ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Աբու Դաբի էﬕրության թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի բարձր հովանավորությամբ՝ Հայաստանի զարգացման հիմնադրամը և Աբու Դաբիի Առևտրի պալատը մարտի 22-ին Արաբական Միացյալ Էմիրություններում կազմակերպել են «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովը:
Համաժողովի անցկացման վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել անցյալ տարեվերջին ՀՀ Նախագահի` ԱՄԷ պաշտոնական այցի ժամանակ: Այն նպատակ ունի խթանելու Հայաստանի և արաբական երկրների տնտեսական կապերի ակտիվացումը, քննարկելու առևտրային հոսքերի առաջիկա տեսլականը և ներդրումային նախագծեր ներկայացնելու արաբ գործարարներին: Աբու Դաբիում համաժողովը մեկնարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: «Հայաստան-ԱՄԷ 2017»-ը համախմբել է շուրջ 300 մասնակցի, այդ թվում՝ պետական պաշտոնյաներ, հիմնադրամների ղեկավարներ, վերազգային ընկերությունների, միջազգային կազմակերպությունների, Հայաստանում օտարերկրյա ներդրումների հաջող փորձ ունեցող ընկերությունների ներկայացուցիչներ։
Համաժողովի օրակարգում ընդգրկված են շնորհանդեսներ գյուղատնտեսության և անասնաբուծության, էներգետիկայի, առողջապահության և դեղագործության, ՏՏ, զբոսաշրջության, անշարժ գույքի ոլորտների, Հայաստանում գործող օտարերկրյա ընկերությունների պատմությունների մասին, ներդրումային մի շարք նախագծեր։ Շնորհանդես է պատրաստել նաև Հայ-էմիրաթական գործարար ասոցիացիան։
Կարդացեք նաև
Հայաստանում և ԱՄԷ-ում գործարարությամբ զբաղվելու հնարավորությունների մասին քննարկման շեշտը Մերձավոր Արևելք, ԵԱՏՄ և ԵՄ շուկաներ Հայաստանի միջոցով արտոնյալ մուտքի հնարավորության վրա է։ «Հայաստանի կառավարությունը որդեգրել է արագացված բարեփոխումների ծրագիրը՝ ուղղված օտարերկրյա ուղղակի ներդրումների համար բարենպաստ միջավայր ձևավորելուն։ Թափանցիկ, արդյունավետ ու կայուն գործարար միջավայր, իրավական-նորմատիվային հիմք, դյուրացված ռեժիմներ ստեղծելու ջանքերը ՀՀ կառավարության օրակարգի առանցքում են։ ԱՄԷ-ն ու արաբական մյուս երկրները Հայաստանում կգտնեն բարձր որակավորում ունեցող և ոչ թանկ մարդկային կապիտալ, ազատական և բաց տնտեսություն, ինչպես նաև Հայաստանի միջոցով տարածաշրջանային խոշոր շուկաներ մուտքի հնարավորություն», – նշված է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանի ելույթում։
Համաժողովի շրջանակում նախատեսված են նաև գործարար հանդիպումներ (B2B) պոտենցիալ ներդրողների և գործարարների միջև՝ ուղղված Հայաստանի և արաբական երկրների հետագա առևտրային համագործակցության զարգացմանը։
100 միլիոն դոլարի ներդրումների մասին հուշագիր է ստորագրվել
Հայաստանի Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և ԱՄԷ «Ocean Holding» ՍՊԸ միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Համագործակցությունը նպատակ ունի զարգացնելու Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ենթակառուցվածքները և «Ocean Holding» ընկերությանը մեր երկրում արևային էներգիայի նախագծերում ներդրումների հնարավորություն տալու։
«Ocean Holding»-ը նպատակ ունի այս տարվանից սկսած, Հայաստանում ներդնելու 100 միլիոն ԱՄՆ դոլար՝ ֆոտովոլտային կայաններ կառուցելու և դրանք գործարկելու՝ օգտագործելով ոլորտի լավագույն հասանելի տեխնոլոգիաները։ Նախարարությունը կդյուրացնի «Ocean Holding»-ի գործունեությունը Հայաստանում և կտրամադրի արևային էներգետիկայի ոլորտի մասին տեղեկատվություն։ Ներդրումները տեղի կունենան մի քանի փուլով։
Համաժողովի բացմանը ցուցադրված Հայաստանի վերաբերյալ տեսահոլովակ
«Համաժողովի ընթացքում քննարկված հարցերի ու ուոլորտային շնորհանդեսների մասին առավել մանրամասն տեղեկատվություն՝ հետևյալ հղումով.
Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն