Լրահոս
Օրվա լրահոսը

Ապակայունացում հրահրելու փորձերը դատապարտված են տապալման

Մարտ 22,2017 12:00

Ըստ Նարեկ Սամսոնյանի` այդ փորձերը որեւէ կերպ
չեն սպասարկվում ՀՀ քաղաքացիների լայն շրջանակների կողմից

– Մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, ինչպե՞ս եք գնահատում նախընտրական պայքարն ընդհանուր առմամբ:

– Նախընտրական պայքարը սպասվածից ավելի հանգիստ է ընթանում, եթե հաշվի չառնենք որոշ ուժերի կողմից անընդհատ քաղաքական իրավիճակի սրացման փորձերը, կարելի է ասել, որ մինչեւ նախընտրական քարոզարշավը կանխատեսված բախումները չեզոքացվեցին իշխող ուժի կողմից։ Գաղափարական բանավեճի առումով, ինչպես նախորդ բոլոր ընտրությունների պարագայում, այս ընտրությունները եւս ոչնչով աչքի չեն ընկնում։ Ընդհանրապես, նախընտրական քարոզարշավից բացակայում է քաղաքական բաղադրիչը, իսկ այդ բաղադրիչին փոխարինելու են եկել Գագիկ Ծառուկյանի եւ Առաքել Մովսիսյանի կողմից ժողովրդին խոստացվելիք ընտրակաշառքներն ու ՕՐՕ դաշինքի՝ մի բաժակ ջրում փոթորիկ սարքելու անհագ ցանկությունը։ Քաղտեխնոլոգիաների առումով եւս այս քարոզարշավը ոչնչով աչքի չի ընկնում, եթե չհաշվենք իշխող ՀՀԿ-ի կողմից իրականացվող գրագետ քարոզարշավը։ ՀՀԿ-ից բացի՝ մյուս ուժերը ոչնչով չեն օգտագործում ժամանակակից քաղտեխնոլոգիաները։ Փոխարենը օգտագործվում են նախկինում օգտագործված եւ առարկայական հաջողության չհասած քաղտեխնոլոգիաները, մասնավորապես՝ փողոցում բարձրախոսներով կարգախոսներ բղավելով անցնելը։

– Ի՞նչ եք կարծում՝ առաջադրված ուժերից որեւէ մեկի հետ հասարակությունն իրական փոփոխությունների հույս կապո՞ւմ է։

– Ցավոք սրտի, մեր հասարակության շրջանում առկա բարոյահոգեբանական իրավիճակն այնպիսի մակարդակում է գտնվում, որ ցանկացած փոփոխություն այսօր հասարակության շրջանում ընկալվում է որպես ընտրակաշառք ստանալու հնարավորություն, ինչին էլ ականատես ենք լինում նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Եվ եթե վերոգրյալին էլ գումարում ենք ընտրություններին մասնակցող կուսակցությունների սնանկ եւ նույնաբովանդակ կենացների մակարդակի քաղաքական ծրագրերը, ապա պատկերն ամբողջանում է։

– Հասարակության հետ հանդիպումներում կրկին լսում ենք դժգոհություններ` «ինչո՞ւ ընդդիմադիր ուժերը չեն միավորվել»: Ի՞նչ հնարավորություններ ունեն ոչ իշխանական ուժերը, եթե բոլորի հնարավորությունները փորձենք գնահատել:

– Նախ՝ միավորման մասին. ի՞նչ է նշանակում՝ ինչո՞ւ չեն միավորվում, ընդհանրապես այս հարցը հակաքաղաքական եւ, առավել եւս, հակաքաղաքագիտական է։ Ինչի՞ շուրջ պետք է միավորվեն ոչ իշխանական ուժերը. իշխանափոխությա՞ն, իսկ մի՞թե մեր երկրում առկա բոլոր խնդիրների լուծման բանալին իշխանափոխությունն է։ Վստահ եմ, որ այսօր մեր երկրին, առավել քան իշխանափոխությունը, անհրաժեշտ է իրական քաղաքացիական հասարակության առկայություն, որը ՀՀ քաղաքացիներին բնակչից կվերածի քաղաքացիների, ինչն էլ իր հերթին կհանգեցնի քաղաքական նոր մշակույթի ձեւավորման ու համակարգային փոփոխությունների։ Իսկ այս համատեքստում ձեր կողմից նշված ուժերը միայն արգելակող դերակատարում ունեն՝ այնպես, ինչպես իշխանական ուժերը։ Այսօրվա դրությամբ, ցավոք սրտի, ոչ իշխանական ուժեր եզրույթը խիստ աղավաղված է։

Օրինակ՝ ինչպե՞ս կարելի է «Ծառուկյան» դաշինքին, ՕՐՕ դաշինքին, «վերածնված» ՕԵԿ-ին, ՀՅԴ-ին համարել գործող իշխանություններին այլընտրանք։ Այո՛, վերոգրյալ ուժերը ոչ իշխանական են, բայց նաեւ ոչ ընդդիմադիր։ Ընտրություններին մասնակցող ուժերից ընդդիմադիր կարելի է համարել ՀԱԿ-ին, որի ընտրազանգվածն այսօր կիսված է մյուս երկու ընդդիմադիր ուժերի՝ «Ելք» դաշինքի եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության միջեւ։ Ցավոք սրտի, վերոգրյալ երեք ուժերից երկուսը՝ ՀԱԿ-ը, «Ազատ դեմոկրատներ»-ը, չեն կարող հաղթահարել անգամ պահանջվող նվազագույն շեմը։ Այլ է իրավիճակը «Ելք» դաշինքի պարագայում, սակայն կարծում եմ, որ անգամ նրանք առավելագույնը կարողանալու են հաղթահարել նվազագույն շեմը եւ այդպիսով գործող իշխանություններին իրական հակակշիռ չեն կարողանալու հանդիսանալ ԱԺ-ում։

– ՀՀԿ-ի նախընտրական բրենդը վարչապետ Կարեն Կարապետյանն է եւ եւս մի քանի չվարկաբեկված նախարարներ: Ճի՞շտ հաշվարկ էր սա, հասարակությունը վստահության քվե կտա՞ ՀՀԿ-ին։

– Ոչ թե ճիշտ հաշվարկ, այլ արդյունավետ քաղտեխնոլոգիա։ Ընդհանրապես, ՀՀԿ-ն զարմանալիորեն գործի է դրել արեւմտյան քաղտեխնոլոգիաները, որոնց արդյունավետությունը գործնական տեսք է ստացել բազմաթիվ երկրներում։ Հասարակությունը, բնականաբար, քվե կտա ՀՀԿ-ին, բայց թե ո՞րը կլինի այդ քվեի շարժառիթը՝ դժվար է ասել։ Իհարկե, ՀՀԿ-ն օգտագործելու է իր ձեռքի տակ եղած ողջ զինանոցը, որոնց թվում են վարչական ռեսուրսները, քրեական տարրերը, ընտրակաշառքը, եւ երբ այս ամենին էլ գումարում ենք իր հետ մրցակցող ուժերի բովանդակազուրկ քարոզարշավն ու ՀՀԿ-ի կողմից կիրառվող բավականին արդյունավետ քաղտեխնոլոգիան, պատկերն առավել քան պարզ է դառնում։ Վերոգրյալը հաշվի առնելով՝ կարելի է արդեն իսկ կանխատեսել, որ ՀՀԿ-ն հեշտությամբ կստանա նոր կառավարման համակարգի կողմից պահանջվող կայուն մեծամասնությանը համապատասխան ձայներ։

– Արդյոք իշխանության համար կարո՞ղ են լինել անկանխատեսելի զարգացումներ: Առհասարակ, նախընտրական քարոզարշավում ֆորս-մաժորային իրավիճակներ կարո՞ղ են արձանագրվել: Օրինակ՝ Ջրառատ գյուղում տեղի ունեցած դեպքերը եւ մի քանի օր առաջ «Հաց բերող» անվամբ հանրությանը հայտնի դարձած Արթուր Սարգսյանի մահը կարո՞ղ ենք համարել իշխանությունների համար ֆորս-մաժորային իրավիճակ։

– Արթուր Սարգսյանի մահը շատ ցավալի իրադարձություն էր հանրային լայն զանգվածների համար եւ, միաժամանակ, ամենաանցանկալի զարգացումն էր իշխանությունների համար։ Իհարկե, իշխանությունները պետք է մանրամասն հիմնավորեն Արթուր Սարգսյանին երկրորդ անգամ կալանավորելու իրավական անհրաժեշտությունն ու այն, թե արդյոք նրա կողմից հայտարարված հացադուլն իրականում էական նշանակություն ունեցե՞լ է մահվան մեջ։ Բայց մյուս կողմից էլ՝ Արթուր Սարգսյանի մահվան փաստը հանուն սեփական քաղաքական շահերի օգտագործելու պատրաստ քաղաքական ուժերին պետք է խիստ դատապարտել, եւ այս համատեքստում հենց հանրային կարծիքը պետք է հակադրվի նմանատիպ դրսեւորումներին։ Ջրառատում տեղի ունեցած զինված բախումը փորձ արվեց քաղաքական շահարկումների վերածել, բայց օրեր անց կոնկրետ այդ բախման արդյունքում տուժած անչափահաս քաղաքացու հայրը ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում հայտարարեց, որ այդտեղ քաղաքական ենթատեքստ փնտրել պետք չէ, եւ որ իրենք Լյովա Երանոսյանի հետ արդեն իսկ հաշտվել են եւ ցանկանում են վերջ դնել այդ պատմությանը։

Անմիջապես տուժած քաղաքացու հոր հարցազրույցից հետո լրագրողի հետ զրույցում Վարդան Օսկանյանը կրկին պնդեց, որ դա քաղաքական հետապնդում է եղել, եւ իրենք հետեւողական են լինելու այս դեպքի բացահայտման հարցում։ Այս դեպքին հաջորդած հրապարակային հայտարարություններից (Սամվել Բաբայանի մեկնաբանությունները, Վարուժան Ավետիսյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի տարածած հաղորդագրությունն ի պաշտպանություն ՕՐՕ դաշինքի՝ բռնությամբ հարցեր լուծելու ցանկության) պարզ երեւում է, որ այս ուժը, թերեւս գիտակցելով, որ իրենք հանրության շրջանում հեղինակություն չունեն, փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի թե՛ նախընտրական շրջանում եւ թե՛, առավել եւս, հետընտրական շրջանում ներքաղաքական ապակայունացում տեղի ունենա։ Եվ հաշվի առնելով, որ այս ուժին իրենց աջակցությունն են հայտնել ազատամարտիկներ, անգամ իրենց «Սասնա ծռեր» անվանած զինված խումբը, ապա կարելի է ասել, որ կան բոլոր հիմքերը կասկածելու, որ հետընտրական շրջանում կարող է «ՊՊԾ 2-ի» փորձ տեղի ունենալ։ Այս ամենը, հուսով եմ, լավ հաշվի են առնում համապատասխան մարմինները եւ գոնե այս անգամ ՀՀ պետականությանը սպառնացող վտանգները կկարողանան ժամանակին կանխել։

– Արդեն իսկ ծավալված քարոզարշավի բանավեճը հիմք ընդունելով՝ ի՞նչ եք կարծում, ապագա խորհրդարանի պատկերն էապես կտարբերվի՞ գործող խորհրդարանից։

– Առկա քաղաքական բանավեճի մակարդակն ուղղակիորեն անհամատեղելի է խորհրդարանական կառավարման համակարգի հետ։ Ընդհանրապես, կուսակցական համակարգի ներկայիս որակական հատկանիշները խորհրդարանական կառավարման համակարգը սպասարկելու համատեքստում, մեղմ ասած, բավարար չէ, իսկ քարոզարշավի որակն ու սպասվելիք ԱԺ ընտրությունների արդյունքներն այդ ամենի հետ համադրելուց հետո ակնհայտ է դառնում, որ եկող ԱԺ-ն որակական առումով էապես չի տարբերվելու ներկայիս ԱԺ-ից։

– Հետընտրական զարգացումներ կարելի՞ է կանխատեսել:

– Հետընտրական զարգացումների հավանականությունը պայմանավորված է կոնկրետ ընտրությունների անցկացման որակի հետ։ Եթե ներկայումս տեղի ունեցող նախընտրական քարոզարշավը համեմատենք նախկինում տեղի ունեցածների հետ, ապա անհնար է չնկատել, որ այս քարոզարշավի ընթացքում կա դրական տեղաշարժ բոլոր քաղաքական ուժերի համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելու տեսանկյունից։

Նոր Ընտրական օրենսգիրքը, իր ողջ թերություններով հանդերձ, այնուամենայնիվ, կարելի է կոնսենսուսային համարել, քանի որ դրա ընդունումը տեղի է ունեցել քաղաքական ուժերի երբեւէ եղած ամենալայն կոնսոլիդացիայի արդյունքում։

Հետեւաբար, ի տարբերություն նախկինում տեղի ունեցած համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավի, այս մեկը դեռեւս հետընտրական զարգացումների առիթ չի հանդիսանում, եւ հետընտրական զարգացումների հավանականությունը պայմանավորված է լինելու բուն ընտրական գործընթացն ապահովելու ընթացքի հետ։ Եթե ընտրության օրն արձանագրվեն այնպիսի խախտումներ, ինչպիսիք արձանագրվել են նախկինում տեղի ունեցածների պարագայում, ապա հետընտրական զարգացումներից հնարավոր չի լինելու խուսափել։ Վերոգրյալը վերաբերում է առողջ ուժերին, բայց, ինչպես արդեն նշեցի, հետընտրական զարգացումների, այսպես կոչված, լեգիտիմության հարցում այլ է մոտեցումը ՕՐՕ դաշինքի կողմից։

Այս ուժն արդեն իսկ ամեն ինչ անում է, որպեսզի կարողանա ապակայունացնել ներքաղաքական իրավիճակը, եւ, անկախ նախընտրական քարոզարշավի եւ ընտրությունների ընթացքում տեղի ունեցող իրադարձություններից, նրանք փորձելու են հետընտրական գործընթացներ ծավալել։ Բայց այս ուժի կողմից ինչպես ժողովրդի քվեն ստանալու, այնպես էլ ներքաղաքական ապակայունացում հրահրելու փորձերը դատապարտված են տապալման, քանի որ այդ փորձերը որեւէ կերպ չեն սպասարկվում ՀՀ քաղաքացիների լայն շրջանակների կողմից։

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 21.03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031