Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դե իհարկե, Հայաստանից շաքար չի արտահանվում, գործարանը չի վերամշակում գյուղացիների աճեցրած ճակնդեղը. «Հայկական ժամանակ»

Մարտ 22,2017 11:54

ՀՀԿ ծրագրում առանձին գլուխ կա արտահանմանը նվիրված։ Գրված է, որ պետք է խթանվի արտահանումը, քանի որ մեր շուկան փոքր է։ Իսկ նույն կուսակցության փոխնախագահ Կարեն Կարապետյանը այս տարվա հունվարի 12-ի կառավարության նիստում հայտարարեց, «Հանձնարարում եմ տնտեսական զարգացման եւ ներդրումների, ֆինանսների, պաշտպանության, գյուղատնտեսության, առողջապահության նախարարներին՝ համատեղ ուսումնասիրել եւ 20-օրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու վերաբերյալ ըստ առանձին ապրանքների»։ Այսինքն պետք է ներմուծումը նվազեցնել, հետո արտահանումը մեծացնել։

Բայց մի րոպե. սա կարծես թե առաջին անգամ չէ, որ լսում ենք։ Դե իհարկե։ 2010 թ. աշնանը Սերժ Սարգսյանը այցելել էր նույն Ալեքսանյանին պատկանող Սպիտակի շաքարի գործարան ու հայտարարություններ արել։ «Երկար տարիներ Հայաստանում շաքար չէր արտադրվում, հիմա արտադրվեց։ Մեր շաքարն ամենից լավը պետք է լինի… գործարանը այս համայնքների համար լոկոմոտիվի դեր է կատարելու, որովհետեւ այն ի վիճակի է վերամշակելու տեղում արտադրած ճակնդեղը… կարեւորագույն խնդիրը, որ լուծում է այս գործարանը՝ մեր քաղաքականության կենսագործումն է, այսինքն՝ ներմուծման կրճատում եւ արտահանման ավելացում։ Կարճ ժամանակ հետո, Հայաստան, կարծում եմ, ընդհանրապես շաքար չի ներմուծվելու, որովհետեւ Ախուրյանի գործարանի շաքարի որակը բավականաչափ բարձր է լինելու եւ ավելի էժան, քան արտերկրում արտադրված շաքարը… արտահանման առաջին խմբաքանակն արդեն ուղարկված է եւ, ինչպես ինձ ասում է գործարանի սեփականատերը, հաջողությամբ իրացվում է այն երկրում, որտեղ արտահանել են շաքարը… վստահ եմ, որ այս գործարանը, արտադրելով որակյալ եւ մրցունակ գներով շաքար, ոչ միայն Վրաստանում, այլ նաեւ այլ երկրներում ունենալու է իր կայուն շուկան…»,- այ այսպիսի բաներ էր ասում ՀՀԿ նախագահը սրանից 6.5 տարի առաջ։

Դե իհարկե, Հայաստանից շաքար չի արտահանվում, գործարանը չի վերամշակում գյուղացիների աճեցրած ճակնդեղը, իսկ Վրաստանում հիմա շաքարը 25 տոկոսով ավելի էժան է, քան Հայաստանում։ Ռուսաստանում էլ մի 25 տոկոսով էժան է: ՀՀԿ նախագահի միակ «կանխատեսումը» որ իրականացավ, դա այն էր, որ ուրիշ ոչ ոք, բացի Ալեքսանյանից, Հայաստանում շաքարի մանրածախ շուկայում չկա։ Եվ Ալեքսանյանն էլ ՀՀԿ ցուցակում է ու պետք է լիքը «ձայն բերի» ՀՀԿ-ին, որպեսզի «հովանավորչությունը, ստվերային տնտեսությունը տեղ չունենան մեր իրականության մեջ»։ Ահա այսպիսի ճակնդեղ իրականություն։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031