մարդիկ են: Եվ ով կարողացավ այդ լռակյաց, անտարբեր մարդկանց տանել իր հետեւից, նա էլ կտիրանա ամբողջ աշխարհին՝ իր ամբողջ մերկությամբ ու գեղեցկությամբ. «Հիմա այս վիճակն է, սեւ գվարդիան է տանում իր հետեւից եւ լռակյաց, բարեհոգի մարդիկ գնում են դրանց հետեւից: Մնում է 10 տոկոս ազնիվ հայերին տանել, նրանց այնքան հեշտ է համոզելը, շարք կանգնեցնելը, միայն դու պետք է համոզես՝ ազնի՞վ ես իրենց հետ, եթե համոզվեն՝ նրանք ձեր հետեւից մինչեւ Մարս մոլորակ ոտքով կգան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031