Վարչապետ Կարեն Կարապետյանը Շիրակի մարզ այցելելիս` եղավ նաև Փոքր Մանթաշ գյուղում։ Այստեղ տարբեր հարցեր հնչեցին ուղղված վարչապետին՝ սկսած նեղ անձնական խնդիրներից, որից մեկը զինծառայողի հետ էր կապված ու հասցեագրված էր Սեյրան Օհանյանին, մինչև գյուղի խնդիրներն ու «վառելիք լափելն ու պատասխան չտալը»։
Դպրոցի փոխտնօրենը վարչապետին խնդրեց լուծել դպրոցի ջեռուցման հարցը։ Նա իր խնդրանքը ներկայացրեց այսպես․«Ես անձնական հարց չունեմ, պարոն վարչապետ, դիմում եմ ձեզ՝ որպես դպրոցի փոխտնօրեն, ցանկանում եմ ջերմությամբ նայեք Փոքր Մանթաշին։ Գիտեք ինչի համար, խնդրում եմ լսեք ինձ, նման գյուղ քիչ կա տարածաշրջանում, ես պարծենում եմ իմ գյուղով, բնիկ Փոքր Մանթաշից եմ և շատ եմ սիրում և՛ էս ժողովրդին, և՛ բոլոր հյուրերին, ովքեր գալիս են այստեղ։
Փոքր Մանթաշին հարկավոր է պարգևատրել, թույլ տվեք անկեղծ ասեմ ինչու, պարոն վարչապետ․ունենք 14 սպա առաջնագծում, դա մեկ, 37 բժիշկներ, որոնք հանրապետության տարբեր բուժհաստատություններում աշխատում են, և եթե որևէ մեկը գնում է միջազգային մրցումների, պարգևատրում է ստանում։
Ես կուզենայի դպրոցին պարգևատրեիք ինչպես կարող եք, մեր խնդրանքն է դպրոցի ջեռուցման հարցը լուծել։ Մենք չենք ուզում վախեցած զինվոր ունենալ կամ կին, որը երեխա չի բերի։ Խնդրում ենք, դիմում ենք ձեզ ՝ որպես բարձր լեռնային գոտու ժողովուրդ, որպես աշխատասեր ու գեղեցիկ ժողովուրդ, որպես երկիր պահող ժողովուրդ։ Արցախյան շարժմանը 250 մասնակից ենք ունեցել, էստեղ նստած են , ու բոլորի հայացքը ուղղված է ձեզ։ Ես դիմում եմ այդ խնդրանքով՝ նայեք մեր դպրոցին»։
Կարդացեք նաև
Վարչապետն ասաց․ «Տվեք դիմումը, ես այսօր համապատասխան մարդկանց եմ տեսնելու, կքննարկենք»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ