«Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանի քույրը՝ Շողերը, անդրադարձել է տեղեկատվությանն այն մասին, որ Ուկրաինայի հատուկ ծառայությունները ստուգում են մրցույթի հայաստանյան ներկայացուցչին, որը կասկածվում է ուկրաինական օրենսդրությունը խախտելու համար:
«Նա Ղրիմում չի եղել: Նրա հարազատ քույրն եմ, կարող եմ ասել, որ նա 100%-ով Ղրիմում չի եղել»,-ասել է Շողերը Life-ին տված հարցազրույցում:
Նա նաև նշել է, որ իրենց ընտանիքը Ղրիմում հարազատներ կամ ընկերներ չունի: Շողերի խոսքով՝ Արծվիկն այժմ զբաղված է մրցույթի նախապատրաստական աշխատանքներով, այդ պատճառով անձամբ որևէ մեկնաբանություն չի տալիս:
Ավելի վաղ ԶԼՄ-ները, վկայակոչելով Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոյին հաղորդել էին այն մասին, որ ուկրաինական անվտանգության ծառայությունը կարող է արգելել «Եվրատեսիլ-2017» մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանին մուտք գործել միջոցառումը հյուրընկալող երկիր՝ Ուկրաինա: