Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի կողմ դրեք վատ մտքերը՝ բոլոր հարցերը լուծելի են»

Մարտ 22,2017 10:24

Կոչ է անում «Ծառուկյան» դաշինքով թիվ 2 ընտրատարածքում
առաջադրված թեկնածու Զոհրաբ Զոհրաբյանը

«Ծառուկյան» դաշինքով թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Դավիթաշեն, Աջափնյակ) առաջադրված թեկնածու Զոհրաբ Զոհրաբյանը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Ես ձեզանից մեկն եմ» կարգախոսով: Պատգամավորության թեկնածուն «Առավոտի» հետ զրույցում ասում է. «Ես ընտրեցի այդ կարգախոսը, որովհետեւ այն իսկապես ինձ հոգեհարազատ էր, որովհետեւ ես եղել եմ ժողովրդի մի մասնիկը, ինձ երբեւէ չեմ առանձնացրել նրանից, ու այդ կարգախոսն իրոք իմ սրտից է բխել»:

Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է պատրաստվում փոխել` ԱԺ պատգամավոր դառնալու դեպքում, ի՞նչ խոստում կտա, որ իրատեսական կլինի: «Եթե, Աստված կամենա, դառնամ ԱԺ պատգամավոր, եւ «Ծառուկյան» դաշինքը վստահության քվե ստանա, մենք ե՛ւ դաշինքով, ե՛ւ ինքս անհատապես լուրջ ծրագրեր ենք իրականացնելու` մարդկանց առօրյա կյանքը փոխելուն միտված: Կոնկրետ օրինակներ էլ կարող եմ ասել: Երեւանում եւ հանրապետության մարզերում շատ արագ որակյալ, մրցունակ, բարձր վարձատրվող աշխատատեղեր ստեղծելու հստակ ծրագրեր ունենք, գիտենք, որ դա օրախնդիր հարց է: Ու այդ ամենն արդեն մշակված մեր աշխատանքի փուլի մեջ է, որը պատրաստվում ենք կյանքի կոչել: Նաեւ առաջնահերթ սոցիալական ոլորտին վերաբերող, բոլորիս գրպանին հարվածող խնդիրները պետք է լուծենք: Ցավոք, այսօր մի իրավիճակ է ստեղծվել, որ մնում է անգամ շնչելու համար վճարենք, առավոտյան արթնանում ենք ու մտածում, թե ինչ հաշիվ կգա, էլ ինչի համար պետք է վճարենք:

Մի խոսքով, ունենք հստակ ծրագրեր, որոնց արդյունքում մարդիկ փոփոխություններ կզգան իրենց մաշկի վրա, իրենց ընտանիքներում»,-պատասխանեց մեր զրուցակիցը: Նրանից նաեւ հետաքրքրվեցինք, թե որպես Երեւանում առաջադրված թեկնածու` ի՞նչ է պատրաստվում անել մայրաքաղաք Երեւանի համար, մանավանդ որեւէ կուսակցության կամ դաշինքի նախընտրական ծրագրում մայրաքաղաքի մասին որեւէ տող չկա: «Երեւան քաղաքի, առաջին հերթին Արաբկիր համայնքի համար ունենք պիլոտային ծրագիր, որը պատրաստվում ենք իրագործել: Դա վերաբերում է ոչ միայն աշխատատեղեր բացելուն, այլեւ մշակույթի ոլորտին, սպորտդպրոցներին, մշակույթի տներին եւ այլն: Այդ ծրագիրն իրականացնելու ենք ողջ Երեւան քաղաքում, հստակ շեշտադրված են ոլորտները` սկսած թանգարաններից, վերջացրած մշակութային այլ օբյեկտները վերակառուցելով ու վերազինելով: Ունենք նաեւ Երեւանը զբոսաշրջիկների համար ավելի գրավիչ դարձնելու ծրագիր»,-ասաց պարոն Զոհրաբյանը: Իսկ պարտադի՞ր է, որ մարդը երկրի համար լավ գործ անելու համար անպայման պատգամավոր ընտրվի: «Իհարկե՝ ոչ, բայց, ցավոք սրտի, մեզանում մի կարծրատիպ կա, որը պետք է շատ շուտ կոտրենք:

Մի տպավորիչ օրինակ բերեմ` դուրս գալով քաղաքականության դաշտից ու մտնելով սպորտային դաշտ: Ունենք փայլուն ֆուտբոլիստ, որին ազգովին սիրում ենք, խոսքը Հենրի Մխիթարյանի մասին է: Եթե նա իր խաղաոճով, մարզական կարգավիճակով, լիարժեք փայլուն տաղանդով հանդերձ չխաղար այն ֆուտբոլային թիմում, որտեղ խաղում է, արդյոք կկարողանա՞ր իր տաղանդը, գործունեությունը, ծրագրերը, ժողովրդի հպարտությունը մատուցել: Ես թերեւս կոպիտ օրինակ բերեցի, բայց միայն նրա համար, որ հասկանալի լինի ասածս: Եթե այդ մարդուն նստեցնենք փոխարինողների կազմում կամ մեկ այլ թիմում, չէ՞ որ նա չի կարողանա իր ունակություններն ի ցույց դնել, ծրագրերն իրագործել: Նույնն էլ խորհրդարանն է` այն հարթակ է, յուրատեսակ կապի միջոց, որ դու քո նախաձեռնությունները, ծրագրերը օրենքի ուժով իրականություն դարձնես: Մյուս կողմից էլ, մենք ծրագրեր ենք իրականացրել ե՛ւ առանց Ազգային ժողովի եւ էլի իրականացնելու ենք, որովհետեւ դա հայ մարդու մոտեցում է»,-հայտնեց Զոհրաբ Զոհրաբյանը:

Հարցրինք, թե ո՞ր հարցերն է առաջինը բարձրաձայնելու խորհրդարանական ամբիոնից` ԱԺ պատգամավոր դառնալու դեպքում: «Ոչ միայն խորհրդարանական ամբիոնից, այլ հենց միանգամից պետք է բարձրաձայնվեն որոշ հարցերը, շատ արագ, հենց ընտրություններից հետո: Օրենքի փոփոխություններ պետք է լինեն, որպեսզի իրականացնենք «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրի առաջնահերթ 15 քայլերը: Այդ 15 կետերն ամենացավոտն են, քանի որ առնչվում են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու` ե՛ւ մարզերում, ե՛ւ մայրաքաղաքում: Այդ 15 կետերին պետք է օրենքի ուժ տանք եւ մտցնենք մեր առօրյայի մեջ»,-հնչեց պատասխանը: Ի պատասխան հարցի` իր կարծիքով ինչպիսի՞ն կլինի Հայաստանի ապագան, եթե «Ծառուկյան» դաշինքը խորհրդարանում մեծամասնություն կազմի, մանավանդ, ըստ որոշ հարցումների, նման պատկեր է ուրվագծվել, Զոհրաբ Զոհրաբյանը նշեց. «Մենք արդար ենք, սիրում ենք մեր ժողովրդին, պետությունը եւ պետականությունը, երբեւիցե չենք ցանկացել, որ խարխլվեն մեր պետականության հիմքերը: Մեր երկրում եղել է եւ լավը, եւ վատը, հիմա ուզում ենք մասնավորապես վատը ջնջել եւ նոր` սպիտակ էջից սկսել, ուզում ենք, որ նոր կյանք սկսեն բոլորը, որ օրինականությունը բոլորի վրա ազդի, օրենքներն անխտիր վերաբերեն բոլորին, օրենքի երկիր կառուցենք, որ մարդիկ առօրյա հոգսեր չունենան: Դա է մեր երազած Հայաստանը, մեր տեսլականը: Ուզում ենք ունենալ զարգացած, ժամանակակից, ուժեղ, ամուր պետություն, երջանիկ եւ առողջ ժողովուրդ»:

Հարցազրույցի ավարտին «Ծառուկյան» դաշինքով թիվ 2 ընտրատարածքում առաջադրված թեկնածուն կոչ արեց չհուսահատվել. «Գիտեմ, որ շատերը ծայրահեղ ծանր վիճակում են հայտնվել, ծառացած խնդիրներ կան, որ լծի նման ժողովրդի գլխին դարձել են գլխացավանք, ոմանք անելանելի վիճակից ելնելով՝ անգամ մտածում են ինքնասպանություն գործելու, արտագաղթելու մասին: Բայց ես բոլորին ուզում եմ հավաստիացնել, որ ամեն դժվարություն անցողիկ է: Կոչ եմ անում, խնդրում եմ մեր ժողովրդին`մի կողմ դրեք բոլոր վատ մտքերը, առաջիկայում ապրելու ենք ուրիշ երկրում, մեր երազած Հայաստանում ենք ապրելու, քանի որ բոլոր հարցերը լուծելի են»:

 

ՕՖԵԼՅԱ ՍԱՐԳՍՅԱՆ

«Առավոտ»

22,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031