Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ «Հաց բերողի» դիահերձումն այդքան արագ իրականացվեց

Մարտ 22,2017 16:15

Aravot.am-ը դատական բժշկության եւ իրավունքի ճանաչված մասնագետներից, որոնց անուններն իրենց խնդրանքով չենք հրապարակում, հետաքրքրվեց՝ արդյոք անհրաժեշտություն կա՞ր «Հաց բերող» Արթուր Սարգսյանի դիահերձումը հապշտապ իրականացնելու, մանավանդ  ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ավագ քննիչ Գևորգ Աղաբաբյանն Aysor.am-ի հետ զրույցում նշել էր, որ վարույթն իրականացնող մարմինը գրություն է ուղարկել ՀՀ ԱՆ դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոն՝ պարզելու, թե որքան ժամանակ է հնարավոր Արթուր Սարգսյանի դին պահել դիահերձարանում՝ բացառելով դատաբժշկական հետազոտությունների համար անհրաժեշտ որևէ նմուշի կորուստը: Ստացված պատասխանի համաձայն՝ Արթուր Սարգսյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունը նպատակահարմար է կատարել մահվանից հետո մոտ 12-48 ժամվա ընթացքում, քանի որ ավելի ուշ կատարելու դեպքում դիակների մոտ տեղի են ունենում դիակային վաղ և ուշ փոփոխություններ, որոնց արդյունքում հնարավոր է կազմաբանական և ձևաբանական փոփոխություններ հստակ պատկերի ձևախախտումներ::

«Կա համապատասխան գրականություն, մարդկանց, փարավոնների գեներն ինչպե՞ս են որոշում, սպիտակուցներով են որոշում, չէ՞…Ի վերջո սառնարաններ ունենք, որոնք ապահովում են համապատասխան պայմաններ, ինչի համար տարիներ առաջ բյուջեից բավականին գումար է ծախսվել…Այո, 12 ժամից շուտ չի թույլատրվում դիահերձումը, թեեւ բացառիկ դեպքերում կարելի է անել: Ժամանակին մամոնտի դիակ հանեցին, քանի՜ տարի էր մնացել: Ուզում եմ նշել, որ եթե համապատասխան պայմաններ են լինում, դիակը կարող է երկար պահպանվել »,-շեշտեց մասնագետներից մեկը:

Նաեւ հետաքրքրվեցինք՝ իսկապե՞ս այլ մասնագետներ չէին կարող մասնակցել հանձնաժողովային փորձաքննությանը, ինչպես նշել էր Առողջապահության նախարարության մամուլի խոսնակը՝ ասելով, որ խնդիրն իրենց դաշտից դուրս է, եւ իրավապահներն են պատվիրում փորձաքննություն ու որոշում՝ մասնակիցներին: «Քննիչը որոշում է կայացնում՝ կատարել հանձնաժողովային փորձաքննություն՝ ներգրավելով մասնագետներ այսինչին ու այնինչին, բայց հիմնարկի պետն էլ իրավունք ունի Քրեական դատավարության օրենսգրքի 245 հոդվածի 2-րդ մասով նշանակել հանձնաժողովային փորձաքննություն: Ընդ որում, ըստ ՔՐ.ՕՐ-ի այդ հոդվածի նշված կետի համաձայն, հանձնաժողովային փորձաքննություն կատարելու մասին որոշումը պարտադիր է փորձագիտական հիմնարկի ղեկավարի համար: Եթե փորձաքննության կատարումը հանձնարարված է փորձագիտական հիմնարկին՝ առանց հանձնաժողովային փորձաքննության պահանջի, ապա նրա ղեկավարն իրավասու է կազմակերպել հանձնաժողովային փորձաքննության կատարումը: Դա գլխավոր մասնագետի իրավունքն է»,-նշեց մեր զրուցակիցը:

Aravot.am-ը կապվեց նաեւ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկության գծով փորձագետ Մհեր Բիշարյանի հետ եւ նրանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ գտնվելով նույն շենքում, չի մասնակցել Արթուր Սարգսյանի դիահերձմանը, որին ընդամենը 2-3 դատական բժիշկ է ներգրավված եղել: Ի պատասխան, պարոն Բիշարյանն ասաց, որ պատրաստ է բոլոր հարցերին պատասխանել, եթե դրանք ուղարկվեն նախաքննական մարմնի միջոցով:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031