Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սիսիանում Սեյրան Օհանյանին սիրում էին, բայց հիասթափվել են

Մարտ 22,2017 14:07

«Այ մարդ, ամոթ ա, 9 տարեկան էրեխուն որ ասես՝ կծիծաղի: Բա դու յեքա նախարար մարդ ես եղել, բա կարելի ա՞ ժողովրդին տենց բան ասել»,- սա սիսիանցի մի կնոջ վրդովմունքն է՝ ուղղված ՕՐՕ դաշինքը գլխավորող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Տիկինը նկատի ունի Սեյրան Օհանյանի այն հայտարարությունները, որ ինքը բնակարան չունի եւ Վահագնի թաղամասի հայտնի առանձնատանը վարձով է ապրում: Մեր զրուցակիցը չցանկացավ ներկայանալ՝ ամուսինը պետական հիմնարկում է աշխատում, տղան էլ զինծառայող է, վախենում է, որ իր անկեղծությունը ծանր կնստի իր ընտանիքի վրա:

Նա այդպիսի միակը չէ: Մեզ հետ զրույցներում շատերն էին դժգոհություն ու վրդովմունք արտահայտում՝ ուղղված հիմնականում իշխող Հանրապետականին: Ոմանք չէին ցանկանում ներկայանալ, որովհետեւ ընտանիքից պետական հիմնարկում աշխատող կար, մյուսներն էլ հիասթափված են, կարծում են, որ իրենց խոսել-չխոսելով, միեւնույն է, բան չի փոխվելու:

Հիշեցնենք, Սյունիքի մարզում դեռ շարունակվում են «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումները: Այսօր Սիսիանում կայացած հանդիպումը, ի դեպ, բավական բազմամարդ էր: Ներկաներից ոմանցից հետաքրքրվեցինք՝ կարո՞ղ է իրենց համոզելով են հանդիպման բերել: Մարդիկ ասում էին, որ իրենք են որոշել գալ Ծառուկյանի հանդիպմանը: Համոզելով չէ, բայց ստիպողաբար այստեղ եւս պետական հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներին ՀՀԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումների են բերում:

Մեր զրուցակից կինն էլ, ի դեպ, ասաց, որ ամուսնուն նաեւ ստիպել են, որպեսզի ընտանիքի բոլոր անդամները ապրիլի 2-ին քվեարկեն ՀՀԿ-ի եւ ՀՀԿ-ի թեկնածուների օգտին: Բայց ինքը հաստատ որոշել է՝ տնեցիներից գաղտնի գնալու է եւ «Ծառուկյան» դաշինքի օգտին է քվեարկելու: Ինքը նրանց է հավատում:

Մեր զրույցներից պարզ դարձավ, որ կոնկրետ Սիսիանում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հիմնական մրցակիցները լինելու են իշխող ՀՀԿ-ն՝ իր ռեյտինգային թեկնածուներով եւ «Ծառուկյան» դաշինքը: Նախընտրական լարվածություն այստեղ չկա, մարդիկ հույս ունեն, որ այսպես հանդարտ էլ ամեն ինչ կընթանա:

Ընտրություններին մասնակից մյուս ուժերից, տեղացիների կանխատեսումներով, որոշակի տոկոսներ կհավաքեն Դաշնակցությունը եւ «Ելք» դաշինքը, այն էլ բացառապես Նիկոլ Փաշինյանի՝ այստեղ ճանաչված լինելու հաշվին: Մյուս քաղաքական ուժերը, ըստ տեղացիների, կամ շատ քիչ տոկոսներ կհավաքեն, կամ առհասարակ ձայն չեն հավաքի:

Բավականին ուշագրավ էր, որ այստեղ չէին լսել, անգամ չէին էլ հետաքրքրվում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքի առաջ քաշած շատ կարեւորագույն թեզերով: Երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցից էլ մարդիկ տեղյակ չէին:

Ավելին, մեր այդ հարցերին ի պատասխան՝ յուրաքանչյուրը ներկայացնում էր այն ծանր սոցիալական իրավիճակը, որում ինքն է ապրում՝ աշխատատեղերի բացակայությունը, տիրող անարդարությունները, որոնց պատճառով էլ երիտասարդները բռնում են գաղթի ճամփան:

Իսկ Գագիկ Ծառուկյանն այստեղ եւս ներկայացրեց դաշինքի առաջնահերթություն հռչակած 15 կետերը եւ հորդորեց, որ ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցեն եւ քվեարկեն խղճի կամոք:

Սիսիանում կայացավ նաեւ սպորտդպրոցի բացման արարողությունը. այն կառուցվել է Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցների հաշվին:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031