«Կարեն Կարապետյանի հայտարարությունը, թե ով ինչ ուզի կներկրի, փուչիկի նման պայթել է»,- մարտի 22-ին Շիրակի մարզում «Ելք» դաշինքի քարոզարշավի ընթացքում հայտարարեց դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ իրենք գիտեն կոնկրետ օրինակ, երբ կառավարությունը ուժային մեթոդներով թույլ չի տվել ապրանքի իրացումը. «Կարեն Կարապետյանը որտեղի՞ց է ներդրումներ խոստանում, երբ որ ինքը կոնկրետ գործարարների առաջը փակում է: Ընդ որում, այս դեպքում փակում է նաեւ Իրան-Հայաստան գործարար կապերի խորացման առաջը: Այդ ինչի՞ց են ներդրումներ անելու, ի՞նչ են խոստանում: Ես այս ամբողջ քաղաքական գործընթացը վերլուծելով մի բան եմ հասկանում, որ Կարեն Կարապետյանը իր մի քանի ընկերների հետ ուզում է Հայաստանի Հանրապետությունը առնել: Այսինքն՝ որ ներդրում են ասում, նկատի ունեն իրենց եւ իրենց մի քանի մեծահարուստ ընկերների փողերը, որ բերեն Երեւանի կենտրոնը առնեն, հետո մի քիչ ավելի լայն շերտը առնեն, ամբողջ Հայաստանի Հանրապետությունը առնեն՝ դարձնեն կալվածք»:
Նիկոլ Փաշինյանը հորդորեց քվեարկել «Ելք» դաշինքի օգտին, քանի որ այն իր հետ քաղաքական ասպարեզ կբերի նոր սերնդի մարդկանց, որոնք իրավիճակը ստանդարտից դուրս են ընկալում, թաթախված չեն կոռուպցիայի մեջ եւ հավատում են Հայաստանի ապագային:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ