Լրահոս
Օրվա լրահոսը

«Պիտի ունենանք իշխանություն, որը չունի սեփական բիզնես, միլիարդատեր չէ, ում եղբայրները մենաշնորհ չունեն». Րաֆֆի Հովհաննիսյան

Մարտ 22,2017 17:26

«Մենք պիտի ունենանք ամուր ու պատասխանատու իշխանություն, որը չունի սեփական բիզնես, միլիարդատեր չէ, ում եղբայրները մենաշնորհ չունեն տրանսպորտի, ներկրման և այլն բնագավառներում»,- Բյուրականում ընթացող Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի քարոզարշավի ընթացքում հայտարարեց դաշինքի համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա մտահոգություն հայտնեց, թե այսօրվա իշխանությունն այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ քաղաքացին իր գյուղում, քաղաքում ազատ չէ:

Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցրեց, թե տարիներ առաջ ինքն է պատիվ ունեցել ՄԱԿ-ի շենքի առաջ բարձրացնել ՀՀ դրոշը ու համոզմունք հայտնեց, որ մեր ժողովուրդը իրավունք չունի ազատ չլինելու:

Րաֆֆի Հովհաննիսյանը մատնանշեց Արարատն ու Արագածը` որպես հայ ազգի սրբություններ ու հպարտություն, այնուհետև Բյուրականը` շեշտելով Բյուրականի ներուժը հայ մարդու գիտական մտքի, աշխարհին պատկան, ռելեվանտ լինելու հարցում` Վիկտոր Համբարձումյանով, աստղադիտարանով:

Այնուհետև կարծիք հայտնեց. «Աստղերը դիտելը բավական չէ, մենք պետք է ունենանք հայաստանցի աստղագնաց, ոչ միայն ամերիկահայ, պիտի զբաղվենք նաև մեծ գիտություններով, երկնքով, հոգով, բայց առաջին հերթին մեր քաղաքացու իրավունքով և ազգային շահով»:

«Ժառանգության» առաջնորդը հավաստիացրեց, թե պիտի ջարդեն ընտանեկան, կուսակցապետության մենաշնորհները ու անդրադառնալով ՀՀ իշխանություններին` ասաց. «Իշխանություն, որը պահում է քաղաքական բանտարկյալներ: Այսօր հողին հանձնեցինք հաց բերող հերոս ազատամարտիկին, բայց ձերբակալություններն ու հետապնդումների շարանը շարունակվում են»:

Պարոն Հովհաննիսյանը զգուշացրեց, եթե ուզում են, որ իրենց երեխաները չփախչեն այս երկրից, պետք է ազատագրվել սեփական վախից ու ստրկամտությունից, և բոլորս կունենանք 25 տարվա մեջ առաջին արդար ընտրությունները:

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը վստահեցրեց` եկել են այստեղ, որ իշխանությունը տան ժողովրդին:

Նա մտահոգություն հայտնեց, թե ՀՀ իշխանությունները հաշվետու չեն եղել ժողովրդին, ու շեշտեց, թե իրենք պայքարելու են կոռուպցիայի, կաշառակերության դեմ՝ սահմանային անցակետերից սկսած:

Սեյրան Օհանյանը տարբեր խոստումներ տվեց, թե հինգ տարի ազատելու են հարկերից մինչև 60 միլիոն դրամ շրջանառություն ունեցող կազմակերպություններին, բազմազավակության հարցերը լուծելու են մայրական կապիտալի ներդրմամբ, բարձրացնելու են պայմանագրային զինծառայողների, սպաների աշխատավարձերը:

Այնուհետև պարզաբանեց, թե ինչու են իրենք իշխանափոխություն պահանջում. «Կարելի է կուրորեն գնալ այն իշխանությունների հետևից, որոնք ապահովում են առաջընթաց: Երբ մենք ասում ենք, որ գնում ենք իշխանափոխության, դա չի նշանակում, որ խնդիր ունենք անձերի հետ: Մեր խնդիրը կառավարման համակարգին է վերաբերում»:

«Ապարան» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի վարկանիշային թեկնածու Ռազմիկ Պետրոսյանը հայտարարեց, թե իրենք ազատամարտիկներով հավաքվել են այս դաշինքում ոչ թե մանդատի համար, այլ ևս մեկ անգամ ժողովրդին ծառայելու. «Երբ նայում ենք կառավարությունում գործող իշխանիկների պահվածքը, ապա կարելի է տեսնել, որ պաշտոն ստանալուց մեկ օր հետո հայտարարում են, թե կախարդական փայտիկ չունեն: Հենց այդ կամքի բացակայության պատճառով է, որ մենք այսօր չունենք այն, ինչ պիտի ունենայինք»:

Հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը պատմեց իր և մի տարեց մարդու խոսակցություն՝ իրենց իրականացրած հանդիպումներից մեկի ընթացքում. «Երբ հարցրի` ի՞նչ խնդիրներ ունեն, հայրիկն ասաց` ամեն ինչ լավ է, տղա ջան, իշխանությունները և այլն, միայն թե գործ չկա անելու»: Ծիծաղով Սեյրան Օհանյանը եզրափակեց. «Այնպես որ, մենք այդ գործն էլ ենք ստեղծելու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031