Ամփոփվել են սիրիահայ կարիքավոր ընտանիքներին և երեխաներին ցուցաբերած աջակցությանը վերաբերող 2017թ. հունվար-մարտ ամիսների տվյալները։
Այս ընթացքում սոցիալական աջակցություններ են տրամադրվել 235 կարիքավոր սիրիահայ ընտանիքների, ևս 26 ընտանիքներ ընդգրկվել են պետական սոցիալական աջակցության ծրագրերում:
«Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպության հետ համագործակցության շնորհիվ նախորդ 3 ամիսներին շուրջ 200 սիրիահայ ընտանիքների տրամադրվել են բնակվարձեր՝ առավելագույնը 15 ամիս տևողությամբ, ամսական 60.000 դրամի շրջանակներում, 300 ընտանիքների կոմունալ ծախսերը փոխհատուցվել են 57.000 դրամի չափով, 150 ընտանիքների տրամադրվել են կահույք և կենցաղային այլ իրեր։
Մայրաքաղաքի բուհերում արտահերթ հիմունքներով ընդգրկված են 122 սիրիահայ երեխաներ, հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորում են 498, իսկ Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում՝ 32 սիրիահայ աշակերտներ, որոնցից 5-ը՝ անվճար հիմունքներով: Սիրիահայերը, հատկապես երեխաները, ընդգրկվում են սոցիալական, մշակութային, կրթական տարբեր միջոցառումներում:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի ենթակա բուժհիմնարկներ են դիմել 417 սիրիահայեր, որոնց ցուցաբերվել է անվճար բժշկական օգնություն և սպասարկում։
Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն