«Զարմանալի է, որ ՀՀ առաջին նախագահը եւ նրա թիմակիցները մեղադրում են մյուս քաղաքական ուժերին՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ծրագիր չունենալու մեջ՝ այն դեպքում, երբ Տեր-Պետրոսյանը հեռուստաեթերում հայտարարում է, որ ինքը ոչ թե առաջարկում է, այլ դիրքորոշում է հայտնում «Մադրիդյան սկզբունքների» վերաբերյալ»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա հարցազրույցին, ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորի թեկնածու, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:
Նա ընդգծեց, որ, օրինակ, «Ազատ դեմոկրատների» դիրքորոշումն Արցախի հարցում հստակ ամրագրված է իրենց նախընտրական ծրագրում. «Այդ կետերը չկարդալ եւ հեռուստաեթերից մերկապարանոց մեղադրել մյուս քաղաքական ուժերին, թե դիրքորոշում չունեն, քաղաքական աճպարարություն է: Քաղաքական շատ ուժեր դիրքորոշում հայտնել են»:
Մեր զրուցակցի համոզմամբ՝ Արցախյան հակամարտության կարգավորման ծրագիր չունեցող միակ քաղաքական ուժը «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն է. «Իշխանության եկող քաղաքական ուժը պետք է ասի, թե ինչն է մերժում բանակցությունների արդյունքում ձեւավորված փաստաթղթում եւ ինչ է պատրաստվում փոխել՝ իշխանության գալուց հետո: Մինչդեռ Տեր-Պետրոսյանն ասում է, որ առաջարկ չունի, փոխարենը՝ կա առաջարկ՝ «Մադրիդյան սկզբունքներ», որի շուրջ էլ նա դիրքորոշում է հայտնում: Այդ ծրագիրը, որի մասին խոսում է Տեր-Պետրոսյանը, եւ որը ոմանք անգամ անվանում են «Արցախը հանձնելու» ծրագիր, ես կանվանեի Արցախը եւ նրա բնակչությանը վտանգելու ծրագիր: Եթե մեկը խոսում է խաղաղապահ ուժեր տեղակայելու մասին, ես առաջնահերթ հասկանում եմ, որ այդպես հակամարտությունը չի լուծվում, այլ սառեցվում է մեկ այլ ձեւաչափով»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ