«Հենարան» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Շիրակ Թորոսյանն անդրադարձավ ՀՀԿ վարկանիշային թեկնածուների մասնակցությամբ գրանցված միջադեպերին՝ նշելով, որ նման դեպքերն անխուսափելի են:
«Եկեք ընդունենք՝ միշտ կան մարդիկ, որոնք հակասություններ ունեն ուրիշների հետ: Նախընտրական շրջանն այն հողն է, որի վրա հակասությունները նոր ուժ են ստանում՝ քաղաքական ենթատեքստով: Վարկանիշային ընտրակարգն այնպիսին է, որ կուսակցության ներսում էլ կարող են հակասություններ լինել: Այս կամ այն կուսակցությանը մեղադրելը ճիշտ չէ, պարզապես մարդիկ քաղաքական հայացքները կապում են իրենց անձնական խնդիրների հետ եւ ստվեր նետում ընտրական գործընթացի վրա»,-ասաց Շիրակ Թորոսյանը:
Նրա համոզմամբ՝ նման միջադեպերը չեն կարող որակական ազդեցություն ունենալ ընտրական գործընթացի վրա, որը, իր բնորոշմամբ, քաղաքակիրթ է ընթանում: «Նոր խորհրդարանն իր կազմով ավելի լավն է լինելու»,-համոզմունք հայտնեց պատգամավորի թեկնածուն:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ